«Տասնյակ լրատվամիջոցներ մինչ այս պահը զանգում են մեզ` փորձելով հասկանալ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանի այսօրվա միջոցառումներին չներկայանալու պատճառը: Եվ արդյոք նա առհասարակ եղել է հրավիրված անձանց ցուցակում թե ոչ:
Պաշտոնապես հայտարարում եմ՝ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ և որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ: Եվ այո, Պարոն Բաբլոյանի համար նստատեղ նախատեսված է եղել թե՛ Սարդարապատի օթյակում, և թե՛ քիչ անց տեղի ունենալիք համերգի պարտերում»,- ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցությունը դժգոհություն է արտահայտում, որ Առաջին Հանրապետության օրը կազմակերպված միջոցառումներին ՀՀԿ-ական պատգամավորների և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի չմասնակցելը պայմնավորված է չհրավիրելով:
Ինչպես նշել էին ՀՀԿ խմբակցությունից, Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին ԱԺ 58 հոգանոց «Հանրապետական» խմբակցությունից հրավիրվել է 3 պատգամավոր՝ Արա Բաբլոյանը, այն էլ ոչ թե որպես ԱԺ նախագահ, այլ ՀՀԿ անդամ, Վահրամ Բաղդասարյանը և Ֆելիքս Ցոլակյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը