02 10 2024

ԵՊՀ-ից մերժել են հանրայնացնել հաստիքների աշխատավարձերը․ Yerkir.am

ԵՊՀ-ից մերժել են հանրայնացնել հաստիքների աշխատավարձերը․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ Հուլիսին Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԵՊՀ ռեկտորին՝ պարզելու համար, թե որքա՞ն է կազմում ԵՊՀ ռեկտորի, պրոռեկտորների և աշխատակազմի ղեկավարի հաստիքի համար սահմանված աշխատավարձը և ստացել գրավոր մերժում: «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանների բացակայության պատճառով չեմ կարող տրամադրել Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը», - նշված է մերժման մեջ: Իսկ հոդվածի դրույթը, որին ցիտել են ԵՊՀ-ից, հետևյալն է. «….աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց` առանց աշխատողի գրավոր համաձայնության….»:  

Վերստին գրավոր դիմել էինք ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին՝ պարզաբանելով, որ մենք ոչ թե գրությամբ  պահանջել ենք տեղեկատվություն առ այն, թե որքա՞ն է ստանում կոնկրետ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կամ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, այլ պահանջել ենք տեղեկատվություն այն մասին, թե որքա՞ն են կազմում տվյալ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ, ինչը, ուշադրություն, հաստատված է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից, և ԵՊՀ-ն, իբրև հիմնադրամ, հարկ էր, որ  հրապարակեր այն պատշաճ կերպով:

Ելնելով վերնշյալից, կրկին պահանջել էինք տրամադրել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի համապատասխան որոշումը՝ կից հավելվածով, որտեղ բերված են նշված և այլ հաստիքների համար սահմանված աշխատավարձերը:

Գրավոր դիմելու օրվանից (հուլիսի 31-ից) ավելի քան երկու ամիս անց՝ այսօր ի վերջո մեր համառ զանգերին պատասխանեցլով՝ նշեցին. քանի որ պատասխանը լինելու է նույնը, ապա իրենք իմաստ չեն տեսնում վերստին պատասխանելու:

Նախ, ընդդիմադիր հայացքների բերումով դասախոսներ կրճատող ռեկտոր Հովաննես Հովհաննիսյանին հորդորում ենք հարգանքով վերաբերվել զանգվածային լրատվամիջոցի գրավոր  հարցմանը: Մայր բուհը սեփական - իշխանական «դուքանը» չէ. գրավոր հարցմանը պարտավոր են պատասխանել գրավոր՝ անկախ նրանից, պատասխանը նման է նախորդին, թե տարբերվում է նրանից: Եթե ԵՊՀ-ում ստեղծված է միահեծան քաոս, և դրա մեջ այս տարրական կարգը մոռացել են, ապա հիշեցնում ենք:   

Վերադառնալով խնդրին՝ նորից փաստում ենք. ռեկտորատը պարտավոր է ոչ միայն մեզ տրամադրել, այլև պաշտոնական կայքէջում հանրայնացնել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի համապատասխան որոշումը՝ կից հավելվածով, որտեղ բերված են նշված և այլ հաստիքների համար սահմանված աշխատավարձերն այնպես, ինչպես դա եղել է նախկին ռեկտորների ժամանակ: Դա չի արվում, և ԵՊՀ ռեկտորատը համառորեն խուսափում է դա հանրայնացնել: Պատճառը ենթադրելի է՝ դա կհանգեցնի հասարակության թուքումուրին:

Ի դեպ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը իշխող ՔՊ կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանն է, իսկ ԵՊՀ հիմնադրամի բյուջեն հաստատվում է հենց այս մարմնի կողմից: Հետաքրքիր է՝ Սուրեն Պապիկյանի գլխավորած «անկուսակցական», «չեզոք» հոգաբարձուների խորհուրդն այդ ինչքա՞ն աշխատավարձեր է հաստատել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, պրոռեկտորներին ու աշխատակազմի ղեկավարին, որ վերջիններս գերգաղտնի են պահում դրա չափն ու խուսափում հանրայնացնելուց: Հոգաբարձուների խորհդի 20 անդամից 4-ը ներկայացված է ուսանողության կողմից, միգուցե իրե՞նք հայտարարեն, թե որքան աշխատավարձ են հաստատել և քվեարկել ռեկտոր-պրոռեկտորների համար:  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ