Ասում են Ժնևում ինչ-որ բանակցություններ են լինելու:
Չէ, բնականաբար, որպես լրագրող, տեղյակ եմ, որ նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կամ նրանց միջնորդությամբ՝ Հայաստանի ԱԳ նախարարի և ադրբեջանական ղեկավար հանցախմբի ներկայացուցչի հանդիպումը: Հեռավոր, խաղաղ ու բարեկեցիկ Ժնևում: «Ինչ-որ բանակցություններ»...
Այ, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանեին, օրինակ Հադրութ կամ, ասենք, Մարտակերտ կամ թեկուզ Պարտավ (թուրքերը Բարդա են ասում) և այդ հանդիպումն էլ այնտեղ լիներ, միգուցե դա չէր լինի «ինչ-որ բանակցություն»: Եվ հետո, թեկուզ մեկ օր միգուցե իսկապես հրադադար լիներ, որ այս մեկ ամսվա մեջ երեք անգամ իբրև թե հայտարարվեց, բայց բնականաբար, 3 րոպե էլ չտևեց, քանզի ադրբեջանական ղեկավար հանցախումբը, ինչպես միշտ, խախտեց այն: Այդպես, ի դեպ, եղել է միշտ, նաև ազատամարտի տարիներին: Ի վերջո, ԵԱՀԿ ՄԽ միջնորդությունն էլ նոր երևույթ չէ այս հակամարտության ընթացքում:
Ի՞նչ կտա Ժնևում նախատեսված հանդիպումը: Դժվար է ասել: Թող նախ, այն տեղի ունենա, հետո՝ կերևա, թե ինչ տվեց կամ չտվեց: Ինքս, շիտակ ասեմ, ոչ մի ակնկալիք չունեմ այդ հանդիպումից: Այլապես չէի նշի՝ «ինչ-որ բանակցություն»:
Հարց է նաև, թե ո՛ւմ հետ հանդիպել կամ բանակցել: Ու սա ոչ մի դեպքում վերացական կամ հռետորական հարց չէ:
Բանակցել Ադրբեջանի դինաստիական նախագահ Ալիևի՞ հետ: Բայց մի՞թե պատերազմական հանցագործների հետ բանակցում են: Պատերազմական հանցագործներին, մարդկության դեմ ոճիր կատարածներին, որպես կանոն՝ գնդակահարում են, կամ պարզապես շանսատակ են անում, ինչպես վրիժառու Սողոմոն Թեհլիրյանը շանսատակ արեց, օրինակ՝ Թալեաթին:
Պարզից էլ պարզ է, որ անկախ այն բանից, թե որքան կտևի ու ինչ դիրքով կավարտվի կամ կհրադադարեցվի այս դաժան պատերազմը, վաղ թե ուշ հայ վրիժառուի արձակած գնդակները հասնելու են թե՛ Էրդողանին, թե՛ նրա խամաճիկ Ալիևին: Գոնե տողերիս հեղինակը դրանում վստահ է:
Բայց իսկապես. ո՛ւմ հետ բանակցել: Մեթոդաբար ու պլանավորված Արցախի բոլոր բնակավայրերը արկերով, ռումբերով ու հրթիռներով ավերող, ըստ էության՝ ցեղասպանության ծրագիր իրականացնող (շարունակող) թշնամո՞ւ հետ: Ծննդատուն, հիվանդանոցներ, դպրոցներ ու մանկապարտեզներ, եկեղեցիներ թիրախավորող ստահակի հետ ի՞նչ բանակցություն կարող է լինել:
Ու բանակցել, որ ի՞նչ լինի:
Որ հերթական անգամ, բանակցությունները, ենթադրենք՝ դեռ չավարտված, թշնամին էլի հրթիռներով ու հրոսակներով վրա տա՞: Հերթական «սմերչ»-ն ու չիգտեմ թե է՛լ ինչ անիծված մահաբեր հրթիռն ու «բայրակթա՞րը» արձակի մեր քաղաքների ու գյուղերի վրա:
Օրերս մի նման ֆրազ նետվեց հանրությանը: Կարծեմ՝ «ցավոտ զիջումներ» տարբերակով էր ձևակերպումը: Ըստ հեղինակային մեկնաբանություն-պարզաբանման, դա միջազգային հանրության համար հայկական կողմերի՝ Հայաստանի և Արցախի կառուցողականությունը ընդգծելու նպատակով էր, հընթացս՝ հանրության ազգային ինքագիտակցությունն ու ինքնասիրությունը բորբոքելու, կարծես թե: Վերջին մեկ ամսվա առաջին կեսում սպառելով նյարդերի ամրության հիմնական ռեսուրսները, այս երկու շաբաթը ամեն մի հայտարարության ու ամեն ինչին չէ, որ նախկին, նախապատերազմական ուշադրությամբ եմ հետևում: Բայց այս մի հայտարարության իմաստը, որքան հասցրեցի ընկալել, դա էր:
Չգիտեմ, թե «միջազգային հանրույթունն» ինչպե՞ս, բայց երկրորդ մասով հարվածը ուղիղ թիրախին դիպավ: Չնայած, այս մեկ ամսվա մեզ մեր ազգային ամեն ինչը այնքան է բորբոքվել, որ երևի էլ տեղ չկա:
Եվ հետո, ո՞վ է այդ «միջազգային հանրությունը», նկատի ունեմ, թե ո՞ւմ դեմքով է հանդես գալիս: Ու ի՞նչ, որ հանդես է գալիս: Կամ ի՞նչ է հանդես գալիս: Լղոզված կամ թացը չորից չզատելով մտահոգվում է ու վե՞րջ: Եվ դա ի՞նչ «միջազգային հանրություն» է, որը բացարձակապես ոչ մի կերպ չունի որևէ ազդեցություն:
«Ցավոտ զիջումնե՞ր»: Եվ ո՞ւմ ենք դա ասում կամ ասելու՝ զոհված լուսավոր տղաների՞ն, որ կյանքի գնով պաշտպանեցին սեփական երկիրն ու ժողովրդին: Նրանց մարտական ընկերների՞ն, որ հիմա էլ դիմագրավում են թշնամուն:
Չգիտեմ, թե ով որտեղ ում հետ ինչ կբանակցի կամ չի բանակցի: Ու անկեղծ՝ դա չի էլ հետաքրքրում: Չի՛ հետաքրքրում, որովհետև այսօր «բանակցային սեղանը» ռազմի դաշտում է:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը