«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Այնուամենայնիվ ափսոս, որ ժամանակի հետ որոշ մասնագիտություններ ընդհանրապես վերացան, իսկ մի մասն էլ այն աստիճան ձեւափոխվեց, որ կորցրեց բուն նշանակությունը։
Հնում կար, օրինակ, եղերամոր հիանալի, անհրաժեշտ մասնագիտությունը։ Այսինքն՝ անձի, որը հաստատուն գնացուցակով, պրոֆեսիոնալ ու զվարթ կարող էր այնպիսի ողբագին վայնասուն կազմակերպել ամեն առիթով, որ բոլորը տոգորվում էին պահի ողբերգականությամբ։ Պրոֆեսիոնալ եղերամայրերի մի քանի կոլեկտիվների ծայրաստիճան անհրաժեշտությունը զգացվում է ամեն անգամ, երբ վիճծառայությունը հրապարակում է հերթական տվյալները տնտեսության վիճակի մասին։
Տեսականորեն այդ պարտականությունները, իհարկե, կարող են հանձն առնել նաեւ կառավարության անդամները, բայց չունեն նրանք ո՛չ իսկական եռանդ, ո՛չ էլ ճիշտ ու տեղին հեկեկալու հմտություն։ Ասենք, կարգավիճակն էլ թույլ չի տալիս ծավալվել նույնիսկ նրանց, ովքեր օժտված են ողբուկոծ բարձրացնելու աստվածատուր ձիրքով։
Իսկ ընդհանրապես, կրկնում ենք, շատ ափսոս, որ մոռացված է եղերամոր այդչափ անհրաժեշտ, այդչափ արդիական մասնագիտությունը։ Ազնիվ խոսք, անհրաժեշտ հեծեծանքները լավ սերտած ու կառավարության շենքի դիմաց դրանք կատարող պրոֆեսիոնալ եղերամայրերի փոքրիկ, ամուր կոլեկտիվը կունենար բոլոր հնարավորությունները գոնե ինչ-որ կերպ մեղմելու վիշտը հայրենի տնտեսության վախճանի առթիվ։
Ի դեպ, չի կարող չապշեցնել նաեւ վիճծառայության դաժանությունը։ Չի կարելի ողբերգական լուրերը հաղորդել այդպես ուղղակի ու աննրբանկատորեն։ Հիշո՞ւմ եք հին անեկդոտը։
Կինը գործուղման վայրից զանգահարում է ամուսնուն.
-Ո՞նց է այդտեղ իմ կատուն։
-Սատկե՛լ է։
-Ահավո՜ր է։ Մի՞թե չէիր կարող հաղորդել ինձ այդ մասին ավելի նրբանկատորեն։ Օրինակ, իբր նստած է տանիքին։ Դե, իսկ հետո կասեիր, թե ընկավ ու սատկեց։ Հասկանալի՞ է։
-Հասկանալի է։
-Լավ, իսկ ինչպե՞ս է մայրիկս։
-Նստած է տանիքին...
Այ թե ինչպես է պետք հաղորդել ողբերգական լուրերը։ Ոչ թե վիճծառայության պես, որը նախօրեին կռավեց. նախորդ ամսվա համեմատ տնտեսական ակտիվությունը նոյեմբերին նվազել է 10,3 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 6,8 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալները 39 տոկոսանոց անկում են ապրել...
Այո, տնտեսությունը Նոր Հայաստանում մահանում է, բայց հետո՞ ինչ։ Գուցե «հեղափոխական» կառավարությունը բաղկացած է բացառապես մարքսիստներից, որոնք իրենց առջեւ նպատակ են դրել ապացուցել դասականի իրավացիությունը կապիտալիզմի անխուսափելի վախճանի վերաբերյալ։ Եթե ոչ ողջ աշխարհում, ապա գոնե առանձին վերցրած Նոր Հայաստանում։ Մի ուրվական է շրջում հայոց աշխարհում...
Ապշեցնում է գիտական կոմունիզմի հիմնադրի անմահ ստեղծագործության արդիականությունը։ Առաջին հատորը լույս տեսավ դեռեւս 1867 թվականին։ «Կապիտալի» երկրորդ եւ երրորդ հատորները, Մարքսի զինակից Ֆրիդրիխ Էնգելսի խմբագրմամբ՝ 1885 եւ 1894 թվականներին։ Իսկ հիմնարար աշխատության չորրորդ հատորը լույս ընծայվեց Եվրոպայում լուրջ ցնցումներից ոչ շատ առաջ՝ 1905-1910 թվականներին։ Ինչպես հայտնի է, «Կապիտալում», բացի հավելյալ արժեքի տեսության շարադրանքից, վերլուծվում է կապիտալիզմի բուն համակարգը։ Երկար մտորումներից հետո Մարքսը հանգում է եզրակացության, որ այդ համակարգի վերջը ողբերգական կլինի, իսկ տնտեսական տապալումն անխուսափելի է։
Խնդրեմ, ահավասիկ տնտեսությունը Նոր Հայաստանում մահանում է։ «Հեղափոխական» կառավարությանը՝ գլխավոր մարքսիստ Փաշինյանի ղեկավարությամբ, հաջողվեց փայլուն կերպով հիմնավորել դասականի իրավացիությունը։ Այժմ կարող են «Կապիտալի» հատորներ նվիրել միմյանց Ամանորի առթիվ։
Իսկ Ամանորից հետո կառավարության սեղանի գիրքը կդառնա արդեն, ամենայն հավանականությամբ, Ֆրանսիական հեղափոխության ամենաթեժ պահին՝ 1793 թվականին տպագրված անգլիացի գրող Ուիլյամ Գոդվինի հանրահայտ «Հետազոտություն քաղաքական արդարության մասին» աշխատությունը։
Արդարությունը, հավաստիացնում էր հեղինակը, ոտնահարվում է սոցիալական անհավասարությամբ, հասարակության տրոհմամբ հարուստների ու աղքատների։ Իսկ այդ չարիքի արմատը մասնավոր սեփականության բուն ինստիտուտն է։ Այն, պետության հետ մեկտեղ, պետք է վերացնել։
Սակայն պետք չէ կարծել, թե պետության վերացումից հետո կյանքը հայոց աշխարհում կանգ կառնի։ ԱՄՆ-ի ներկայիս ծաղկուն ամենախոշոր նահանգում՝ Կալիֆոռնիայում, 1846-1864 թվականն ընդհանրապես չկար պետական իշխանություն։ Պատերազմի արդյունքում նահանգը նվաճվել էր Մեքսիկայից եւ միաժամանակ ոսկի էր հայտնաբերվել Սակրամենտոյի շրջանում։
Ֆեդերալ կենտրոնին ոչ մի կերպ չէր հաջողվում վերահսկողություն սահմանել նահանգի նկատմամբ։ Գալիս էր նահանգապետը զորքով, իսկ մեկ շաբաթ անց հայտնաբերում, որ զինվորները ոսկի որոնելու նպատակով ցրվել են։ Նահանգապետը պաշտոնավարում էր եւս մեկ շաբաթ, իսկ հետո՝ ինքն էլ գնում ոսկի լվանալու։
Եվ 18 տարի շարունակ նահանգում չկար ո՛չ ֆեդերալ, ո՛չ էլ տեղական իշխանություն։ 18 տարի՛։ Այդուհանդերձ կյանքը կանգ չէր առնում։ Մարդիկ միավորվելով կազմակերպում էին, այսպես կոչված՝ դիսկրիկտներ, լուծում սեփականության իրավունքի, հանցագործներին պատժելու եւ բազմաթիվ այլ խնդիրներ։
Այնպես որ, եթե պետությունը Նոր Հայաստանում վերանա, ապա չենք կորչի, ինքներս կկազմակերպենք մեր կյանքը։ Ճիշտ է, այսօրվա իշխանավորները այդ ժամանակ էլ շարունակ կփորձեն միջամտել, բայց մենք թույլ չենք տա։ Դա նրանց չի հաջողվի։ Թեեւ օժտված են անհավանական համառությամբ ու աներեսությամբ։ Ինչպես Բոուշեկը, որի մասին պատմում էր անմոռանալի Շվեյկը.
«Ա՜յ քեզ հիդրա։ Իսկը ոնց որ լիբենցի Բոուշեկը։ Տասնութ անգամ մի երեկոյի ընթացքում նրան դուրս էին շպրտում «Էքսներ» գարեջրատնից, եւ ամեն անգամ վերադառնում էր։ Այնքան պնդերեսն էր, որ կարող էր դառնալ մինիստր կամ պատգամավոր»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը