27 11 2018

Որտե՞ղ է թաքնված տնտեսական հեղափոխությունը․ «Հայոց աշխարհ»

Որտե՞ղ է թաքնված տնտեսական հեղափոխությունը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Անկախ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներից, անգամ մեծագույն ցանկության դեպքում դժվար է խոսել Հայաստանում տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին։ Այն, ինչ կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը հեղափոխություն է համարում, ոչ այլ ինչ է, քան հասարակությանը մոլորեցնելու անհաջող փորձ։   

Տնտեսական հեղափոխության նշույլն իսկ չկա։ Եթե տնտեսական ակտիվության շարունակվող անկումն է տնտեսական հեղափոխությունը, ապա ուրիշ բան։ Վերջին վեց ամսվա ընթացքում տնտեսական գործընթացները Հայաստանում պասիվացել են առնվազն 3,5 տոկոսով։ Իսկ հոկտեմբերին արձանագրված ընդամենը 3 տոկոս աճը, այն էլ նախորդ ամսվա անկումից հետո, հազիվ թե կարելի է հեղափոխական համարել։   

Թե կառավարության ղեկավարը որտեղ է տեսել տնտեսական հեղափոխության մեկնարկը, հայտնի չէ։ Եթե անշարժ գույքի շուկայում դեռեւս տարեսկզբին կատարված ակտիվությունն է տնտեսական հեղափոխությունը, ապա ամենեւին չպետք է զարմանալ շինարարության սպասվող վերելքի վերաբերյալ հնչող հայտարարությունների կապակցությամբ։ Մանավանդ որ, կարճատեւ ակտիվությունից հետո անշարժ գույքի շուկան վերսկսել է պասիվանալ։ Երեւանում իրականացված առք ու վաճառքի գործարքները, անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով, նվազել են ոչ միայն նախորդ ամսվա, այլեւ նախորդ տարվա համեմատ։ Չկա հիմք պնդելու, որ այս միտումը չի շարունակվի նաեւ առաջիկայում։   

Իշխանափոխությունից հետո անշարժ գույքի շուկայում կատարված տեղաշարժերը կապվում էին հասարակության շրջանում ի հայտ եկած լավատեսական սպասումների հետ։ Վերջին շրջանի դրսեւորումները նշանակո՞ւմ են արդյոք, որ հասարակությունը սկսել է հիասթափվել հեղափոխությունից։ Այս մասին հավանաբար հարկավոր է հարցնել կառավարությանը։   

-Անշարժ գույքի շուկայում աննախադեպ ակտիվություն է։ Միանշանակ է, որ այսպես շարունակվելու պարագայում մեզ մոտ շինարարության նոր վերելք է սկսվելու, որն արդեն կա,-ասում է վարչապետի պաշտոնակատարը՝ հավանաբար ապավինելով հասարակության որոշ հատվածի անտեղյակությանը։  

Թե ինչի՞ հիման վրա են արվում նման եզրահանգումները, զարմանալ կարելի է։ Պաշտոնական տվյալները բոլորովին այլ բան են ասում. անշարժ գույքի շուկան մտել է պասիվացման փուլ, իսկ շինարարության վերելքի մասին ընդհանրապես անիմաստ է խոսել։ Դրա վկայությունն է այն, որ վեց ամսվա ընթացքում տնտեսության այս ճյուղում աճի տեմպը 3 անգամ նվազել է։   

Վերջին ամիսներին շինարարության ծավալները գրեթե դադարել են ավելանալ։ Ի՞նչ վերելքի մասին է խոսում կառավարության ղեկավարի պաշտոնակատարը, հայտնի չէ։   

Որ ստվերում գործող մի քանի տասնյակ հազար թաքնված աշխատատեղեր են հայտարարագրվել իշխանափոխությունից հետո, անշուշտ լավ է բյուջեի համար։ Բայց դա կապ ունի՞ տնտեսական հեղափոխության հետ։ Իհարկե՝ ոչ։ Այլ բան է, եթե այդքան նոր աշխատատեղ ստեղծվեր։ Դա իսկապես կլիներ հեղափոխական։   

Ինչո՞ւ կառավարությունը չի խոսում իրական աշխատատեղերի ավելացման մասին։ Հասկանալի է, որ խոսելու բան չկա։ Իշխանափոխությունից հետո Հայաստանում բացված եւ փակված աշխատատեղերի հաշվեկշիռը բացասական է։ Դրանում դժվար չէ համոզվել նույնիսկ մեկ-երկու ընկերության օրինակով։   

Հանրահայտ է, որ նոր աշխատատեղերի ստեղծման լավագույն միջոցը ներդրումներն են։ Մինչդեռ ներդրողները չեն շտապում Հայաստան։ Այն բանից հետո, երբ ներդրումային բումը չկայացավ, հիմա էլ կարավարությունը սկսել է հասարակությանը կերակրել տնտեսական հեղափոխությամբ։   

Ի՞նչ հեղափոխության մասին կարող է խոսք լինել, երբ չկան ներդրումներ, առանց որոնց անհնարին է պատկերացնել տնտեսության զարգացումը։ Եթե ամեն ինչ այդպես լավ է եւ տնտեսությունը մտել է հեղափոխական փուլ, ինչո՞ւ դա չդրվեց հաջորդ տարվա պետական բյուջեի ցուցանիշներում։ Արդյունաբերությունը հոկտեմբերին փոքր-ինչ առաջընթաց է արձանագրում, կառավարությունը սկսում է խոսել տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին։   

Այս տրամաբանությամբ էլ հեղափոխություն է արվում նաեւ մյուս ոլորտներում։ Թեեւ իրականում ոչինչ էլ տեղի չի ունենում։   

Որտե՞ղ է կառավարության խոստացած ներառական տնտեսական քաղաքականությունը, եթե հասարակության աղքատ խավերը շարունակելու են ավելի աղքատանալ, իսկ հարուստները՝ հարստանալ։ Փոխանակ քայլեր ձեռնարկվեն տնտեսության ստվերը կրճատելու եւ այդ հատվածի հաշվին բյուջեի եկամուտներն ավելացնելու ուղղությամբ, հարկային բեռը տեղափոխվում է սպառողների վրա, որոնց գրեթե 30 տոկոսը աղքատ խավն է։ Ո՞րն է տրամաբանությունը։   

Մինչ կառավարությունը չի կարողանում արդարացնել հասարակության հույսերը, ստիպված է նրան կերակրել դատարկ խոստումներով։ Այսօր ոչ միայն հիմք չկա խոսելու տնտեսական հեղափոխության մասին, այլեւ կառավարությունը լուրջ խնդիր ունի տնտեսական կայունություն ապահովելու առումով։   

Անկախ նրանից, թե դա ինչի հետեւանք է՝ տնտեսական իրավիճակը Հայաստանում գնալով սրվում է։ Տնտեսության առջեւ կանգնած արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են դադարեցնել հայտարարությունների մակարդակով տնտեսություն զարգացնելու, հասարակության աչքին թոզ փչելու մարտավարությունը եւ գործով զբաղվել։   

Ինչպես հասկանալ, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում մենաշնորհներն իսպառ վերացել են, բայց մրցակցային դաշտը չի կայանում։ Գուցե պատճառն այն է, որ նույն տնտեսավարողին պատկանող ընկերություններն են մրցակցում իրար դեմ՝ տպավորություն ստեղծելով, որ շուկայի մասնակիցները շատացել են։   

Ժամանակին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մրցակցության բացակայությամբ եւ օլիգարխների առկայությամբ էին բացատրում Հայաստանում ապրանքների բարձր գները։ Եթե դրանք վերացել են, ինչո՞ւ գները ոչ միայն չեն իջնում, այլեւ շարունակում են բարձրանալ։    Ասել, որ մենաշնորհ չկա, դեռ չի նշանակում, որ այլեւս ամեն ինչ լավ է։ Պատահական չէ, որ տնտեսությունը չի արձագանքում այդ «ձեռքբերումներին»։ Դրանց արդյունքը չի զգում նաեւ հասարակությունը։   

Այնպես որ, մենաշնորհ կա՞, թե՞ չկա, կարեւոր չէ։ Դրանից ի վերջո ոչինչ չի փոխվել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ