Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ, նոյեմբերի 10-ին աշխարհի հայկական եկեղեցիներում էկումենիկ (համաշխարհային) աղոթք կարվի՝ հանուն Հայաստանում խաղաղության և արդարության, և Բաքվում ապօրինի պահվող պատանդների ազատ արձակման։ Աղոթք կկատարվի Հայ առաքելական եկեղեցու աշխարհի բոլոր թեմերում։ Նախաձեռնությանը միացել են նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
Գարեգին Բ-ն համայն հայությանը կոչ է արել գալ եկեղեցիներ և միանալ աղոթքին: Նա նշել է, որ նոյեմբերի 11-ին Ադրբեջանում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովի նախօրեին՝ այս միջոցառումը կարող է աշխարհի ուշադրությունը հրավիրել գերիների խնդրի վրա ։ «Մենք անկեղծորեն հուսով ենք, որ այս հոգևոր ջանքերը կբարձրացնեն այս շարունակվող մարդասիրական ճգնաժամի մասին համաշխարհային իրազեկվածությունը և կնպաստեն ճշմարտության և արդարության վրա հիմնված խաղաղ լուծմանը», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն իր հերթին, հայտարարել է. «Բոլոր կրոնական համայնքներին, միջազգային կազմակերպություններին և բարի կամքի տեր մարդկանց կոչ ենք անում միանալ մեր աղոթքներին և ակտիվացնել իրենց ջանքերը՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին։ Մենք COP29-ին մասնակցող միջազգային հանրությանը հիշեցնում ենք, որ արդարությունն ու խաղաղությունը սերտորեն փոխկապակցված են և մեկը մյուսից չեն կարող բաժանվել : Մենք չենք կարող կլիմայական արդարություն պահանջել՝ չդատապարտելով մարդու իրավունքների խախտումները»։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ), որի անդամներն են հարյուրից ավելի երկրների՝ ավելի քան երեք հարյուր քրիստոնեական եկեղեցիներ, նույնպես, պատրաստակամություն է հայտնել միանալու Հայաստանին նվիրված աղոթքի օրվան՝ հանուն խաղաղության հաստատման, փախստականներին աջակցության և գերիների ազատ արձակման: ԵՀԽ գլխավոր քարտուղար Ջերի Փիլայը բոլոր եկեղեցիներին կոչ է արել միանալ նոյեմբերի 10-ի աղոթքին և դիմել միջազգային հանրությանը շարունակելու իրենց աջակցությունը։ «Մենք շարունակում ենք Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի էկումենիկ գործընկերների հետ մնալ մեր աղոթական համերաշխության մեջ:», - ասաց Ջերի Փիլայը՝ հաստատելով մարդասիրական և մարդու իրավունքների միջազգային օրենքներին համապատասխան՝ արդար և հարատև խաղաղության կոչը։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն ամենամեծ միջազգային էկումենիկ կազմակերպությունն է, որն ամբողջ աշխարհում շուրջ 400 միլիոն քրիստոնյաների է միավորում:
Սա Բաքվի բանտերում քաղբանտարկյալների խնդրի վրա ուշադրություն հրավիրելու առաջին նախաձեռնությունը չէ։ Մի քանի ամիս առաջ մեկնարկած #FreeArmenianHostages միջազգային քաղաքացիական շարժումը նպատակ ունի լուսաբանել և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ալիևի ռեժիմի բանտարկյալների վրա։ Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի COP29 կողմերի 29-րդ համաժողովը, որը մեկնարկելու է այս տարվա նոյեմբերի 11-ին՝ Բաքվում, աշխարհին հնարավորություն է տալիս տեսնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված իրավիճակը: Շարժման հիմքում ընկած է այն համոզմունքը, որ միջազգային հանրությունը չպետք է հնարավորություն տա, որ կլիմայական օրակարգն առիթ հանդիսանա արդարացնելու ռազմական հանցագործություններն ու մարդկության դեմ հանցագործությունները, և կոչ է անում #FreeArmenianHostages #HumanRights #JusticeForArmenia #COP29 #StopGreenwashGenocide #FreePoliticalPrisoners սոցիալական ցանցերում գրառումներով աջակցել նախաձեռնությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը