«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռ ամբողջական պատկեր չկա, թե որ կուսակցություններն են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու, բայց քաղաքական գզվռտոցն արդեն հասել է իր գագաթնակետին:
Մի մասը մյուսին մեղադրում է մարդ–կուսակցություն լինելու մեջ, մյուսները համաձայն չեն իրենց կուսակցության դիրքորոշման ու որոշման հետ համաձայն չլինողների հետ, մի մասն էլ որոշել է քաշվել մի անկյուն ու կողքից հաշվել, թե ով ում կոկորդից է բռնելու:
Իրականում բոլորն էլ մոռանում են, որ հին ժամանակներից մինչև մեր օրերը «նավթալինած» քաղաքական դեմքերը դժվար թե նորից պահանջված լինեն: Մի մասն էլ հավանաբար մտածում է, որ իրենց մի ձեռքի վրա հաշվելիք նեղ շրջանակներում նրանց մասին առանձնակի պաթետիկ ճառերով կենացներ հնչեցնելը բավական է հասարակությանը ծառայություն առաջարկելու համար, քանի որ, իրականում, չեն կարող իրենց թույլ տալ Երևանի քաղաքապետ դառնալու գայթակղության կողքով անտարբեր անցնել:
Իսկ հասարակությունը բավականին լավ հիշողություն ունի: Եվ ավելի լավ կլինի, որ կուսակցությունները ոչ թե ընտրությունից ընտրություն ակտիվանան, այլ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում, որպեսզի ընտրության ժամանակ կարողանան ցույց տալ, թե որ արատավոր երևույթի դեմ ինչպես է պայքարել և ուր հասել: Իսկ այդ «ընհդմիջումներին»՝ քար լռություն, ծածուկ ու ապահով բնում քողարկված՝ իրենց աստեղային ժամին սպասելիս: Իսկ աստեղային ժամի համար հիմա շատ պատեհ պահ է՝ միանգամից երկու ընտրություն: Ու մի «ժիգուլու» ուղևորի չափ կուսակցական ունեցողները սկսել են ձեռքները շփել՝ այդ ճանապարհին չխորշելով ոչնչի ու ոչ մի միջոցի առջև՝ հայհոյանք, հակափիառ, ցեխշպրտոցի ու ամենակարևորը՝ նարցիսիզմ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» օրաթերթում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը