Խղճում եմ իրենց, մեղքս գալիս են։ Եթե այս երկրի օրակարգը դա է, նորմալ է, բայց ինձ համար այս պահին դա երկրորդական հարց է, «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպես է արձագանքել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ իրեն ԱԺ փոխնախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ ՔՊ-ի որոշմանը:
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Իշխան Սաղաթելյանը նշել է, որ մամուլից է տեղեկացել իրեն պաշտոնանկ անելու որոշման մասին.
«Դա իրենց օրակարգն է, ինձ համար դա այնքան երկրորդական հարց է, իրենց համար էր դա կյանքի նպատակ։ Մեղքս գալիս են, թող մտածեն Բերձորի, նոր տարածքներ հանձնելու մասին, մեր օրակարգն այսօր ուրիշ տեղ է, ուրիշ հարցերով ենք զբաղվում, ընդհանրապես հետաքրքիր չի ինձ»,- ասել է նա։
Վահե Հակոբյանն էլ նշել է, որ ՔՊ-ի այս որոշումն իր համար անակնկալ չէր.
«Ի՞նչ ասեմ, իրենց «բարի երթ»․ սպասելի որոշում էր։ Մյուս կողմից էլ շատ լավ եղավ, սա ինձ ավելի ազատ գործելու լեգիտիմ հնարավորություն կտա»,-ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը