Այսօր երեքշաբթի է, ինչը նշանակում է, որ տեղի կունենա ՔՊ վարչության նիստ, և արդեն ավանդույթ է, որ երեկոյան կքվեարկվի արդարադատության նախարարի թեկնածուների հերթական քառյակը։
Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանին պարտադրված հրաժարականից հետո ՀՀ-ն արդեն մեկ ամիս է` արդարադատության նախարար չունի։
Երեկոյան ՔՊ վարչության անդամներն ընտրություն կկատարեն Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Լիանա Ղալթախչյանի, ՆԳՆ փոխնախարար Արփի Սարգսյանի և արդարադատության գործող փոխնախարար Արմենուհի Հարությունյանի միջև։
Եղիշե Կիրակոսյանին ավելի վաղ նույնպես առաջարկվել է նախարարական պորտֆել, սակայն վերջինս հրաժարվել է։ 168.am-ի տեղեկություններով՝ այս անգամ Եղիշե Կիրակոսյանը պայման է դրել, որն ընդունվել է։
Պայմանն այն է որ Միջազգային իրավական հարցերվ գրասենյակը գործի ՀՀ արդարադատության նախարարության կազմում, ինչպես եղել է ժամանակին։ Այսինքն` Եղիշե Կիրակոսյանը ցանկանում է ավարտին հասցնել միջազգային դատական ատյաններում ՀՀ հայցերն Ադրբեջանի դեմ, ուր, ինչպես մասնագետներն են նշում, մենք հաջողություն գրանցելու բավականին լավ հնարավորություններ ունենք։
Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Եղիշե Կիրակոսյանին կհասցնեն ՔՊ վարչության նիստին ու չեն քվեարկի, ու այդ առումով թերևս կարելի էր համարել, որ արդարադատության նախարար հենց նա էլ կլինի, բայց Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի պարագայում ամեն բան հնարավոր է:
Լիանա Ղալթախչյանն Արսեն Թորոսյանի թեկնածուն է, ում թեկնածության օգտին, սակայն, դեմ է արտահայտվել Փաշինյանի աշխատակազմի գործող ղեկավար Արայիկ Հարությունյանը, ում հետ կոնֆլիկտից հետո էլ հենց աշխատանքից ազատվել է Լիանա Ղալթախչյանը։ Լիանա Ղալթախչյանին աշխատանքի է ընդունել Էդուարդ Աղաջանյանը, պահել է Արսեն Թորոսյանը, և միայն Արայիկ Հարությունյանի հետ է նա խնդիր ունեցել:
Արփի Սարգսյանը, ինչպես ավելի վաղ գրել ենք, հակառուսական թևի` արդարադատության նախարարի թեկնածուն է։ Արմենուհի Հարությունյանին արդարադատության նախարար է ուզում տեսնել Անդրանիկ Քոչարյանը։ Նկատենք, որ բոլոր 4 թեկնածուներն էլ ՆԱԽԿԻՆ են, ինչպես Գրիգոր Մինասյանն էր նախկին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը