31 08 2019

Սեյրան Օհանյան. Հաղթանակի, հերոսության, մարտի 1-ի, 0038 հրամանի մասին



Սեպտեմբերի 2-ին տոնում ենք Արցախի Հանրապետության անկախության 28-ամյակը։

1991 թվականի այդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որն ընդունեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որին մասնակցեց բնակչության 80 տոկոսը և գրեթե միաբերան կողմ քվեարկեց անկախությանը։ Անկախության հռչակմանը զուգահեռ շարունակվում էր պատերազմը Ադրբեջանի դեմ։ Ի վերջո, 1994 թվականին նաև կնքվեց զինադադարը։

Անկախության հռչակումն ու պատերազմում Ադրբեջանի պարտությունը եղավ մեր հերոսների շնորհիվ։

Անկախության 28-ամյակի առթիվ փորձել ենք թերթել պատմության հերոսական այդ էջը՝ Հայաստանում և Արցախում հարցազրույցներ կազմակերպելով Արցախի հերոսների հետ։

Yerevan Today-ը ներկայացնում է հարցազրույց Արցախի հերոս, Հայաստանի ու Արցախի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Սեյրան Օհանյանը ծնվել է 1962 թվականին, Շուշիում: 1979 թվականին ավարտել է ՀՀ այժմ կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցը։ Այնուհետև սովորել է Բաքվի բարձրագույն ռզմական համազորային հրամանատարական ուսումնարանում: 1983 թվականին ծառայության է մեկնել Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերի զորախումբ։ 1988 թվականի հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին։ Այնուհետև նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի, ապա՝ հրամանատարի պաշտոնին։

1992 թվականի ապրիլից ծառայությունը շարունակել է ԼՂՀ պաշտպանության բանակում։ Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին։

1992 թվականի դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին։

1994 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը։ 1998-99թթ. Եղել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարը, 1999-ի օգոստոսից՝ ԼՂՀ պաշտպանության նախարար, մեկ տարի անց՝ նաև պաշտպանության բանակի հրամանատար։

2007թ. Մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շգաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Մեկ տարի անց նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար: Պաշտոնավարել է մինչև 2016 թվականը:

Սեյրան Օհանյանը ամուսնացած է, ունի երեք որդի և մեկ դուստր։

Սեյրան Օհանյանը գեներալ-գնդապետ է: Արժանացել է ԽՍՀՄ, Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլ երկրների պարգևների՝ Մարըական Խաչ, 1-ին աստիճան, Տիգրան մեծ Դրաստամատ Կանայան, Մարշալ Բաղրամյան, Հանուն Շուշիի ազատագրման, Ժուկովի և այլ շքանշանների ու մեդալների:

Արցախի հերոս կոչմանն արժանացել է 1999 թվականին:

Սեյրան Օհանյանի հետ խոսել ենք մարտական ուղու, պատերազմի հերոսական ու հաղթանակի պահերի, ամենահիշարժան մարտերի, ամենադաժան ու վատ պահերի, կոչումների արժանանալու, ապրիլյան պատերազմի, ինչպես նաև նոր իրողությունների՝ ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի, իր նկատմամբ տարբեր հայտրարությունների ու մեղադրանքների, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործի, 0038 հրամանի և այլնի մասին:

«Մասնագիտություն ընտրելիս չեմ պատկերացրել, որ մի օր կարող եմ ծառայողական ընկերների հետ հանդիպել մարտի դաշտում, այն էլ՝ տարբեր բարիկադներում: Ո՞ւմ էի ես պետք, եթե իմ մասնագիտությունը պետք է չօգտագործեի հայրենիքի համար»,- ասում է գեներալ Օհանյանը:

Արցախի հերոսը հաջողությունների գրավական է համարում ղեկավարների անձնական օրինակը. Որևէ ղեկավար ընտանիքը պատերազմի շրջանում Արցախից դուրս չի տարել, ինչը լավ օրինակ էր արցախցիների համար:

«Որքան էլ փորձենք միայն թերություններ գտնել այս 30 տարիների մեջ, այնուամենայնիվ, մենք կարողացել ենք իշխանության բոլոր թևերը ձևավորել: 30 տարիներին ձևավորված դրական հենքի վրա պետք է մեր գործունեությունը կազմակերպենք»,- ասում է Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ամեն ինչում բացասական տեսնող այսօրվա իրողությանը: Ջնջել 30 տարվա պատմությունն ու հերոսությունները, մենք կդառնանք դժբախտ ազգ, որովհետև կգան մարդիկ, որոնք կջնջեն հաջորդ տարիները: Մենք չենք կարող ջնջել մեր պատմությունից արցախյան ազատամարտը, որտեղ կարողացել ենք Արցախի ինքնորոշումը պահպանել:

Ուշագրավ զրույցն առաջարկում ենք դիտել տեսանյութում:

Հարցազրույցների շարքի այլ նյութերը՝

Արցախի հերոս, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասնակցությամբ նախորդ թողարկումը՝ այստեղ:

Արցախի հերոս, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ զրույցը՝ այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ