«Հրապարակ»-ը գրում է․
Սեպտեմբերի 1-ին Վճռաբեկ դատարանը մերժեց ԼՀԿ բողոքը` Վանաձորի ՏԻՄ ընտրությունների հետ կապված, եւ 2 տարվա քաշքշուկից հետո վերացավ Վանաձորի համայնքապետ ընտրելու արգելքը։ Սակայն երեկ լրացավ համայնքապետ ընտրելու համար օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը, Վանաձորի ավագանին այդպես էլ նիստ չհրավիրեց։ Օրենքով` ավագանու ընտրություններից հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ղեկավար ընտրվի, բայց 2021-ին դատարան դիմում էր ներկայացվել, եւ այդ ժամկետը սառեցվել էր, քանի որ նման ֆորսմաժորների համար օրենքը կարգավորումներ չի նախատեսում: Իսկ դա նշանակում է, որ երկշաբաթյա ժամկետը պետք է հաշվարկել դատարանի որոշման օրվանից սկսած։ Օրենքը համայնքի ղեկավար չընտրվելու դեպքում նախատեսում է նոր ընտրություններ, սակայն իշխող ուժը դժվար թե հավատարիմ մնա օրենքի տառին, երբ ամիսներ առաջ կամայականորեն Վանաձորում համայնքապետի ԺՊ են նշանակել հայտնի քրեական հեղինակություն Ակային` Արկադի Փելեշյանին։
Ինչ վերաբերում է նիստ չգումարելուն, Մամիկոն Ասլանյանի թիմակիցներից 2-ն անցել են իշխանության կողմն ու քվորում ապահովել, եւ նիստ հրավիրել չի ստացվի։ Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի ընտրություններից հետո Էդմոն Մարուքյանի թիմակիցները վարչական դատարան ներկայացրած հայցով հասան նրան, որ Վանաձորի քաղաքապետ չընտրվի, իսկ դատարանն այնքան ձգեց հայցի քննությունը, որ ՔՊ-ի ծրագիրն իրականություն դառնա: ՔՊ-ն, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանը թմբկահարում է ժողովրդի կամքի ու ազատ-անկախ ընտրությունների մասին, շուրջ 2 տարի բանտում է պահում ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետին` Մամիկոն Ասլանյանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը