03 07 2018

Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարվածներ է հասցրել Գագիկ Ծառուկյանը



ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

2018 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «աջակողմյան եզրային պնևմոթորաքս (կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն), 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի աջ կեսով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի մի բնակիչ՝ ծնված 1968թ:

Նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, քննչական բաժնի պետի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

50-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Վերջինիս ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Էդուարդ Բաբայանը, ով վարույթն իրականացնող մարմնին ներկայացել է որպես Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կասկածյալի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալներն ստուգելու ուղղությամբ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին ՔԿ-ն կտեղեկացնի լրացուցիչ:

Նշենք, որ Էդուարդ Բաբայանը Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության ղեկավարն է:

***

Ոստիկանության հաղորդագրության մեջ էլ ասվում է. Հուլիսի 2-ին՝  ժամը 21:30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։ 

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի և այլ ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել է, նախնական տվյալներով, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում։ Դահլիճում արնանման հետքեր են հայտնաբերվել ու վերցվել՝ փորձաքննության համար։ 

Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա են եղել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։ 

Տուժողի խոսքով՝ որդին, որը Ռուսաստանի քաղաքացի է, բռնցքամարտիկ է, աշխարհի չեմպիոն։ Հաղթանակների դիմաց Գագիկ Ծառուկյանը պարգևներ է խոստացել, սակայն որդին Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո հետախուզվում է՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով։

Էդուարդ Բաբայանին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության ծառայողները ծավալուն հետախուզական և այլ միջոցառումներ սկսեցին ձեռնարկել, ինչի արդյունքում՝ դեպքից ժամեր անց Բաբայանը ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նա, որպես կասկածյալ, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ