Հայաստանում տնտեսական ակտիվության անկումը այս տարվա հունվար-օգոստոս ամիսների տվյալներով կազմել է 6,4 տոկոս։ Պարզապես հիշեցնենք, որ տնտեսական անկման գործընթացը սկսեց մարտից, և հակառակ «տնտեսական հեղափոխություն իրականացնելու կորոնավիրուսի ընձեռնած հնարավորություններից» Նիկոլ Փաշինյանի արտահայտություն, ամսեամիս շարունակում է խորանալ։ Միանշանակ է, որ վիճկոմի ներկայացրած պատկերը չի արտացոլում իրական՝ ավելի մեծ անկումը։
Հանքարդյունաբերության շնորհիվ աճ արձանագրող միակ ճյուղում արդյունաբերությունում տարվա ութ ամիսների արդյունքում այդ աճը մոտեցել է զրոյի։ Վեց ամիսների արդյունքում աճն այստեղ 1,5 տոկոս էր, յոթ ամիսներին՝ 1,3 տոկոս և ահա հիմա 0,9 տոկոս։ Ակնհայտ է, որ սա բերելու էր ընդհանուր տնտեսական շատ ավելի խորը անկման ցուցանիշի, և հենց այդ պատճառով էլ սրբագրումները կատարվել են այլ ճյուղերից՝ մասնավորապես շինարարությունում։
Խոստացված «բումի» փոխարեն և հակառակ «Հայաստանը վերածվել է մեծ շինհրապարակի» խաբեության, շինարարությունում անկումը շարունակվում է։ Հուվար-օգոստոսի տվյալներով այն կազմել է 9,1 տոկոս։ Մեկ ամիս առաջ անկումն այստեղ գրեթե 23 տոկոս էր։ Պետք էր մի կողմից ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «մեծ շինհրապարակի» մասին իրականություն է, մյուս կողմից՝ ինչպես արդեն նշեցինք, թույլ չտալ, որ երևա տնտեսական անկման իրական՝ ավելի խայտառակ անկումը։
Մյուս ճյուղերից առևտրում անկումը ևս խորացել է՝ կազմելով 11,5 տոկոս։ Սա մեր տնտեսության ամենամեծ ծավալներ ունեցող ճյուղն է, որտեղ ընդգրկված են տասնյակ հազարավոր մարդիկ։ Ծառայությունների ոլորտում նույնպես մեկ ամիս առաջվա ցուցանիշի համեմատ անկումը խորացել է և կազմել 10,8 տոկոս։ Ի՞նչ կարելի է եզրակացնել սրանից։ Փաստորեն, բացի շինարարությունից, մյուս երկու ճյուղերում անկում է, մեկ ճյուղում աճի տեմպի նվազում, ինչն էլ փաստում է անկումը մեղմացնող տվյալներ ունենալու հարցում շինարարության «փրկիչ» դերն այս անգամ։
Հավելենք, որ միայն օգոստոս ամսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ տնտեսական ակտիվության անկումը կազմել է 9,8 տոկոս,և տնտեսության առանց բացառության բոլոր ճյուղերն առանձին-առանձին անցած ամսվա ընթացքում անկման մեջ են գտնվել։
Ինչ մնում է արտաքին առևտրաշրջանառությանը, որն առավել իրական պատկերացում է տալիս տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, ապա այստեղ հունվար-օգոստոսին անկումը կազմել է10,2 տոկոս։ Մասնավորապես, արտահանումը նվազել է 6 տոկոսով, ներմուծումը՝ 12,4 տոկոսով։
Եվ իհարկե, ինչպես միշտ անփոփոխ աճը պահպանվում է պետական համակարգի աշխատավարձերի ցուցանիշում՝ 7 տոկոս։ Հայտնի է, որ նման աճը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բարձրաստիճան պաշտոնյաների կտրուկ բարձրացված աշխատավարձերով և պարգևավճարներով։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը