27 04 2019

Եթե բան փոխվել է, փոխվել է քայլարածների կյանքում

Եթե բան փոխվել է, փոխվել է քայլարածների կյանքում

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․

«Արարատ Միրզոյանը Yerevan.Today-ին մեղադրում է օբյեկտիվ չլինելու մեջ։ Զարմանալի չէ, ու նոր երևույթ չէ, որ իշխանության ներկայացուցիչը, ավելին, պետության ոչ երկրորդական պաշտոնյաներն իրենց սխալներն անողոք կերպով ներկայացնող լրատվամիջոցներին մեղադրում են պատվեր կատարելու, գաղջ մթնոլորտ տարածելու և այլ մեղքերի մեջ։ Բոլոր ժամանակների ու բոլոր երկրների իշխանավորներին հատուկ է նման մտայնություն տարածելը։

Շաբաթական երկու-երեք անգամ հարցում ենք անում Երևանի փողոցներում՝ հասկանալու համար, թե ինչպես է ապրում քաղաքացին, բարեփոխվե՞լ է վիճակը, թե՞՝ ոչ։ Տեսանյութում հրապարակում ենք գրեթե բոլոր պատասխանները, բացի նրանցից, որոնք վատ բառապաշարով են դիմում (հայհոյում են) իշխանություններին։ Ակնհայտ է, որ մարդիկ շարունակում են վատ ապրել։ Հարցումի կարիք էլ չկա, յուրաքանչյուրն ինքն իր մաշկի ու իր շրջապատի օրինակով է տեսնում։

Հիմա Արարատ Միրզոյանը վերապահում ունի մեր օբյեկտիվության վերաբերյալ։ Ու ասեմ, թե ինչու։ Էսօրվա իշխանության ներկայացուցիչներին թվում է, թե Հայաստանի միակ պրոբլեմը Սերժ Սարգսյանն էր, ու եթե Սերժը փոխվել է Նիկոլով, Արա Բաբլոյանը Արարատ Միրզոյանով, Վաչե Գաբրիելյանը Տիգրան Ավինյանով, Վարդան Հարությունյանը Դավիթ Անանյանով, Գեորգի Կուտոյանը Արթուր Վանեցյանով, Հայաստանի պրոբլեմները լուծվել են։ Ու անգամ չեն մտածում, որ էսօրվա իշխանությունը կուտակած խնդիրներին կուտակել է էլ ավելի մեծ պրոբլեմ՝ անփորձ ու սոված պաշտոնավորի հարցը։

Տեղի է ունեցել պաշտոնափոխություն, մարդիկ գնացել են պաշտոնի, կտրուկ առաջխաղացում են ունեցել, աշխատավարձը կրկնապատկվել-եռապատկվել է, երթուղայինով աշխատանքի գնալու փոխարեն ծառայողական մեքենայով են գնում, քաղաքացիների մարդկանց հետ շփումները հասցրել են նվազագույնի (զբաղվածության պատճառով), ու արդյունքում, քանի որ իրենց կյանքը փոխվել է, սոցիալական դրությունը՝ բարելավել, ԱԺ նախագահ են արդեն, չգիտես թե ինչի պետ են արդեն, կանխիկով հեռուստացույց են գնում, այցելում են ամենաթանկ կահույքի խանութները, իրենց թվում է, թե փոխվել է նաև բոլորի կյանքը։ Այ եթե Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՔՊ-ականները գլխապտույտ հաջողություն ու առաջընթաց չունենային, ու շարունակեին կյանքը շարքային քաղաքացու սոցիալական կարգավիճակով, էդ ժամանակ կհասկանային, որ չի փոխվել ոչինչ։ Իսկ այսօր եթե փոխվել է բան, ուրեմն փոխվել է Միրզոյան Արարատի, Փաշինյան Նիկոլի ու քայլարածների թիմի կյանքում։

Ու նա զարմանում է՝ եթե նվազագույն թոշակը հասցրել ենք 25 հազար դրամի, թոշակառուն ինչո՞ւ է բողոքում։ Դե արի՝ մտածի։ Գուցե լավ մտածելուց հետո հասկանալի լինի, թե ինչու մեկ տարի առաջ այս օրերին հարյուր հազարավոր մարդիկ էին նույն փողոցներում պահանջներ ներկայացնում, իսկ այսօր ընդամենը մի փոքր մասն է եկել իր «հաջողությունը» տոնելու, ու ընդամենը մեկը՝ խորովածով։

Այ սրա համար էլ Արարատին թվում է, թե բոլորն ուրախությամբ մասնակցում են քաղաքացու օրվան, բոլորը ուրախ են, գոհ, երջանիկ, մենակ Yerevan Today-ն է, որ վատ բաների մասին է գրում։ Ոչ օբյեկտիվորեն։

Հետաքրքիր է՝ Արարատ Միրզոյանի չափանիշներով օբյեկտիվ պատկերը ո՞նց է ստացվում՝ Լուլուի ներկայացրած լրատվամիջոցների նախնական ցանկի՝ «ՀԺ»-ի, «Ազատության» ու «Հ1»-ի էջերից ու էկրանների՞ց, թե՞ աշխատասենյակների պատուհաններից։

Հենց քաղաքացուց այս հեռվացումն է, որ իշխանությանը կտրում է իրականությունից, ու դա կարող է հանգեցնել նրան, որ հաջորդ տարի այդ տոնը եթե անգամ նշվի օրացուցային կարմիրով, ապա՝ կանցնի առանց այս թիմի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ