«Հրապարակ»-ը գրում է․ «Իհարկե՝ լավ է, որ բանակում զինծառայողների սննդի կազմակերպման նոր կարգ է սահմանվել։ Վաղուց ժամանակն էր՝ սոված զինվորն ինչպե՞ս կարող է իր պարտքը կատարել հայրենիքի առաջ, եթե այդ հայրենիքը պատշաճ չի կատարում իր «պարտքը» նրանց առաջ՝ սննդի, հագուստի, կացարանի, ջերմության ապահովման առումով։Երեկ էլ արդարադատության նախարարությունն էր պրեսս-տուր կազմակերպել լրագրողների համար դեպի «Արմավիր» ՔԿՀ՝ ծանոթանալու սննդի նոր ծրագրին։Սա էլ է հարկավոր ողջունել, քանզի 21-րդ դարում որևէ մեկը քաղցած կամ թերի սնված չպետք է լինի։ Իսկ դատապարտյալը կամ կալանավորը պատիժը պետք է կրի քաղաքակիրթ պայմաններում։ Սովահարությամբ խոշտանգելն արգելված է միջազգային չափանիշներով, և հանցանք կատարած մարդու պատիժը պետք է լինի մեկուսացումը հասարակությունից, այլ ոչ թե ցուրտը, քաղցը, հիվանդությունը։Երեկ մեր լրագրողը հիացած էր եկել «Արմավիր» ՔԿՀ-ից, որտեղ կարողացել էին ծանոթանալ նաև խցերին, գրադարանին, արհեստանոցին, զրուցել էին դատապարտյալների հետ։ Ու թեպետ կալանավայրում խոնավություն է եղել և տհաճ հոտ, սակայն, ընդհանուր առմամբ, պայմանները եղել են տանելի։
Բայց պետք է հաշվի առնել, որ «Արմավիրն» ամենանոր կալանավայրն է, կառուցվել և շահագործման է հանձնվել 2014-2015 թվականներին, ուստի այստեղ առկա պայմաններն ու մյուս կալանավայրերում տիրող վիճակն անհամեմատելի են։Ասենք, «Նուբարաշեն», «Գորիս» ՔԿՀ-ներում անմարդկային պայմաններ են, և սննդի նոր ծրագիրն էլ այնտեղ դեռ չի հասել։ Հուսանք, որ սա առաջին քայլն է, և հերթը նաև մյուս կալանավայրերին կհասնի։ Ասում են՝ պետության որակը երևում է բանտերի ու բանակի նկատմամբ վերաբերմունքից։ Քաղաքակիրթ երկրներում մարդու համար մարդկային պայմաններ են ստեղծում՝ որտեղ ուզում է նա գտնվի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը