19 04 2018

Հերթական բռնությունը՝ լրագրողի նկատմամբ

Հերթական բռնությունը՝ լրագրողի նկատմամբ

Ապրիլի 19-ին կառավարության 3-րդ շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել լրագրող Տիրայր Մուրադյանին: Այս մասին տեղեկացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ լրագրողն այդ պահին ունեցել է լրագրողական տարբերանշան, այսինքն ծեծի է ենթարկվել լրագրողական պարտականությունները կատարելիս։ Ըստ Դանիելի Իոաննիսյանի՝ տարածքում ներկա համազգեստով ոստիկանները չեն խառնվել։

Ունի գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ՝ ձախ քունք, ծոծրակային հատվածում: Բարդություններ չեն լինի: Այսի մասին հայտնեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը:

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց. ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ «sut.am» կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով։

 

Նշենք նաև, որ սա լրագրողի աշխատանքը խոչընդոտելու միակ դեպքը չէ: Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անհայտ անձինք բռնություն են կիրառել factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի նկատմամբ։ Մի քանի երիտասարդներ քաշքշել են լրագրողին, պոկել են նրա լրագրողական վկայականը, ինչպես նաև վնասել են աշխատող օպերատորի տեխնիկան։ Տարածքում գտնվել են բազմաթիվ ոստիկաններ, որոնք, Արևիկ Սահակյանի վկայությամբ, որևէ կերպ չեն փորձել կանխել իր նկատմամբ բռնությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ