«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը դիմել է պաշտպանության նախարարությանը՝ առաջարկելով ՊՆ-ին նվիրաբերել իր Prinoth, T4SRP մակնիշի ձյուն հարթեցնող թրթուրավոր մեքենան։ ՊՆ-ն էլ սիրով ընդունել է նվերը, եւ երեկ որոշումը հաստատվեց կառավարության նիստում։ Հրաչյա Ռոստոմյանը, հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանի թիմակիցն է, թեպետ ԲՀԿ անդամ չէ։ Նա ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիայի շրջանում զբաղեցրել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը։ Եվ հիմա, մեր տեղեկություններով, մտադիր է նոր կուսակցություն հիմնել։
Մեզ պատմեցին, որ արդեն թիմ է հավաքագրում, փորձում է նոր մարդիկ գտնել, մանավանդ՝ սպորտի աշխարհից։ Խոստանում է, որ նոր կուսակցությունը ոչ մեկի, այդ թվում՝ նախկինների եւ անգամ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ չի ասոցացվելու։ Նպատակը քաղաքական դաշտ մուտք գործելն է՝ առաջին փուլում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ծրագրով։ Նա իր էջում մի լուսանկար է հրապարակել՝ խորհրդավոր մակագրությամբ․ «Վերադարձ»։ Փորձեցինք նրանից մեկնաբանություն ստանալ։ «Էս պահի դրությամբ տենց բան չկա, ո՞վ ա տենց բան ասել»,- կեսբերան հերքեց Ռոստոմյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը