«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո մենք կրկին տեսանք, որ Հայաստանն ու Արցախը միջազգային հարթակներում մեր շահերը պաշտպանող որևէ ներկայացուցիչ չունի։ Ադրբեջանի նախագահ Ալիևն այդ հանդիպմանը ներկայացել էր սեփական օրակարգով ու, ըստ էության, լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները։ Իսկ Նիկոլը, փաստորեն ընդունելով թշնամու հերթական թելադրանքները, շարունակում է բարբաջել այսպես կոչված խաղաղության օրակարգրի մասին։
Սիրելի հայրենակիցներ, արձանագրելով այս ամենը, մենք պետք է հստակ գիտակցենք, որ հայկական երկու պետությունների ու մեր ժողովրդի շահերը պաշտպանող միակ հարթակը շարունակում է մնալ Ֆրանսիայի հրապարակը։ Առավել քան երբևէ մեր ժառանգությանը տեր կանգնելու գործը դառնում է մեր ազգի պարտականությունը։
Սեպտեմբերի 2-ին պետք է լինել Ֆրանսիայի հրապարակում՝ աշխարհին, թշնամիներին, Հայաստանում իշխանություն զբաղեցնող նրանց դաշնակիցներին ցույց տալու, որ հայ ազգը չի լքել Արցախը և որ հայ ազգը տեր է իր Հայրենիքին։ Արցախյան առաջին պատերազմը հաղթած հերոսոսների սերունդները դեռևս ապրում են մեր հայրենիքում և պատրաստվում շենացնել այն։ Մեզանից յուրաքանչյուրի պարտքն ու պատիվն է պաշտպանել մեր ազգային շահը, Հայաստանն ու Արցախը։
Ուստի կհանդիպենք վաղը, ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը