23 10 2024

Փաշինյանը դժգոհ է. ՔՊ-ն կրկին չի կարողացել Արդարադատության նախարար ընտրել. Armlur

Փաշինյանը դժգոհ է. ՔՊ-ն կրկին չի կարողացել Արդարադատության նախարար ընտրել. Armlur

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն արդեն շուրջ մեկ ամիս է՝ չի կարողանում արդարադատության նոր նախարար ընտրել։ Այս մասին գրում է ArmLur.am-ը։

ՔՊ Վարչությունն արդեն երկրորդ նիստն է անում, որպեսզի նոր նախարար ընտրի, սակայն՝ ապարդյուն։

Արդարադատության նախարարի 4 թեկնածուները նախ ելույթներով են հանդես եկել։

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ելույթներից հետո ինքնաբացարկ են հայտնել, արդյունքում՝ վարչության նիստում քննարկումներն ընթացել են ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունների շուրջ, ով ևս ՔՊ կուսակցության անդամ է։

ՔՊ վարչության անդամներից միայն 3-ն են քվեարկել Արմեն Խաչատրյանի թեկնածության օգտին, իսկ Ալեքսանդր Սիրունյանն առհասարակ քվե չի ստացել։

Արմեն Խաչատրյանի լոբբինգով զբաղվել է ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որը փորձում է իրավապահ և ուժային կառույցներում կարևոր պաշտոններին իր մարդկանց կարգել։

Նախորդ նիստին ՔՊ վարչությունը կրկին մերժել էր Անդրանիկ Քոչարյանի թեկնածու Արփի Դավոյանին։

Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ չի քվեարկել, պասիվ կեցվածք է ունեցել, միայն նիստն է վարել, բայց դիրքորոշում թեկնածուների վերաբերյալ չի հայտնել։

Փաստ է մեկ բան՝ թեկնածուներից և ոչ մեկը Փաշինյանի սրտով չէ, վերջինս իր թիմակիցներին հստակ ասել է, որ գոհ էր նախկին նախարար Գրիգոր Մինասյանի աշխատանքից, ում դեմ ՔՊ-ական պատգամավորները ստորագրահավաք էին նախաձեռնել, և ՔՊ-ականներից պահանջել է՝ ինչպես պարտադրեցիք նրան հրաժարական տալ, համապատասխան թեկնածու գտեք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ