Սեպտեմբերի 2-ին տոնում ենք Արցախի Հանրապետության անկախության 28-ամյակը։
1991 թվականի այդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որն ընդունեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որին մասնակցեց բնակչության 80 տոկոսը և գրեթե միաբերան կողմ քվեարկեց անկախությանը։ Անկախության հռչակմանը զուգահեռ շարունակվում էր պատերազմը Ադրբեջանի դեմ։ Ի վերջո, 1994 թվականին նաև կնքվեց զինադադարը։
Անկախության հռչակումն ու պատերազմում Ադրբեջանի պարտությունը եղավ մեր հերոսնորի շնորհիվ։
Անկախության 28-ամյակի առթիվ փորձել ենք թերթել պատմության հերոսական այդ էջը՝ Հայաստանում և Արցախում հարցազրույցներ կազմակերպելով Արցախի հերոսների հետ։
Yerevan Today-ի առաջին հյուրը Արցախի հերոս, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանն է։
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ծնվել է 1954թ․մարտի 20-ին, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում։ 1966 թվականին Մարտիրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1971 թվականին ավարտել է Երևանի թիվ 122 ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը։ 1971-1972 թվականներին սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրա-տեխնիկական բաժնում, որից տեղափոխվել է Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարան՝ այն ավարտելով 1976 թվականին։ Ուսումնառությունից հետո ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Եղեգնուտ գյուղում։ Այնուհետև զինծառայության է զորակոչվել սովետական բանակ։ 1978-1980 թվականներին աշխատել է Արդյունաբերության Նախարարությունում։ 1980 թվականին ընդունվել է Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարան, 1984 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է այն։ 1983 թվականին ձեռնադրվել է սարկավագ, 1985թ․՝ կուսակրոն քահանա։ 1987 թվականին ստացել է Աստվածաբանության դոկտորի աստիճան։ 1987 թվականին նշանակվել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայր։ 1987 թվականի ապրիլ ամսին ստացել է Վարդապետի, 1988 թվականին՝ Ծայրագույն Վարդապետի աստիճան։ 1988 թվականի նոյեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1989 թվականի մարտին Պարգև եպս. Մարտիրոսյանը նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ։ 1999 թվականի մայիսի 29-ին ձեռամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պարգև Սրբազանին շնորհվել է արքության պատիվ։
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը 3 աշխատությունների և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Պարգև սրբազանը նաև հանդիսանում է Հայաստանի «Շոտոկան Կարատեի Ֆեդերացիայի» պատվավոր նախագահը։
Պարգև սրբազանն «Արցախի հերոս» է։ Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», «Վաչագան Բարեպաշտ», «Գրիգոր Լուսավորիչ», «Մարշալ Բաղրամյան» և այլ մեդալներով ու շքանշաններով։
Զրուցել ենք պատերազմի տարիների, հետպատերազմյան շրջանի, հերոսացումների, ամենադաժան, սարսափելի պահերի ու արդյունքում հաղթելու, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո գեներալների, արցախյան ազատամարտի հերոսների նկատմամբ ընդգծված քաղաքականության, ազգային տուրքի և այլնի մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը