«Առավոտ»-ը գրում է․ «Անցած շաբաթ կրկին ակտիվացել էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ընդդիմախոսները՝ նրանք նորից պահանջում էին Վեհափառի հրաժարականը: Խնդիրն իսկապես գոյություն ունի՝ կաթողիկոսի հեղինակությունը ցածր է, իսկ դա, մեղմ ասած, լավ չէ մեր պետության համար, որը, վստահ եմ, կարող է զարգանալ միայն հոգեւոր արժեքների վրա հիմնվելով: Բայց նախ՝ կաթողիկոսի դեմ ցույց անողները փոքրաթիվ են եւ մինչեւ վերջ անկեղծ չեն՝ մեկին, օրինակ, պաշտոն տվեցին, եւ նա իր մտահոգությունները մի կողմ դրեց: Իսկ ավելի կարեւորն այն է, որ խնդիրը ոչ միայն անձնական է, այլեւ համակարգային:
Պետությունն այս առումով երկու խնդիր ունի: Առաջինը՝ Մայր աթոռին պետք է բերել հարկային դաշտ, որպեսզի բացառվի անվերահսկելի բիզնեսի հնարավորությունը, որով, ըստ լուրերի, զբաղվում են մեր բարձրաստիճան հոգեւորականները: Երկրորդ՝ պետք է դադարեցվի դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, որը բերում է ակնկալվածին ճիշտ հակառակ արդյունքներ՝ երեխաներին վանելով քրիստոնեական հավատքից:
Փոխարենը դպրոցում, նաեւ մանկապարտեզում պետք է երեխաներին սովորեցնել բարոյական վարքի ընդհանուր հիմունքներ՝ սեր, կարեկցանք, ներողամտություն, համեստություն: Այդ արժեքներն անձամբ ինձ համար մարմնավորվում են Հայ առաքելական ուսմունքում, բայց մնացած մարդկության, նաեւ հայերի որոշ մասի համար կարող են ձեւակերպվել այլ ուսմունքներում եւ ուղղություններում: Պարկեշտ եւ բարեսիրտ կարող են լինել նաեւ մահմեդականը, հրեան, Եհովայի վկան, աթեիստը, ագնոստիկը, բոլոր հավատացյալներն ու անհավատները: Կարեւորը մեր երկիրը եւ ամբողջ աշխարհը ազնվացնող, «մաքրող» համամարդկային արժեքներն են:
Ինչ մնում է Գարեգին Երկրորդին: Եթե որեւէ աշխարհիկ կառավարիչ՝ նախագահ կամ վարչապետ, ակնհայտորեն չի վայելում քաղաքացիների մեծամասնության աջակցությունն ու հարգանքը, պարզ է, որ նա պետք է հեռանա, ինչը եւ տեղի ունեցավ վերջերս Հայաստանում:
Եթե որեւէ հոգեւոր առաջնորդ հեղինակություն չունի հավատացյալների շրջանում, այնքան էլ պարզ չէ, թե ինչպես է պետք վարվել: Խոսքը հավատի, մարդկանց նվիրական զգացմունքների մասին է, եւ այն մոտեցումը, որը ճիշտ է պետական պաշտոնյայի պարագայում, այստեղ, կարծում եմ, կիրառելի չէ: Ուստի առաջարկում եմ իդեալիստական, «կյանքից կտրված» լուծում. Գարեգին Բ-ն ապաշխարում է, խոստովանում է, որ մինչ այս պահն ապրել է հոգեւորականին ոչ վայել կյանքով, մտածել է, երազել է զուտ նյութականի եւ ոչ հոգեւորի մասին, եւ… շարունակում է պաշտոնավարել՝ վերափոխված եւ իր կյանքը վերաիմաստավորած: Լուծումն իհարկե խիստ անիրատեսական է: Բայց, ընդհանուր առմամբ, համոզված եմ, որ կատարելագործվելու, դեպի լույսը գնալու ներուժը կա բոլորիս մեջ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը