«Հրապարակ» թերթը գրում է. «Երևան-Սևան ավտոճանապարհին, ՀՀ նախկին ՃՈ հենակետի` Աբովյանի Գայի պոստի մոտ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ուղեփակոց է տեղադրում։ Բնականաբար, ճանապարհի երկայնքով տեղակայված խանութների, սննդի կետերի տերերը գոհ չեն, քանի որ ուղեփակոցը փակում է դրանց դիմային մասը, դժվարացնելով մուտքը օբյեկտներ։
Եւ նշված օբյեկտների տերերը երեկ փորձել են պարզաբանումներ պահանջել, ինչն ավարտվել է ոստիկանական ուժերի հետ դաժան մարտերով։ «Զովք» սուպերմարկետի աշխատողները, որոնց չի ներկայացվել մայրուղում ուղեփակոց տեղադրելու որոշումը, անհնազանդության ակցիա են իրականացրել, ձեռքերը վեր` կանգնելով ճամփեզրին։ Նրանց ծեծելով, ձեռքերը ոլորելով ու քաշքշելով բերման են ենթարկել Աբովյան քաղաքի ոստիկանություն, և այնտեղ պահել են մի քանի ժամ, բաց են թողել միայն երեկոյան 17․00-ի սահմաններում։
Իր գործողությունների կապակցությամբ ոստիկանությունը երեկ պարզաբանեց, թե «Երևան-Սևան ավտոճանապարհի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով» ուղեփակոց է տեղադրվում Սեւան -Երեւան ավտոմայրուղու Վերին Պտղնիի հատվածում, ոստիկաններն էլ հասարակական կարգն են ապահովում։
«15 անձ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանության Կոտայքի բաժին /Ոստիկանության զորքերի օրինական պահանջը չկատարելը- Ս․Ս․/։ Սա որևէ կերպ որևէ տնտեսվարողի գործունեությունը խոչընդոտելու նպատակ չի հետապնդում, ապահովվում է ավտոճանապարհի բնականոն երթևեկությունը, երթևեկության մասնակիցների անվտանգությունը միջպետական ճանապարհի կողային հատվածում», - ասված է ոստիկանության պատասխանում։
Թե ինչու են մարդկանց ծեծել-ջարդել, վնասվածքներ հասցրել, ձեռք ու ոտք ոլորել, չի բացատրվում։ Չի ասվում նաև, թե ինչու չեն ներկայացրել տնտեսվարողին, այսինքն, «Զովքի» ղեկավարությանը, պետական մարմնի որոշումը, որով սահմանված է տվյալ վայրում ուղեփակոց տեղադրելու փաստը եւ հիմնավորումը։ Մինչդեռ խանութի աշխատողները հենց այդ փաստաթուղթն են պահանջել, և ամենևին չեն խանգարել իրենց աշխատանքներին։
«Մենք չենք ասում՝ մի դրեք էդ պատնեշը։ Ընդամենը ասում ենք՝ գծագիր կա՞, որ տեսնենք, որտեղ է սկսվում, որտեղ է ավարտվելու պատնեշը», - ասում է «Զովք» առևտրի ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։ Հիմա պատնեշը ձեր խանութի դիմացը փակե՞լ է։ «Միայն մերը չէ, երևի, 800 մետր տեղ բոլոր տնտեսվարողների դիմացը փակել են։ Բայց մի հատ հասկանանք, եկել են, ասում են՝ հասարակական կարգ ենք պաշտպանում, նրանք անկարգության կարգ են պաշտպանում, հենց իրենք են անկարգություն անում։ Հիմք ենք ուզում, չեն տալիս», - նշեց Ռաֆայել Խաչատրյանը։
Նրա հետ խոսեցինք, երբ Աբովյանի քաղմասից իր փաստաբանի հետ ուղևորվում էր դատաբժշկի մոտ։ «Ես գնում են դատաբժիշկների մոտ, որովհետև ինձ դաժանաբար ծեծել են։ Գլխիս են հարվածներ հասցրել, վիրահատված մեջքիս, արյունոտ վերքեր կան մարմնիս, ձեռքս է վնասված, չեմ էլ զգացել, ինչով են խփել։ Մեջքիս հարվածելով, մի քանի հոգով տանում էին, իրենց ասում եմ՝ մի խփեք, ես բան չեմ անում, տանում եք, գալիս եմ, խի՞ եք ծեծում։ Ծեծելով մտցրին ավտոները, մի 20-40 մարդ, ես չեմ էլ տեսել ստույգ քանի հոգի են տարել։ Սրանով չի ավարտվելու», - ասում է Ռաֆայել Խաչատրյանը։ Ըստ նրա, Կոտայքի մարզի ոստիկանապետն անձամբ է մասնակցել քաշքշուկին եւ ինքն էլ ոչ պատշաճ բառեր օգտագործել։ «Խանութի մեջ կանգնած եմ, ասում եմ՝ սա մեր իրավաբանն է, կլսե՞ք մեր իրավաբանին։ Հազար ներողություն, բառացի ցիտում եմ իր խոսքերը՝ սիկտիր եղի։ Բրդեց ինձ, բա՝ «զախվատ արեք սրան»։ Ու տենց` ծեծելով, ոտքերով, ձեռքերով, բռունցքով հարվածելով, տարան խանութի դեմից։ Բոլոր տեսանյութերը կան», - ասում է ցանցի փոխտնօրենը։
Նա պատրաստվում է հաղորդում ներկայացնել ոստիկանների բռնությունների վերաբերյալ։ «Զովք» սուպերմարկետների ցանցն արդեն տևական ժամանակ է իշխանության թիրախում է։ Քանի որ այն աչքի է ընկնում համեմատաբար էժան գներով, իշխանությանը կից գործող օլիգարխները հավանաբար փորձում են մրցակցին մեջտեղից հանել։ Անցյալ տարեվերջին այստեղ խուզարկություններ էին իրականացրել, «Զովքին» մեղադրում էին հարկերը թաքցնելու մեջ, խուզարկություններ իրականացրեցին։ Ի՞նչ շարունակություն ունեցավ այդ պատմությունը։ «Որևէ շարունակություն չունեցավ, - ասում է Ռաֆայել Խաչատրյանը, - քանի որ մեղսագրում էին արարք, որը չէին կարողանում հիմնավորել՝ հարկեր թաքցնելը»։ Այնուամենայնիվ, ըստ որոշ լուրերի, սուպերմարկետների ցանցը խոշոր տուգանք է վճարել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը