Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա ուժեղացումը նշանակում է տնտեսական պատերազմի հայտարարում: Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եվ այդ պատերազմին անհրաժեշտ կլինի արձագանքել՝ տնտեսական, քաղաքական, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ մեթոդներով: Եվ մեր ամերիկացի ընկերները պետք է դա հասկանան»,- նշել է նա: Մեդվեդևը հավելել է, որ պատժամիջոցներն այսպես թե այնպես կազդեն երկրի տնտեսության վրա, այդ թվում՝ արժույթի տատանման:
ՌԴ վարչապետը հիշեցրել է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցներ նախկինում ևս բազմիցս կիրառվել են:
«Մեր երկիրը վերջին 100 տարվա ընթացքում գոյատևել է մշտական պատժամիջոցային ճնշման տակ: Ինչի՞ համար է դա արվում: Նրա համար, որպեսզի Ռուսաստանին հանեն միջազգային հարթակի հզոր մրցակիցների շարքից»,- նշել է Դմիտրի Մեդվեդևը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը «վատ չէր զարգանում» 20-րդ դարի սկզբին՝ «չնայած խորհրդային ժամանակաշրջանի բոլոր դժվարություններին, կային բուռն զարգացման ժամանակաշրջաններ, և դա շատերին դուր չէր գալիս, առաջին հերթին ԱՄՆ-ին և նրա մի շարք դաշնակիցներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը