Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյաը Սահմանդրության օրվա առթիվ ուղերձ է հղել։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի դատավորներ, իմ կողմից ավելի վաղ արված հայտարարություններով անդրադարձ է կատարվել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի՝ մինչև սույն թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածի անօրինական գործողություններին՝ 20-ից ավելի դատավորների պաշտոնավարման դադարեցում, սեփական շահերին վերաբերող օրենսդրական փոփոխությունների ընդունում, ԲԴԽ դատավոր անդամի ընտրություններին միջամտություն և այլն:
2023 թվականի ապրիլից հուլիսի 3-ը Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ֆինանսական անքակտելի կապերով փոխկապակցված ընկերոջ՝ Գրիգոր Մինասյանի հետ համակատարմամբ, այլ անձանց ներգրավմամբ ու օժանդակությամբ շարունակել են սահմանադրական կարգի, դատական իշխանության դեմ ոտնձգությունները, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում.
Այսպես՝
Կ.Անդրեասյանը, շարունակել է Արդարադատության նախարար Գ.Մինասյանի հետ (ինչպես նաև մերձավոր ազգականների անուններով) տնօրինել ֆինանսական միջոցներ և գույք, միջազգային համընդհանուր (օրինակ՝ ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) ու հատկապես ներպետական օրենսդրության արգելքի պայմաններում (ՀՀ դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) առանձնակի հանդգնությամբ ու հրապարակային կիսելով տնտեսական գործունեության շահույթը (ինչը հաստատել են սեփական ստորագրություններով), որն առերևույթ գերազանցել է վերջիններիս պետական աշխատավարձի առնվազն կրկնապատիկը, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ձեռնամուխ են եղել նախկինում և տվյալ ժամանակահատվածում տարբեր եղանակներով դատավորների անկախության, անփոփոխելիության, խոսքի ազատության սահմանադրական երաշխիքները, սկզբունքները սահմանափակող օրենսդրական փոփոխությունների ընդունմանը, մի շարք դատավորների նկատմամբ ընտրողական և կամայական կարգապահական վարույթների հարուցմանը, պատասխանատվության ենթարկելուն ու իրավաբանական համայնքում հեղինակություն վայելող դատավորների լիազորությունները դադարեցնելուն:
Մասնավորապես՝ ապրիլին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթներ են հարուցվել դատավորներ Ա.Խառատյանի, Տ.Պետրոսյանի, Ա.Բարսեղյանի և Ս.Թադևոսյանի նկատմամբ ՄԻԵԴ որոշումների արդյունքում ենթադրյալ խախտումների հիմքով, այն պայմաններում, երբ նշված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ եղել է Կարեն Անդրեասյանի կողմից «Եվրոպայի իմաստություն» որակված Վենետիկի հանձնաժողովի՝ իր իսկ կողմից հայցած, սակայն խիստ բացասական արձագանքի արժանացած կարծիքը՝ պետությանը՝ ՄԻԵԴ վճիռների տեսքով մարտահրավերների առջև կանգնեցնելու անխուսափելի վտանգի մասին (տես` Opinion No 1074/2021 CDL-AD(2022)002): Կարեն Անդրեասյանը և մյուսները չխորշելով պետությանը մարտահրավերների առջև կանգնեցնելու վտանգից՝ դատավորներին, որոնց նկատմամբ հարուցվել են վարույթները և դադարեցրել լիազորությունները ընտրել են կամայական եղանակով՝ չպահպանելով որևէ օրինաչափություն, այդպիսով ևս հաստատվել է խտրական վերաբերմունքը նշված դատավորների նկատմամբ:
Բարձրագույն դատական խորհրդում վարույթների վերաբերյալ գործի քննությունն իրականացվել է դատավորների իրավունքների կոպիտ խախտումներով: Առնվազն աննախադեպ է եղել տևական ստացիոնար բուժման մեջ գտնվող ու բժշկական փաստաթուղթ ներկայացրած դատավորին հիվանդանոցում ծանուցագիր հանձնելն ու նիստին ներկայանալու՝ նույնիսկ քրեական վարույթներով չհանդիպող պարտադրանքը: Վարույթների ընթացքում ի թիվս այլ սահմանադրական երաշխիքների, սկզբունքների խախտումների, առանձնահատուկ հանդգնությամբ են դրսևորվել լիազոր մարմնի՝ նախարարի ու ԲԴԽ նախագահի՝ ո՛չ գործնական, ո՛չ աշխատանքային հանդիպումներն ու համատեղ հանգստի մեկնելը, ինչը բացահայտվել է ոչ թե իրենց կողմից դատական նիստի ընթացքում (ի հակադրումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի), այլ՝ մամուլի կողմից:
Հարկ է նկատել, որ դատավորների նկատմամբ խտրական վերաբերմունքի փաստն արձանագրվել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից միայն դատավորների լիազորությունները դադարեցնելու հաջորդ օրը՝ հուլիսի 4-ին: ԿԿՀ-ն առաջարկել է նախարարությանը ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը զսպելու, հանրային վստահությունը բարձրացնելու, ինչպես նաև գործընթացն առավել թափանցիկ դարձնելու նպատակով սահմանել վարույթների հարուցման առաջնահերթությունները՝ անձանց վիճակը վատթարացնող օրենքներին հետադարձ, հակասահմանադրական ուժ տալու առումով: Այս կապակցությամբ պետք է նշել, որ նույնիսկ հանձնաժողովի առաջարկությունները դատավորների լիազորությունները դադարեցնելուց հետո ընդունելու դեպքում, հաստատվելու են միայն խտրական վերաբերմունքի առկայությունը ու դրա հնարավոր չեզոքացումը հետագայում, մինչդեռ նույնիսկ դա չի վերացնելու պետության համար վերահաս մարտահրավերները՝ անձանց վիճակը վատթարացնող օրենքների հետադարձ հակասահմանադրական կիրառման առումով:
Հուլիսի 3-ին դադարեցվել են նաև դատական իշխանությանը վերաբերող հարցերի մասին արտահայտվելու իրավասությունը պարբերաբար իրացրած դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները:
ԲԴԽ-ն առանց դատավորի կարծիքը հաշվի առնելու նախարար Մինասյանի միջնորդության հիման վրա ազատ խոսքի իրացման սահմաններին վերաբերող գործի քննությունը դռնփակ իրականացնելու մասին որոշում է կայացրել՝ նախապես հրապարակելով վերագրվող խախտման բնույթը դռնբաց դատական նիստում: Դատավորին զրկել են վերագրվող խախտման ու մյուս հարցերի վերաբերյալ հրապարակային դիրքորոշում հայտնելու հնարավորությունից:
Տվյալ պահին չանդրադառնալով աննախադեպ խախտումներին՝ հարկ է նշել, որ վարույթի քննությունն իրականացվել է ԲԴԽ ոչ օրինական կազմով՝ 4 ոչ դատավոր անդամի և 2 դատավոր անդամի մասնակցությամբ՝ Կարեն Անդրեասյանի սահմանած ու ընթացքում փոփոխվող կամայական կանոններով:
Ավելին՝ միայն նիստերի արձանագրությամբ մասնավորապես՝ ապացուցվել է Կարեն Անդրեասյանի կողմից դիտավորությամբ խորհրդի անդամների մեծ մասից թաքուն վարույթին ներգրավված փաստաբաններին դատական նիստին մասնակցելու արգելք սահմանելու հրամանի արձակումը, իսկ նիստում արդեն բարձրաձայն ափսոսանք ու ցավի արտահայտումը՝ դատավորի և փաստաբանների բացակայության առթիվ՝ իրեն «շնորհելով» դատական նիստը նրանց բացակայությամբ շարունակելու՝ բոլոր փուլերը 17 րոպեում ավարտելու հնարավորություն:
Կարեն Անդրեասյանն ամբողջ վարույթի ընթացքում դատավորին զրկելով վերագրվող խախտման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, ԲԴԽ անդամների թողտվությամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել նաև վերջիններիս նկատմամբ՝ նրանց բնորոշելով որպես ոչ ինքնուրույն՝ հանելով նրանց տված հարցերը և առաջարկությունները: Արդյունքում ԲԴԽ նախագահն ու մյուսները հավանաբար հիմք են ընդունել դատավորի՝ դատական համակարգին վերաբերող մտահոգությունների կապակցությամբ բազմիցս գրավոր և հրապարակային արտահայտված դիրքորոշումների վերաբերյալ բացառապես ֆինանսական գործընկերոջ՝ վարույթ հարուցելու որոշմամբ արված մեկնաբանությունը:
Հարկ է նշել նաև, որ ԲԴԽ ոչ դատավոր անդամները, ովքեր չեն նշանակվել կամ ընտրվել թափանցիկ, արժեքային (որակավորման) չափանիշների հիման վրա և նշանակումներն անհամատեղելի են եղել Դատական խորհուրդների եվրոպական ցանցի (ENCJ) կողմից սահմանված չափանիշների, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից 2018 թվականին տրված խորհրդատվական հանձնարարականի հետ, ինչն արձանագրվել է նաև դատավորների Եվրոպական միության հունիսի 2-ի հայտարարությամբ, գործնականում ապացուցում են հեղինակավոր կառույցների մտահոգությունները. գործընթացներում դրսևորում են ոչ բարձր մասնագիտական պատրաստվածություն ու անկախության ցածր մակարդակ: Առավել մտահոգիչ է առանձին դատավոր անդամների վարքագիծը՝ անկախությունն ու ինքնուրույնությունը պահպանելու գործընթացում: Բարձրագույն դատական խորհրդի գործողությունները, առանձին անդամների վարքագիծը ոչ թե երաշխավորում են դատավորների անկախությունը և օրինակ հանդիսանում, այլ սպառանալիք են դատական իշխանության անկախության համար՝ տարածելով նաև ահաբեկման մթնոլորտ համակարգում:
Դատավորների նկատմամբ վրեժխնդրությունն իրացնելուց զատ Կարեն Անդրեասյանը հուլիսի 3-ին հանդուգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ՝ օրենքի ուժով դռնբաց դատական նիստում ակտերը հրապարակելու պարտականության ընթացքում դատական նիստերի դահլիճը պարտադրանքով փորձել են լցնել ԲԴԽ աշխատակազմի, ԲԴԽ անդամների օգնականներով և դեպարտամենտի աշխատակիցներով, իսկ դեպի նիստերի դահլիճ տանող ճանապարհն արգելափակել են կարգադրիչների երկշարք պատնեշով՝ լեփ լեցուն դահլիճի կեղծ պատրվակով արգելել են ներկա բոլոր լրատվամիջոցների և դատավորի ներկայացուցիչներից մեկի մուտքը դատական նիստերի դահլիճ:
Ամփոփելով՝ հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ Կ.Անդրեասյանը բարձրագույն դատական խորհրդի ժամանակավոր անդամ է, խորհրդի գործունեության բացասական հետևանքները զգացնել են տալու տարիներ շարունակ, և այդ հետևանքների առաջին կրողները դատավորներն են ու հանրությունը, ուստի այսօր՝ Սահմանադրության օրը, կոչ եմ անում դատավորներին գործել բացառապես երկրի գլխավոր օրենքին համահունչ և կասկածելի ու հանցավոր արկածախնդիր, ոչ պրոֆեսիոնալ մարդկանց ձեռքին մանրադրամ չդառնալ»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը