06 05 2020

Դատական համակարգը ողջ պատասխանատվությունը թողնում է Դանիբեկյանի վրա. Խուդոյան․ Tert.am



Tert.am-ը գրում է․ «Իմ միակ ենթադրությունը՝ ֆիլտրելով տարբեր գործընթացներ, այն մնաց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այլևս չի մնացել դատավոր, որ պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունները քննության առնել և մերժել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով նախկին վարչապետների կողմից Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննությանը, որը տեղի է ունենալու մայիսի ութին:

Նշենք, որ միջնորդությունը պետք է քններ դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն մարտի 17-ին նախատեսված նիստը չկայացավ՝ դատավորի անաշխատունակության պատճառով: Հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 8-ին՝ դատավորի արձակուրդից հետո:

Փաստաբանն ընդգծեց նաև, որ առ այսօր զարմանալիորեն չեն հերքվել տեղեկությունները, որ Դանիբեկյանը մարտի 17-ի նիստին չի ներկայացել քթի պլաստիկ վիրահատության պատճառով, ինչից հետո էլ գնացել է արձակուրդ:

«Այս պահին դատական համակարգը ամբողջ պատասխանատվությունը թողնում է Աննա Դանիբեկյանի վրա, ոչ մեկը պատրաստ չէ այդ պատասխանատվությունը կրել իր հետ»,-ասաց Խուդոյանը:

Դիտարկմանը՝ գուցե Դանիբեկյանը ևս դրանից ելնելո՞վ ձգձգում է և խուսափում է այս միջնորդության քննությունից, փաստաբանն արձագանքեց.

«Եթե ես փորձեմ ինձ պատկերացնել իր կարգավիճակում՝ հաշվի առնելով նախորդ կայացված դատական ակտերը, ընդհանրապես, այս գործի ծանրությունը, գուցե հասկանամ նրան, որովհետև հնարավոր չէ անվերջ այս պրոցեսը ձգձգել, անվերջ խախտումներ թույլ տալ, անվերջ իրավունքներ սահմանափակել: Ի վերջո, իրավաբանները հասկանում են այս գործընթացի դատարկությունը, կայացված որոշումների հեռանկարները, հասկանում են, որ դրանց շատ կարճ ժամանակ անց տրվելու են իրավական և, ինչու չէ, նաև բարոյական գնահատականներ»,-ասաց Խուդոյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ