20 04 2018

Փողոցների փակումը կենտրոնից տարածվում է Երևանով մեկ. Ապրիլի 20-ի բողոքի ցույցերը. Լուսանկարներ. Թարմացվում է

Փողոցների փակումը կենտրոնից տարածվում է Երևանով մեկ. Ապրիլի 20-ի բողոքի ցույցերը. Լուսանկարներ. Թարմացվում է

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության հավաքների մասնակիցները ապրիլի 20-ի վաղ առավոտից սկսեցին ճանապարհներ փակել: Ժամը 7:30-ից սկսած փակ էր Երևանի Վաղարշյան-Սունդուկյան փողոցների խաչմերուկը: Այդ հատվածում կայանել են մեքենաներ, որոնք թույլ չեն տալիս մյուսներին երթևեկել և կոչ են անում միանալ իրենց: Քիչ անց ոստիկաններ ժամանեցին և սկսեցին կարգավորել են երթևեկությունը:

Ցուցարարներն այնուհետև փակեցին Գյուլբենկյան փողոցը: Կին վարորդը փողոցի մեջտեղում կայանեց մեքենան և միացավ ցուցարարներին: Ոստիկանները դիմադրությունից հետո նրան բերման ենթարկեցին:

Նշենք նաև, որ ժամը 10:00-ի դրությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ է բերվել 26 անձ: Ինչ վերաբերում է ակտիվիստ Դավիթ Սանասարյանին, ոստիկանությունից հայտնում են, որ նա բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քայլում են Գյուլբենկյան փողոցով դեպի Կոմիտասի պողոտա:

Նշենք, որ «Քայլ արա» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 19-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ավարտին հայտարարեց, որ սկսում են ցանցային գործողությունները, փակում են մայրաքաղաքի տարբեր հատվածներ:

 ***

11:15

Երթի մասնակիցները հասել են Դավթաշեն վարչական շրջան: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այստեղ մի փոքր կանգ կառնեն, որպեսի Դավթաշենի այն բնակիչները, ովքեր անկանում են միանալ ցույցին, հնարավորություն ունենան միանալու:

Երթի մասնակիցները նստել են Տիգրան Պետրոսյանի արձանի մոտ և 15 րոպե շարունակելու են մնալ այդտեղ: Երթն ուղեկցվում է ոստիկանության կողմից:

 ***

Բերման ենթարկվածների թիվը մեծանում է

Ժամը 11:00-ի դրությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ է բերվել 52 անձ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից:

***

Ոստիկանության հայտարարությունը

«Ապրիլի 20-ին առավոտից մայրաքաղաքում ապօրինի հավաքի մասնակիցները տարբեր խմբերով, հետևելով հավաքի կազմակերպիչների կողմից ավելի վաղ արված կոչերին, Երևանի տարբեր հատվածներում փակում են փողոցները, իրականացնում հարակից շենքերի ու շինությունների ազատ ելումուտին, այլ քաղաքացիների, ավտոտրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժին խոչընդոտող հակաօրինական գործողություններ:  Հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ հավաքի մասնակիցը պարտավոր է չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների մուտքն ու ելքը: 

Նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Ոստիկանությունը պարտավոր է ապահովել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածք ազատ մուտքն ու ելքը: 

Կոչ ենք անում ապօրինի հավաքի մասնակից քաղաքացիներին հետևել օրենքով սահմանված իրենց պարտականությունների պատշաճ կատարմանը, չխոչընդոտել ոստիկանության իրավաչափ լիազորությունների իրականացմանը՝ վերոնշյալ իրավախախտումները կատարելու համար համաչափ իրավական ներգործության միջոցների կիրառումից խուսափելու նպատակով:  Միաժամանակ ոստիկանությունը պատրաստակամ է աջակցել խաղաղ հավաքի անցկացմանը, այնպիսի վայրում, որը չի հանգեցնում այլոց իրավունքների, ազատությունների անհամաչափ սահմանափակման»:

***

Տեսանյութ, թե ինչպես է ոստիկանության գնդապետը բռնություն կիրառում լրագրողի նկատմամբ

Երևան-Աբովյան ճանապարհահատվածում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության բաժին բերման ենթարկվեց լրագրող Տիրայր Մուրադյանը: Ոստիկանության գնդապետը, հարված հասցնելով Տիրայրին, ով այդ պահին պատասխանում էր լրագրողների հարցերին, հրահանգեց ոստիկաններին, որ տեղափոխեն նրան բաժին: Նշենք, որ նա լրագրողի տարբերանշանով էր: Ոստիկանները պատճառաբանեցին, որ նա խոչընդոտում է իրենց աշխատանքին և տանում են բաժին ինքնությունը պարզելու:

Տիրայրն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ իրեն տանում են անհայտ ուղղությամբ:

Նշենք, որ Տիրայր Մուրադյանը ապրիլի 19-ին բռնության էր ենթարկվել իր խոսքով՝ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից և երեկոյան էր դուրս գրվել հիվանդանոցից:

 

12:00

1 համարի ավտոբուսով ոստիկանները բերման են ենթարկում

Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել ցուցարարներին: Նշենք, որ հիմնականում բերման են ենթարկում ոչ ոստիկանական մեքենաներով: Ժամը 12:00-ին ոստիկանները բերման ենթարկեցին Ազատության պողոտան փակած ցուցարարներին և բացեցին պողոտան:

Նրանք ցուցարարներին տեղափոխեցին 1 համարի ավտոբուս: Նախնական տվյալներով, այդ հատվածում բերման ենթարկվածները տասն են:

***

12:28

Երթի մասնակիցները Դավթաշեն համայնքից` Եղվարդի խճուղով, շարժվում են դեպի Աջափնյակ: Ցուցարարների մի խումբ էլ, որոնք հիմնականում երիտասարդներ են, ցույց են իրականացնում Մաշտոցի պողոտայում: Նրանք երթով շարժվում են Ամիրյան փողոց: Ոստիկանները կոչով դիմեցին նրանց չխոչընդոտել երթևեկությանը և նշեցին, որ նրանց երթն անօրինական է:

***

Ոստիկանությունը հայտարարում է քաղաքացիական հագուստով ծառայողներին հանձնարարված աշխատանքի մասին

Ապրիլի 20-ին ցուցարարները Երևանի տարբեր հատվածներով ցույցեր և երթեր են իրականացնում: Փակ էր նաև Երևան-Աբովյան ճանապարհը: Այս ամբողջ ընթացքում Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել ցույցի մասնակիցներին: Նշենք, որ ժամը 12:00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 56 է:

Նշենք նաև, որ առավոտյան բերման էին ենթարկվել նաև Դավիթ Սանասարյանը, Նիկոլ Փաշինյանի որդին, լրագրող Տիրայր Մուրադյանը: Ավելի ուշ Ոստիկանությունից հայտնեցին, որ նրանք արդեն ազատ են արձակվել: Նկատենք նաև, որ քաղաքացիներին հիմնականում բերման են ենթարկում քաղաքացիական, առանց պետհամարանիշի մեքենաներով, ավտոբուսներով:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ ֆեյսբուքի իր էջում գրել է, որ քաղաքացիական զգեստներով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են, որոնց գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը. «Պայմանավորված Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից հասարակական կարգը խախտող խմբային գործողություններով, ոստիկանությունը ներկա պահին իրականացնում է ոչ միայն հասարակական կարգի պահպանության, այլև հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման, խափանման գործողություններ: Նշված գործողությունների ընթացքում ոստիկանությունը կարող է օգտագործել նաև այլ ուժեր:  Հայտարարում ենք, որ քաղաքացիական զգեստներով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են, որոնց գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը:  Հիշեցնում ենք, որ վերջին օրերին ոստիկանությունը հրապարակել է մեկ տասնյակից ավելի հայտարարություններ և հաղորդագրություններ, որոնք տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով: Մասնավորապես, բազմիցս նախազգուշացվել է, որ փողոցներ փակելը, երթևեկությանը խոչընդոտելը, ինչպես նաև այդպիսի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջները չկատարելը իրավախախտումներ են, որոնք կկանխվեն և կխափանվեն ոստիկանական հարկադրանքի միջոցներով: Ոստիկանությունը պարզաբանում է հավաքի իրավախախտ մասնակիցներին, որ ոստիկանության կողմից վերը հիշատակված բազմաթիվ նախազգուշացումները, կոչերը և հայտարարությունները դրանք հրապարակելու ուժով արդեն իսկ հանդիսանում են պաշտոնապես ներկայացված օրինական պահանջներ, որպիսի փաստի առկայությամբ՝ դրանց չկատարումը իրավաչափորեն հանգեցնելու է բացասական իրավական հետևանքների»:

 

***

13:10

«Սինոփսիս Արմենիա» ընկերության աշխատակիցները փակել են Արշակունյաց պողոտան:

Նրանց միացան նաև փողոցով երթ իրականացնող ցուցարարաները:

Այդ հատվածում գտնվող որոշ ընկերությունների աշխատակիցներ ևս միանում են ցուցարարներին:

***

13:00

Բերման ենթարկվածների թիվը 107 է

***

13:30

Բեռնատարները փակել են ճանապարհը

Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարժվեցին դեպի Կիևյան կամուրջ, որտեղ երեք բեռնատարների վարորդներ փակել են ճանապարհը: Հիշեցնենք, որ ապրիլի 19-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել բեռնատարների վարորդներին դուրս գալ և փակել փողոցները, քանի որ դրանք տեղափոխելու քարշակներ Ոստիկանությունը չունի:

Բանալիներով փակելով բեռնատարների դռները՝ վարորդները միացել են ցուցարարներին:

***

Սինոփսիս. Մեր բիզնես նպատակները կապ չունեն քաղաքական գործընթացների հետ

Սինոփսիս ընկերությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Հայաստանում ծավալվող քաղաքական իրադարձությունների հետ:

«Սինոփսիսը, լինելով վերազգային ընկերություն, որի գլխամասային գրասենյակը տեղակայված է Սիլիկոնային հովտում, կրում է եւ հետեւողականորեն հավատարիմ է իր արժեքներին եւ բիզնես նպատակներին, որոնք բացարձակապես կապ չունեն որեւէ երկրում քաղաքական գործընթացների հետ։

Միեւնույն ժամանակ, Սինոփսիսն ընդունում է իր աշխատակիցների ազատ կամքի դրսեւորման իրավունքը՝ գտնելով, որ նրանք ազատ են արտահայտելու իրենց քաղաքացիական դիրքորոշումներն ու առաջնայնությունները։

Սինոփսիսը լիահույս է, որ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ու ակցիաները չեն խաթարի ընկերության բիզնեսի բնականոն ընթացքը եւ իր աշխատակիցների անվտանգությունը, ինչի ապահովումը միշտ եղել եւ մնում է ընկերության գերակա առաջնահերթություն»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:

14:50

Երևանի Արշակունյաց փողոցում երկու վարորդներ հորիզոնական կայանել էին մեքենան: Ճանապարհը բացելու ոստիկանների բազմաթիվ կոչերը անպատասխան մնացին: Որոշ ժամանակ անց քարշակները եկան և տեղափոխեցին մեքենաները, որից անմիջապես հետո ևս մեկ վարորդ եկավ և փակեց ճանապարհը: Ոստիկանները սեփական ուժերով հեռացրին մեքենան, իսկ վարորդին բերման ենթարկեցին, որի ընթացքում վատացավ նրա ինքնազգացողությունը, և նա ուշաթափվեց:

***

166 բերման ենթարկված

Ժամը 14.00-ի դրությամբ, բերման է ենթարկվել 166 քաղաքացի:

***

Ոստիկանությունն ստիպված է լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն. ոստիկանություն

Ոստիկանությունը հերթական հայտարարությունն է տարածել, որում ասվում է.

«Չնայած ՀՀ ոստիկանության կոչերին և բազմաթիվ հորդորներին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են «Հավաքների ազատության մասին» օրենքի ակնհայտ խախտումներով ուղեկցվող հավաքները, որոնք շարունակում են լրջորեն խոչընդոտել երթևեկությանը, անհամաչափ կերպով սահմանափակել այլոց ազատ տեղաշարժի և այլ իրավունքների և ազատությունների իրացմանը:

Հավաքի կազմակերպիչների և մասնակիցների ապօրինի գործողությունները հանգեցնում են Ոստիկանության կողմից հասարարական կարգի վերականգնմանը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված իր անմիջական պարտականությունների կատարմանը՝ իրավախախտ քաղաքացիների նկատմամբ իրավական համաչափ ներգործության միջոցների կիրառմամբ: Առավել վտանգ են ներկայացնում հավաքի կազմակերպիչների անօրինական կոչով ավտոմեքենաներով քաղաքի բանուկ փողոցներն արգելափակելու գործողությունները, որոնք վտանգում են երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը: Ոստիկանությունն ստիպված է լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն՝ իրավախախտումները խափանելու ուղղությամբ:

Ապօրինի հավաքի ճանապարհների երթևեկելի հատվածներով երթ իրականացնող մասնակիցներին կրկին անգամ կոչ ենք անում կատարել իրենց պարտականությունները, զերծ մնալ Ոստիկանության ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարմանը խոչընդոտելուց, վերջիններիս վիրավորելուց:

Հավաքի կազմակերպիչներին կոչ ենք անում քաղաքացիների իրավունքների և ազատությունների անհամաչափ սահմանափակումները դադարեցնելու, մայրաքաղաքի բնակիչների կյանքն ու առողջությունը վտնագող գործողություններից խուսափելու նպատակով հավաքները տեղափոխել այնպիսի տարածքներ, որտեղ կբացառվեն իրավախախտումները հնարավորություն կտան Ոստիկանությանն աջակցություն ցուցաբերել հավաքին և ապահովել վերջինիս մասնակիցների ավտանգությունը»:

***

15:30-ի դրությամբ, ոստիկանություն է բերվել 183 ցուցարար:

***

17:00-ի դրությամբ, կա 217 բերման ենթարկված

***

Մայրաքաղաքում շարունակվող հակաօրինական գործողությունները գնալով առավել վտանգավոր բնույթ կրող դրսևորումներ են ստանում. Ոստիկանություն

Ոստիկանությունը հայտնում է.

«Ապօրինի հավաքների որոշ մասնակիցների կողմից մայրաքաղաքում շարունակվող հակաօրինական գործողությունները տարատեսակ և գնալով առավել վտանգավոր բնույթ կրող դրսևորումներ են ստանում:  Ահազանգեր են ստացվում, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցներից, Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիների կողմից միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու, նրանց իրավաչափ գործողություններին խոչընդոտելու վերաբերյալ:  Այս դրսևորումներն ակնհայտորեն վկայում են, որ ապօրինի հավաքների կազմակերպիչների կողմից քաղաքացիներին և երթևեկության մասնակիցներին ուղղված՝ հակաիրավական գործողություններ կատարելու կոչերը հանգեցրել են ներհասարակական լարվածության խորացման, ապօրինի հավաքին մասնակցող քաղաքացիների կողմից ոստիկանների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի ստեղծման:

Նման իրավիճակը սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կյանքի և առողջության համար, վտանգում հասարակական անվտանգությունը:  Կրկին հիշեցնելով, որ վերոնշյալի անցանկալի բոլոր հետևանքների պատասխանատվությունը կրում են անօրինական հավաքների կազմակերպիչները՝ նրանց կոչ ենք անում անսալ ՀՀ ոստիկանության հորդորներին և դադարեցնել հակաիրավական գործողությունները»:

***

Ինչի՞ շուրջ կբանակցի Նիկոլ Փաշինյանը. Լուսանկարներ՝ հանրահավաքից

Երևանի Հանրապետության հրապարակում ապրիլի 20-ի հանրահավաքի ժամանակ բողոքի ակցիաների կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս օրերին հնչող երկխոսության և բանակցությունների կոչերին, հրապարակեց երկխոսության 4 պայմանները.

Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տալիս. ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին. Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.

«Այս ծրագրի կետերը պատրաստ ենք քննարկել ՀՀԿ ներկայացուցիչների հետ, որպեսզի ապահովենք իշխանության խաղաղ, անցնցում փոխանցումը ժողովրդին: Բայց մեկ պայման ունենք. խորհրդարնական ընտրությունների արդյունքները, սակայն, պետք է ոչ մեկի համար կասկածելի չլինեն, պետք է լինեն 100 տոկոսով ազատ, արդար ընտրություններ:

Ապրիլի 21-ի բողոքի գործողությունների վերաբերյալ էլ հայտարարեց, որ անելու են նույն բանը՝ փակելու են փողոցներ, սակայն՝ ավելի լայն թափով:

Հանրահավաքն ավարտվեց երթով:

 

Նախորդ օրվա իրադարձությունների ժամանակագրությունը՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ