«Հայոց աշխարհ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում սոցիալական խնդիրների պակաս չկա։ Սակայն կառավարությունը պատրաստ չէ լուծել դրանք։ Սպասումները, որ իշխանափոխությունից հետո սոցիալական վիճակը կբարելավվի, չի իրականանում։ Իշխանության եկած քաղաքական ուժերի մի քանի ամիսների գործունեությունը սոցիալական կյանքում, կարելի է ասել, ոչ մի դրական արդյունքի չհանգեց։ Չկա որեւէ ոլորտ, որտեղ տեսանելի են հեղափոխության արդյունքները։
Ընդհակառակը, կյանքը Հայաստանում գնալով թանկանում է, մարդկանց եկամուտները գրեթե չեն ավելանում։ Ավելին՝ իշխանության եկած քաղաքական ուժերը ոչ միայն մոռացել են տված խոստումները, այլեւ աստիճանաբար անտեսում են դրանք։
Հակառակ ձեւավորված սպասումներին՝ կյանքը Հայաստանում չի բարելավվում։ Մի կողմից՝ չկան խոստացված նոր աշխատատեղերը, մյուս կողմից՝ այլեւս չի խոսվում աշխատավարձի բարձրացման մասին, որին հասարակությունը սպասում էր դեռեւս իշխանափոխության նախօրեին։
Հիշեցնենք, որ մի շարք ընկերություններում նման պահանջով նույնիսկ բողոքի գործողություններ սկսվեցին։ Սակայն շուտով մարդիկ հասկացան, որ չարդարացված սպասումներ են ձեւավորվել։
Աշխատավարձի բարձրացման հարցը այլեւս օրակարգային չէ նաեւ այն քաղաքական ուժերի համար, որոնք ստանձնել են գործադիր իշխանության ղեկավարումը։ Մոտ ապագայում նրանք չեն պատրաստվում լուծել այդ հարցը համարելով, որ տնտեսական վիճակը, նույնիսկ երկնիշ աճը բավարար չէ դրա համար։
Կառավարությունն առնվազն երկու տարի է պահանջում, որպեսզի մարդիկ զգան տնտեսական աճի արդյունքները։ Մինչդեռ հասարակությունը հեղափոխական փոփոխություններ էր ակնկալում։ Իշխանափոխությունից հետո այդ առումով ոչինչ տեղի չի ունեցել։ Մարդկանց եկամուտները շարունակում են չափից ավելի ցածր, իսկ գները՝ բարձր մնալ։
Հույսերը, որ եկամտային հարկի թեթեւացումը, թեկուզ ոչ մեծ, բայց որոշ չափով կփոխարինի աշխատավարձի ակնկալվող ավելացմանը, նույնպես խաբկանք էր։ Կառավարությունը հակված չէ այդ ճանապարհով փոքրիշատե թեթեւացնել ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիների ֆինանսական բեռը։
Ժամանակին տպավորություն էր ստեղծվել, թե իշխանափոխությունից հետո սպառողական ապրանքների գները, որոնք իբր թե մենաշնորհների պատճառով արհեստականորեն բարձր են, արագորեն նվազելու են։ Մենաշնորհները Հայաստանում կարծես վերացել են, ամեն դեպքում, այդպես է ասում կառավարությունը, բայց ապրանքները չեն էժանանում, չհաշված բանանն ու շաքարավազը, որոնց գների նվազումը կապված է բոլորովին այլ գործոնների հետ։ Եվ դրանցում կառավարության դերակատարությունը, եթե նույնիսկ համարենք, որ կա, ապա չափազանց փոքր է։
Բայց դա չխանգարեց, որ այդ մասին ի լուր բոլորի հայտարարելու նպատակով վարչապետը հատուկ խորհրդակցություն անցկացնի։ Վերջին շրջանում սպառողական ապրանքների, մասնավորապես գյուղմթերքների գներն այս սեզոնի համար ռեկորդային բարձր են, բայց կառավարության արձագանքը չկա։ Այդ ֆոնին ժողովրդական վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց որոշ գյուղատնտեսական շուկաներում։ Բայց ի՞նչ, գները դրանից նվազեցի՞ն, թե՞ մարդկանց գնողունակությունը բարձրացավ։ Բնականաբար ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։ Ձմռան շեմին մարդիկ կանգնած են փաստի առաջ։
Այսօր էլ սպառողական ապրանքների շուկայում թանկացումների ալիքն ընդլայնվում է։ Ընդ որում՝ միայն միրգը կամ բանջարեղենը չէ, որ այս տարի աննախադեպ թանկ է։ Մսամթերքի գները բարձրանում ու բարձրանում են։ Միսն այնքան է թանկացել, որ հասարակության ճնշող հատվածի համար դարձել է անհասանելի։
Տեղական տավարի մսի գինն ընդհուպ մոտեցել է 3,7 հազար դրամի։ Նույնպիսին է գինը նաեւ ոչխարի մսի դեպքում։ Խոզի միսը վաճառվում է 3-4 հազար դրամով։
Ու սա վերջը չէ։ Սպասվում է, որ մսամթերքի գները առաջիկայում եւս կշարունակեն բարձրանալ։ Պաշտոնական տվյալներով, տավարի եւ խոզի մսի արտադրության ծավալները Հայաստանում կրճատվել են ավելի քան 6, իսկ ոչխարինը՝ գրեթե 4 տոկոսով։ Եվ պատահական չէ, որ մսամթերքի գինը գնալով բարձրանում է։
Այս պայմաններում, փոխանակ մտածելու առաջարկը ավելացնելու եւ դրա հաշվին գները գոնե որոշ չափով մատչելի դարձնելու մասին՝ գյուղնախարարը հպարտանում է, որ Հայաստանից միս է արտահանվում։ Սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ արհամարհանք ներքին սպառողի նկատմամբ։ Նախ բավարարում են ներքին շուկայի պահանջարկը, ապա նոր միայն մտածում արտահանման մասին։
Եթե որեւէ մեկին թվում է, թե ներմուծվող ցածրորակ մսով շուկան լցնելը հարցի լուծում է, ապա չարաչար սխալվում է։ Նման վերաբերմունքը մի օր թողնելու է իր հետեւանքը։ Անցած տարի այս շրջանում, երբ սկսվեց մսամթերքի թանկացումը՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը, այդ թվում՝ նրանք, ովքեր հիմա ղեկավարում են կառավարությունը, բոլոր հնարավոր միջոցներով պախարակում էին իշխանություններին։ Մինչդեռ այսօր ձեն-ծպտուն չեն էլ հանում։
Ինչպես միշտ, սպառողները մնացել են իրենց առօրյա հոգսերի ու խնդիրների առջեւ։ Իշխանության եկած քաղաքական ուժերի խոստացած էժանացումների փոխարեն բախվում են համատարած թանկացումների։
Թե ինչպիսի՞ն կլինի վիճակը առաջիկայում, առայժմ անորոշ է։ Փաստն այն է, որ հասարակության սոցիալական վիճակը իշխանափոխության հետեւանքով ոչ միայն չի բարելավվել, այլեւ ավելի է վատացել՝ մի կողմից ցածր եկամուտների, մյուս կողմից՝ գնաճային այն ակտիվ դրսեւորումների հետեւանքով, որոնք վերջին շրջանում առկա են սպառողական բազմաթիվ ապրանքների շուկաներում։ Մաքսազերծման թանկացման հետեւանքով ավելացել են նաեւ ոչ պարենային ապրանքների գնաճային ռիսկերը։
Ավելին՝ առաջիկայում սպասվող Հարկային օրենսգրքի փոփոխություններով, կառավարությունը պատրաստվում է հարկային բեռը հարկատուներից կամ տնտեսավարողներից տեղափոխել սպառողների վրա, ինչը կարտահայտվի մի շարք ապրանքների թանկացման տեսքով»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը