19 04 2018

Շրջափակում, բերման ենթարկում և ծեծկրտուք. Բողոքի ցույցեր՝ Երևանի կենտրոնում. Լուսանկարներ. Թարմացվում է

Շրջափակում, բերման ենթարկում և ծեծկրտուք. Բողոքի ցույցեր՝ Երևանի կենտրոնում. Լուսանկարներ. Թարմացվում է

Ինչպես ապրիլի 19-ի հանրահավաքում խոստացել էր Երևանում հանրահավաքների կազմակերպիչ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ապրիլի 19-ի բողոքի ակցիաները սկսզվեցին պետական հիմնարկների շրջափակումով:

Ցուցարարները փակեցին կառավարության 3-րդ մասնաշենքը, ուր մի քանի նախարարություններ են գտնվում:

Այստեղ սկսվեց հրմշտոց ոստիկանների եւ ցուցարարների միջև: Մի քանի ցուցարարներ բերման ենթարկվեցին: Համաձայն ոստիկանության՝ բերման ենթարկվածների թիվը 20 է: Ցուցարարները, թույլ չտալու համար բերման ենթարկումները, փորձում էին ոստիկանական ավտոմեքենաների անվադողերը թուլացնել:

Քաշքշուկների արդյունքում կան տուժածներ: Ակտիվորեն աշխատում են քաղաքացիական հագուստով ոստիկանները՝ քաշքշելով և բռնությունների ենթարկելով ցուցարարներին:

Ցուցարարները գործադուլի կոչ են անում:

***

Հերթական բռնությունը՝ լրագրողի նկատմամբ

Ապրիլի 19-ին կառավարության 3-րդ շենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել լրագրող Տիրայր Մուրադյանին: Այս մասին տեղեկացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ լրագրողն այդ պահին ունեցել է լրագրողական տարբերանշան, այսինքն ծեծի է ենթարկվել լրագրողական պարտականությունները կատարելիս։ Ըստ Դանիելի Իոաննիսյանի՝ տարածքում ներկա համազգեստով ոստիկանները չեն խառնվել։

Ունի գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ՝ ձախ քունք, ծոծրակային հատվածում: Բարդություններ չեն լինի: Այսի մասին հայտնեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը:

Նշենք նաև, որ սա լրագրողի աշխատանքը խոչընդոտելու միակ դեպքը չէ: Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անհայտ անձինք բռնություն են կիրառել factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի նկատմամբ։ Մի քանի երիտասարդներ քաշքշել են լրագրողին, պոկել են նրա լրագրողական վկայականը, ինչպես նաև վնասել են աշխատող օպերատորի տեխնիկան։ Տարածքում գտնվել են բազմաթիվ ոստիկաններ, որոնք, Արևիկ Սահակյանի վկայությամբ, որևէ կերպ չեն փորձել կանխել իր նկատմամբ բռնությունը։

***

Ցուցարարները՝ առևտրի կենտրոնում

Ցուցարարներն Արշակունյաց պողոտայով քայլերթ անելիս մտան «Սուրմալու» առևտրի կենտրոն, երեկոյան հանրահավաքի վերաբերյալ իրազեկում արեցին և շարժվեցին «Փեթակ» առևտրի կենտրոն: Ոստիկաններն առևտրի կենտրոնի մոտ պատ էին կազմել՝ չթողնելով ցուցարարներին մուտք գործել տարածք:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցանկանում է առևտուր անել: Երկար բանակցություններից հետո, ի վերջո, Նիկոլ Փաշինյանին ոստիկանները թույլ տվեցին միայնակ մուտք գործել առևտրի կենտրոն՝ «սուջուխ առնելու»:

***

Ոստիկանությունը շարունակելու է բերման ենթարկել. Աշոտ Ահարոնյան 

Ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին»,- գրել է Ահարոնյանը:

Նշենք, որ ապրիլի 19-ին, 10:00-ի դրությամբ, ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել 20 քաղաքացի:

***

Ոստիկանների գործողությունների արդյունքում վնասվել է ցուցարարներից մեկի քիթը

Ապրիլի 19-ի առավոտյան կառավարության 3-րդ շենքի մոտից ոստիկանները, ուժի գործադրմամբ, բերման ենթարկեցին մի խումբ ցուցարարների։ Ոստիկանության գործողությունների հետևանքով ցուցարարներից մի աղջկա քիթը վնասվեց, ժամանեց շտապօգնություն:

Վիրավոր ցուցարարի խոսքով, իրեն ծնկով հարվածել է ոստիկաններից մեկը։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձեց պարզել, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, և աղջիկն ասաց, որ ոչ թե իրեն դիտավորյալ են հարվածել, այլ անկանոն շարժումների հետևանքով:

«Ասում է՝ դիտավորություն չի եղել, անկանոն է եղել, բայց դա չի արդարացնում ոստիկանության գործողությունները, դիմացինը աղջիկ է, պետք է հաշվի առնեին ու զգույշ շարժվեին: Պետք է պարզվի, թե ով է եղել այդ ոստիկանը»,- ասաց Վալերի Օսիպյանը:

***

Ոստիկանության խնդրանքը՝ լրագրողներին

Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունն իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ:  Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից. «Ոստիկանությունը խնդրում է լրագրողներին հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար: Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում Ձեր և Ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված»:

Նշենք, որ բողոքի ցույցերի ժամանակ արդեն երկու լրագրող է տուժել:

***

Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգություններ կատարած անձանցից մեկը հայտնաբերվել է

Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Երևան քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Մ. Ռ.-ն, որը կասկածվում է ապրիլի 17-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում կատարված անկարգությունների մեջ:

Այս մասին ներկայացնում տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մ. Ռ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի էին ունեցել ունեցած զանգվածային անկարգություններ, մի խումբ անձինք ջարդել էին լուսաֆորները, աղբարկղերը, ճանապարհային նշանները: Այդ անձինք նաև ագրեսիվ էին եղել լրագրողների նկատմամբ:

13:15

Իսակովի պողոտան փակ է. Փաշինյանը պահանջում է ազատ արձակել բերման ենթարկվածներին

Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները Գարեգին նժդեհի հրապարակից երթով շարժվեցին դեպի Իսակովի պողոտա և երկկողմանի փակեցին այն:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քանի որ ոստիկանությունը երթից հետ մնացածներին տանում է, երթը շարունակվում է և Իսակովի երթևեկելի երկու գոտիները փակում են, մինչև ազատ արձակեն բոլոր բերման ենթարկվածներին»:

Նշենք, որ Իսակովի պողոտան դեպի օդանավակայան տանող հիմնական ճանապարհներից մեկն է:

Հավելենք նաև, որ բերման ենթարկվածների թիվն այս պահին 30 է:

***

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Նոր կյանք գյուղի համյանքապետ Գարիկ Սարգսյանին բերման են ենթարկել ոստիականության Վեդիի բաժին: Նշենք, որ ապրիի19-ի առավոտյան նրա գլխավորությամբ ցուցարարները փակել էին Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Նոր կյանք գյուղի մոտ գտնվող հատվածը:

***

Մինչ Նիկոլ Փաշինյանը և ցուցարարները Իսակովի պողոտայով քայլերթ են իրակացնում և մեքենաների միջով առաջ շարժվում, Արշակունյաց փակ պողոտան ոստիկաններն ուժով բացեցին: Սակայն մի խումբ ցուցարարներն այդուհանդերձ շարունակում են մնալ տարածքում: Նրանք մտադիր էր կրկին փակել Արշակունյաց պողոտան: Նրանց են միացել նաև հարակից տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ, որոնք գործադուլ են անում:

***

Ցուցարարները հասել են Երևանի Քաղաքապետարան, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դադար կառնեն, մի փոքր կհանգստանան և այնուհետև կշարունակեն առաջ շարժվել: Նշենք նաև, որ ոստիկանները շրջափակել են քաղաքապետարանի մուտքը:

***

Ժամը 15:30-ի դրությամբ, ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկվածների թիվը հասել է 122-ի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

***

Ոստիկանության հայտարարությունը՝ Փաշինյանի, Սանասարյանի, Արմեն Գրիգորյանի և այլոց մասին

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Առավոտից մայրաքաղաքում շարունակվող ապօրինի հավաքների կազմակերպիչներն իրենց ակհայտորեն քողարկված «խաղաղ» կոչերով, սակայն ակնառու սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների՝ կոպտորեն խոչընդոտելով քաղաքացիների, հանրային ծառայողների, երթեւեկության մասնակիցների իրավունքների և ազատությունների իրացմանը:

Կազմակերպիչները հավաքի մասնակիցներին ուղղորդում են նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված՝ շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը չխոչընդոտելու վերջիններիս պարտավորության ակնհայտ խախտման, որպիսի գործողություններն առանձին դեպքերում զուգորդվում են նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ:

Նշված, ինչպես նաևւ հավաքի իրականացման նախորդ օրերին հավաքի կազմակերպիչների, առանձին մասնակիցների վարքագծի պարզ դիտարկումն ակնհայտորեն վկայում է վերջիններիս գործողությունների սադրիչ բնույթը, ովքեր ակնհայտորեն նպատակ ունեն բախումներ հրահրել քաղաքացիների և իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանների միջև:

Այդպիսի վարքագծով աչքի ընկած կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյանը, Շահեն Հարությունյանը, Դավիթ Պետրոսյանը, Վահան Կոստանյանը և մի խումբ մասնակիցներ պետք է հստակ գիտակցեն իրենց գործողությունների բոլոր հետևանքների պատասխանատվությունը»:

 

Ոստիկանության այս հայտարարությանն արձագանքել են «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունները՝ տարածելով հետևյալ հայտարարությունը.

««Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունները՝ ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լայն աջակցությունը, օրեր շարունակ իրականացնում են քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի գործողություններ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Նախաձեռնության հեղինակների համար բռնության մերժումը սկզբունք է և բազմիցս հայտարարվել է, որ բացառում ենք նաև բռնությանը բռնությամբ պատասխանելու գործողությունները։ ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությունները այն մասին, թե հավաքի կազմակերպիչները իրենց սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների, չի համապատասխանում իրականությանը: Շարժման կազմակերպիչները և մասնակիցները չեն կիրառում բռնություն և երբեք չեն կիրառելու, իսկ բոլոր այն անձինք, ովքեր հրահրում են նման գործողությունները կամ բռնություն են կիրառում որևէ մեկի նկատմամբ, չեն հանդիսանում ակցիայի մասնակիցներ: Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից և հավաքի կազմակերպիչների հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց, ապահովել խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների անվտանգությունը և հետևողական լինել իրական սադրիչների և բռնություն կիրառող անձանց ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով նրանց պատժելու համար»:

***

ՀՅԴ-ն իրավիճակի կայունացման տարբերակ է առաջարկում

Հայաստանում ծավալվող իրադարձությունների վարաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը, որում ասվում է.

«Վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հանրահավաքները համակարգային փոփոխություների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են:

Քաղաքացիական ակտիվությունը երկրի զարգացման և ժողովրդավարության կարևորագույն գրավականն է: Սակայն առճակատման տանող դիմակայությունը փակուղի է և կարող է պառակտել համազգային մեր ներուժը։ Ամենքս ներկա գործընթացը արդյունավորելու, լուծումներ գտնելու հրամայականի առջև ենք: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի այնպիսին, որից կշահի թե Հայաստանի քաղաքացին, թե երկիրը:

Այս առումով անելիք ունեն առաջին հերթին իշխանությունները, քաղաքական ուժերն ու գործիչները: Ընդհանուր քաղաքական օրակարգ ձևավորելու, պետականաշինության նոր փուլը բնականոն ընթացքի մեջ դնելու, իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգը ամբողջացնելու, պետության և ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու, մասնակցային ժողովրդավարություն ապահովելու պարտավորություն ունենք բոլորս:

Այս համոզումից ելնելով՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքո՝ որպես պետության գլուխ և սահմանադրության երաշխավոր, ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ՝ առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով»:

***

Պահպանել զգաստություն և ողջախոհություն. Գարեգին Բ.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն կոչով դիմել է ժողովրդին՝ հորդորելով պահպանել զգաստությունն ու ողջախոհությունը, հայրենասիրության մեջ օրինահարգությունը և խաղաղության նախանձախնդրությունը:

Վեհափառի կոչն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,

Մեր երկրի ու ժողովրդի ներքին կյանքը վերջին օրերին ուղեկցվում է բուռն ու լարված իրադարձություններով՝ կապված Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրության հետ: Մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի առնչությամբ, որ խաթարում է հանրային բնականոն կյանքի ընթացքը։ Յուրաքանչյուր հայորդի հայրենիքի հանդեպ սիրուց մղված ունի իր տեսլականը, որի վերաբերյալ իր մոտեցումներն ու ընկալումները կարող է արտահայտել օրինական միջոցներով՝ ազատորեն իրացնելով իր քաղաքացիական իրավունքները:

Սակայն դա երբեք չի ենթադրում սիրո և ողջամտության նահանջ, այլոց իրավունքների ոտնահարում, առավել ևս՝ մարդկանց կյանքի վտանգում:

Մեր ժողովրդի և մեր Սուրբ Եկեղեցու զավակներն են և՛ ցուցարարների, և՛ իրավապահների շարքերում: Անընդունելի և անթույլատրելի են ատելության և թշնամանքի հրահրումը և որևէ տեսակի ընդհարում ու բռնության գործադրում:

Հորդոր ենք ուղղում Մեր ժողովրդի զավակներին` կոչ անելով պահպանելու զգաստությունն ու ողջախոհությունը, հայրենասիրության մեջ օրինահարգությունը և խաղաղության նախանձախնդրությունը՝ ցուցաբերելով միմյանց հանդեպ հարգանք և ներողամտություն:

Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելի են սոսկ, երբ առկա է համերաշխություն, փոխհասկացողություն, համընդհանուր պատասխանատվություն և միասնություն: Մեր երկիրն այսօր պահանջն ունի այս ոգու դրսևորման:

Աղոթք ենք բարձրացնում առ Աստված`հայցելով Տիրոջ իմաստությունը և Սուրբ Հոգու առաջնորդությունը մեզ ամենքիս»:

 ***

17:40

Ցուցարարները հասել են կառավարության շենք, որի ներսում տեղի է ունենում գործադիրի նիստը: Շենքը հսկում են ոստիկանության մեծաթիվ ուժեր:

***

Հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում

Երևանի հանրապետության հրապարակում ապրիլի 19-ի երեկոյան հերթական հանրահավաքն է կազմակերպվել: Հանրահավաքում ելույթ ունենալով՝ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այսօր մեր բողոքի ակցիաների ամենահզոր օրն է եղել: Թավշյա հեղափոխության հաղթանակը սարերի հետևում չէ: Մենք քայլում էինք փողոցներով և վարորդներին ասում մեկ բան՝ «Սերժին դեմ ես՝ սիգնալ տուր», և այսօր Երևան մայրաքաղաքը հեղեղված էր ավտոմեքենաների շչակներով:

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Երևանի փողոցներում, աներևակայելի էր: Ժողովրդական հեղափոխութունը վեր է ածվել ժողովրդական տոնախմբության: Մարդիկ զգում են, կանխազգում են իրենց մոտալուտ հաղթանակը»:

 

Ապրիլի 18-ի միջոցառումներին կատարված իրադարձությունները՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ