«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ թիվ 81 մանկապարտեզի նորոգման աշխատանքներն արդեն մեկ տարի է, ինչ ընթանում են: Իսկ մանկապարտեզի համար հերթագրված երեխաները մնացել են բախտի քմահաճույքին: Չնայած այն հանգամանքին, որ հերթագրված սաների ծնողներին խոստացել էին, որ այն բացվելու է սեպտեմբերին:
Բայց այն սեպտեմբերին չի բացվել, որից հետո ծնողներին ասել են, որ մանկապարտեզը շահագործման կհանձնվի նոյեմբերին: Հետո դարձյալ ժամկետներ են փոփոխվել և ծնողներին լուրեր են հասել այն մասին, որ մանկապարտեզը կբացվի հաջորդ տարի՝ գարնանը:
«Ասեցին սեպտեմբեր, հետո փոխեցին նոյեմբեր, ստիպված երեխային տարել ենք մասնավոր մանկապարտեզ. ամսական վճարում ենք 70-80 հազար դրամ գումար, որ գոնե մեր աշխատանքը կարողանանք պահենք: Հակառակ դեպքում պետք է գործազուրկ դառնանք ու տանը նստենք»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրդովված նկատեց ծնողներից մեկը:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երևանի քաղաքապետարան և խնդրեց տեղեկացնել, թե ինչն է մանկապարտեզի բացման ձգձգման պատճառը: Մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանից փոխանցեցին, որ մինչ այս որոշ ժամանակով շինաշխատանքները դադարեցվել են, քանի որ մանկապարտեզի կառուցման մի մասը ՄԱԿ-ի ծրագրով է ֆինանսավորվում և դրա հետ կյապված խնդիրներ են առաջացել, հետո լուծվել են: Ապա՝ նշեցին, որ մանկապարտեզի բացումը մեծ հավանականությամբ մինչև գարուն չի հասնի, այլ՝ առաջիկա ամիսներին կավարտվեն շինաշխատանքները:
Բայց հակառակ պատկերն արձանագրեցինք հենց մանկապարտեզի բակում, երբ այցելեցինք այնտեղ: Շինաշխատանքները ղեկավարող Գևորգ Խոստիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ մանկապարտեզը, հնարավոր է, բացվի հաջորդ տարվա գարնանը. «ըստ ժամանակացույցի՝ նոյեմբերի վերջին ավարտվում է շինարարությունը, բայց ժամանակացույցը կերկարեցնենք, որովհետև ունենք դրսի կոյուղու խնդիր, բացի այդ, նախագծով շենքի արտաքին տեսքի հետ կապված փոփոխություններ պետք է արվեն»:
Փաստորեն, Երևանում հնարավոր է մի քանի ամսում բարձրահարկ շինություններ կանգնեցնել, իսկ երկհարկանի մանկապարտեզի շինարարությունն արդեն մեկ տարի է, ինչ չի ավարտվում: Իսկ ամենամտահոգիչն այն է, որ քաղաքապետարանն է անտեղյակ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը