«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Պատճառը, ըստ որոշ ենթադրությունների, այն է, որ երբ Արմեն Գրիգորյանի մահվանից հետո համացանցում հարձակում սկսվեց Գրիգորյանին կալանավորած դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դեմ, Դատավորների միությունը որեւէ կերպ չսատարեց նրան։
Ալեքսանյանն էլ, ըստ այդմ, որոշել է պատժել` դիմում գրել եւ դուրս գալ միությունից։ Ալեքսանդր Ազարյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, հեգնական տոնով էր արտահայտվել Արուսյակ Ալեքսանյանի հասցեին՝ նշելով․ «Եթե Արուսյակը մտածում է՝ ես պետք է հետեւեմ նրան ուղղված յուրաքանչյուր քոմենթի, չարաչար սխալվում է: Դատավորների միությունը չի պատրաստվում հետեւել Արուսյակին. շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք լուծելու»։
Հիշեցրել է, որ ժամանակին իր նկատմամբ էլ է արշավ եղել` ոչ ոք չի սատարել, այդ թվում` Դատավորների միությունը: Ապա ավելացրել է․ «Ամեն դեպքում, Արուսյակ Ալեքսանյանի՝ Դատավորների միությունից դուրս գալու առիթով միությունը եռօրյա սուգ հաստատ չի հայտարարել»։ Ազարյանը նաեւ գնահատական է հնչեցրել Արուսյակ Ալեքսանյանի՝ Արմեն Գրիգորյանի մասով կայացրած դատական ակտի վերաբերյալ․ «Ես համոզված չեմ, որ կոնկրետ Արմեն Գրիգորյանի մասով դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կայացրել է օրինական դատական ակտ: Ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք այդ ակտն օրինական է եղել, թե՞ ոչ»։
Բայց նաեւ նկատել է, որ միայն Ալեքսանյանը չէ այդ որոշման պատասխանատուն` կալանքի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան եւ չի փոխվել, բայց ոչ ոք չի տալիս վերաքննիչի դատավորի անունը: Մենք կապ հաստատեցինք դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հետ՝ հարցնելով, թե որն է Դատավորների միությունից դուրս գալու պատճառը, արդյոք ճի՞շտ են մամուլում հայտնված տեղեկությունները, թե միությունն իրեն չի սատարել, դրա համար է դիմում գրել։ Նաեւ հետաքրքրվեցինք, թե կարող է ասել Դատավորների միության նախագահի արած հայտարարությունների առնչությամբ։ «Միակ փաստը, որ ես կարող եմ հավելել, այն է, որ այսօր ես համապատասխան գրություն եմ ուղարկել արդարադատության նախարարություն, ինչպես նաեւ՝ էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Մարաբյանին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն պարոն Ազարյանի կողմից տրված հարցազրույցում դատական իշխանության եւ իմ վերաբերյալ հեգնական արտահայտություններ անելու եւ, որ ամենակարեւորն է, իմ կողմից կայացված դատական ակտի վերաբերյալ կարծիք հայտնելու, գնահատական տալու եւ կասկածի տակ դնելու հանգամանքը»,- ասաց Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է Դատավորների միությունից դուրս գալուն, ապա նա չցանկացավ իր այդ որոշումը մեկնաբանել կամ բացատրել․ «Եթե ես նպատակահարմար գտնեի դա որեւէ կերպ պատճառաբանել, ապա կպատճառաբանեի իմ դիմումում։ Բայց դրա վերաբերյալ ես որեւէ պատճառաբանություն չեմ ցանկանում ներկայացնել»։
Փորձեցինք ճշտել՝ չի՞ ուզում մեկնաբանել այն տեղեկությունը, թե նեղացած կամ դժգոհ է միությունից, որ վերջինս չի պաշտպանել իրեն։ «Չեմ ցանկանում որեւէ կերպ մեկնաբանել, քանի որ ես որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունեմ, քանի որ գործել եմ օրենքի շրջանակներում, ե ւ իմ միակ պաշտպանն օրենքն է»,- ասաց նա։
Իսկ կապ ունե՞ր միությունից իր դուրս գալը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հետ կատարված ողբերգական դեպքի ու դրան հաջորդած զարգացումների հետ։ «Պարոն Մակարյան, ես արդեն ասացի, որ որեւէ կերպ չեմ ցանկանում մեկնաբանել։ Բայց կրկնում եմ՝ ես որեւէ մեկի հովանավորչության կամ պաշտպանության եւ նման կատեգորիայի այլ երեւույթների կարիքը չունեմ»,- շեշտեց դատավորը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը