20 10 2024

Վանաձորում մի քանի մանկապարտեզ են թալանել

Վանաձորում մի քանի մանկապարտեզ են թալանել

Լոռու մարզում աճել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը, իսկ Վանաձորում գողերը ոտնձգություն են կատարել նաև մանկապարտեզների նկատմամբ։ Հայտնում է Shamshyan.com-ը:

Հոկտեմբերի 14-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Վանաձոր քաղաքի բնակիչ 52-ամյա Գայանե Սարգսյանը և հայտնել, որ թիվ 33 մանկապարտեզից գողություն է կատարվել։

Տեղում Գ. Սարգսյանը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք հոկտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Տաշիրի խճուղում գործող թիվ 33 մանկապարտեզի մուտքի և իր աշխատասենյակ դռները բացելու միջոցով մտել են ներս և այնտեղից հափշտակել գումար, ալկոհոլային խմիչքներ և մեծ քանակի 500-դրամանոց մետաղադրամներ։

Դեպքի փաստով Լոռու մարզի քննչական վարչությունում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Տարոնի բաժին է ահազանգում Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Արմենուհի Մարկոսյանը և հայտնում, որ հոկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Տարոն 2 ՔՇՀ 3 հասցեում գտնվող թիվ 40 մանկապարտեզի մուտքի դուռը լինգով բացել, մտել են ներս և միջանցքից գողացել «Մուռինո» տեսակի ջեռուցման կաթսա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ