12 06 2019

Նախորդ գանգատում դատարանների արգելափակման վերաբերյալ նյութեր ենք ուղարկել ՄԻԵԴ. Հովհաննես Խուդոյան․ Փաստինֆո

Նախորդ գանգատում դատարանների արգելափակման վերաբերյալ նյութեր ենք ուղարկել ՄԻԵԴ. Հովհաննես Խուդոյան․ Փաստինֆո

«Մեր նախորդ գանգատի շրջանակում Դատարանների արգելափակման վերաբերյալ նոր նյութեր ենք ուղարկվել ՄԻԵԴ»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ ընդգծելով, որ այս պահին ունեն ՄԻԵԴ ներկայացված 7 գանգատ։

Խուդոյանի խոսքով՝ այդ նախորդ գանգատը վերաբերում էր հոկտեմբերի 2-ին ԱԺ շենքի շրջափակման գործընթացին. «Այդ գործողությունները ներկայացրել էինք ՄԻԵԴ՝ նշելով, որ չի բացառվում, որ հետագայում դա անդրադառնա նաեւ դատարաններին, եւ դատարանների արգելափակման դեպքից հետո մենք փաստարկված ներկայացրինք, որ այդ գործելակերպը ավելի վտանգվոր ու լուրջ հետեւանքներ կարող է առաջացնել, այսինքն՝ այն, ինչ կանխատեսում էինք նախկինում, այսօր արդեն փաստացի կատարվում է»։

Հովհաննես Խուդոյանը հիշեցրել է նաեւ, որ իրենց վերջին գանգատը վերաբերում էր կալանավորման հիմնական գործին. «Վճռաբեկ դատարանը մի անգամ գործն ընդունեց վարույթ, ապա վերադարձրեց Վերաքննիչ դատարան, եւ Վերաքննիչի որոշմամբ Քոչարյանը կալանավորվեց, դրա դեմ վճռաբեկ բողոք բերվեց, եւ Վճռաբեկը օգտագործեց իր առավելագույն ժամկետը՝ երեք ամիս ձգելով գործի վարույթը, ապա վարույթ չընդունեց»։

Ի պատասխան հարցին, թե ՄԻԵԴ-ի՝ այս ընթացքում որեւէ միջանկյալ միջոց չկայացնելու հիմքում հնարավո՞ր է, որ առկա լինի հրատապության կամ հիմնավորվածության խնդիր, Խուդոյանն ասել է. «Հիմնավորվածության մասին խոսք չի կարող գնալ, որովհետեւ եթե լիներ հիմնավորվածության խնդիր, ապա միանգամից կմերժվեր եւ վերջնական սպառիչ պատասխան կտրվեր։ Ինչ վերաբերում է հրատապությանը, ապա ՄԻԵԴ-ը կոնկրետ չափորոշիչներ ունի, եւ Հայաստանի օրինակով տեսանք, որ վերջին երկու որոշումները Սամվել Մայրապետյանի եւ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ էին, երբ ներկայացվել էին անձի առողջության վերաբերյալ մտահոգիչ տեղեկություններ, եւ երբ որոշման հետաձգումը կարող էր ճակատագրական լինել»։

Խուդոյանի խոսքով՝ այն դեպքում, երբ որոշման հետաձգումը կարող է ճակատագրական լինել, ՄԻԵԴ-ը շատ արագ է արձագանքում, եւ ըստ նրա՝ շատ քիչ է հնարավոր, որ անդառնալի հետեւանքներ չառաջացնող դեպքերում ՄԻԵԴ-ը անհապաղ որոշում կայացնի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ