Հուլիսի 3-ին հայտրարվեց, որ ձերբակալվել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը:
Այնուհետև հայտարարություն տարածեցին քննչական կոմիտեն և ոստիկանությունը: Ըստ քննչական կոմիտեի՝ 2018 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «աջակողմյան եզրային պնևմոթորաքս (կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն), 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի աջ կեսով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի մի բնակիչ՝ ծնված 1968թ:
Նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր:
50-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Վերջինիս ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Էդուարդ Բաբայանը, ով վարույթն իրականացնող մարմնին ներկայացել է որպես Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական:
Ոստիկանությունն էլ հայտնեց, որ ըստ տուժողի՝ Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա են եղել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։
Սակայն կատարվածը հետագայում հերքվեց: Նախ տուժողի կինը հայտարարեց, թե իր ամուսինը ընկել է: Հետո տուժողն ինքը՝ Վյաչեսլավ Հարությունովը «Կենտրոն» հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում ասաց, թե որևէ խնդիր չունի Ծառուկյանի հետ, ավելին՝ «ախպոր պես» են: Ինչ վերաբերում է վնասվածքներն ընկնելու հետևանքով ստանալուն, ասաց. «Ընկել եմ, բա ի՞նչ եմ արել»:
Միջադեպի առիթով ՀՔԾ հրավիրված՝ Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց, թե ներկա չի եղել նման միջադեպի. «Ձեր ասած միջադեպին ո'չ ներկա եմ եղել, ո'չ էլ` ականատես»:
Նա չցանկացավ մանրամասնել, թե ինչ է հաղորդել Քննչական կոմիտեին` ասելով, թե դա նախաքննական գաղտնիք է:
Նախարարը պնդեց` ճանաչում է տուժողին, սակայն իր ներկայությամբ որևէ խնդիր չի եղել:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց. «Եթե կարելի է սայթաքելով այդպիսի մարմնական վնասվածք ստանալ, խնդիր չկա: Ամեն երրորդը կարող է հանրապետությունում նման վնասվածքներով ման գա՞: Չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է: Մենք տուժողի հաղորդման հիման վրա ենք հայտարարություն տարածել, այնպես չի, որ մենք մոտավոր ենք գործում, իսկ թե հետո ինչ եղավ, ինքներդ կարող եք հասկանալ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը