09 03 2020

Տնտեսական փայլուն փուչիկը

Տնտեսական փայլուն փուչիկը

Թե ինչ «փայլուն տնտեսական տարի ենք սկսել», ինչի մասին իր հերթական «դուխով» գրառումն էր արել Նիկոլ Փաշինյանը, առիթ ունեցել ենք անդրադառնալու մեր նախորդ հրապարակմամբ։ Նշել էինք, որ, ըստ էության, «փայլուն» կամ «բարձր տնտեսական նոտայով» աճը ոչ այլ ինչ է, քան հիմնականում վիճակագրական կոմիտեի կողմից տվյալների աղավաղման և թվային մանիպուլյացիաներ։ Ներկայացրել էինք նաև իրականության հետ հակասության մեջ մտնող թվային տվյալները՝ ըստ տնտեսության ճյուղերի։ Ուշագրավ են նաև միջին աշխատավարձի, գնաճի և արտաքին առևտրի՝ հատկապես արտահանման ցուցանիշները, որոնցով նույնպես հպարտանում էր «հպարտների» վարչապետը։

Այսպիսով, հունվարին գնաճը կազմել էր 0,2 տոկոս, իսկ միջին աշխատավարձը աճել 5,9 տոկոսով։ Առաջ անցելով նշենք, որ փետրվարին անգամ գնանկում է արձանագրվել, ինչը փաստում է, որ ներկայացվող 8,9 տոկոս տնտեսական աճը պարզապես փուչիկ է։ Եթե նման տնտեսական աճ լիներ, ապա զուգահեռաբար պետք է ավելանար բնակչության գնողունակությունը, հետևաբար և ավելի բարձր գնաճ արձանագրվեր։ Դա տեղի չի ունեցել, և հենց գնաճի նման ցուցանիշն էլ մատնում է տնտեսական բարձր աճի գոյություն չունենալը։

Ինչ վերաբերվում է աշխատավարձին։ Բանն այն է, որ պետական հատվածում աշխատավարձն իրոք բարձր աճ է ունեցել՝ 8,6 տոկոս, իսկ մասնավորում՝ 3,8 տոկոս։ Արդյունքում, միջին աշխատավարձի աճը կազմել է 5,9 տոկոս։ Երևի ավելորդ անգամ չարժե մանրամասնել, որ պետական հատվածում աշխատավարձերի աճը պայմանավորված է առաջին հերթին նախարարների, փոխնաարարների, աշխատակազմի ղեկավարների, մարզպետների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների աշխատավարձերի կտրուկ բարձրացմամբ, ինչպես նաև գրեթե ամենամսյա աստղաբաշխական պարգևավճարներով, որոնց ահռելի մասը դարձյալ ստանում են հենց բարձրաստիճան պաշտոնյաները։ Այս երևույթը բազմիցս քննադատության է արժանացել հասարակության լայն շրջանակների կողմից, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը դա ներկայացնում է որպես փայլուն ցուցանիշ։ Այդպիսով, հերթական անգամ ցույց տալով, որ ինքն ու իշխանական շրջապատն են միայն «աղքատությունը գլխում հաղթահարել» և իր անմիջական հրահանգով է տեղի ունեցել ոմանց համար աշխատավարձերի՝ տվյալ դեպքում իսկապես աննախադեպ բարձրացումը։ Իսկ այն, որ դա սոցիալական դժգոհության և քննադատությունների ալիք է առաջացնում, առանձնապես նրան չի էլ հուզում։

Եվ վերջապես, արտահանման աճի մասին՝ հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ 20,4 տոկոսով կամ մոտ 29 մլն դոլարով։ Դիտարկելով, թե ինչի՞ շնորհիվ է տեղի ունեցել արտահանման աճը՝ հերթական անգամ համոզվեցինք, որ բացի ինորցիայից և մետաղների միջազգային գներից, դրան նպաստող որևէ քաղաքականություն չի եղել։ Այսպես, հանքահումքային արտադրանքն այս տարվա հունվարին անցած տարվա հունվարից ավելի է եղել մոտ 19-20 մլն դոլարով, իսկ ոչ թանկարժեք մետաղներինը՝ մոտ 10 մլն դոլարով։ Վերջ՝ դա է ամբողջ 30 մլն դոլարի աճը նախորդ տարվա հունվարի համեմատ։ Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հանքարդյունաբերությունը մեր ապագան չէ, որ ընդերքի հաշվին տնտեսությունը զարգացնելը սխալ է և որ պետք է զարգացնենք գիտելիքահենք արտադրություն, բայց հպարտանում է առաջինի արտադրանքի արտահանման աճով և բացարձակապես ոչինչ չի անում երկրոդի կյանքի կոչելու ուղղությամբ։ Ընդ որում, մշակող արդյունաբերության երեք խոշոր ճյուղերում՝ պատրաստի սննդի արտադրանք, մանածագործական իրեր (հագուստ) և թանկարժեք ու կիսաթանկարժեք իրեր և մետաղներ՝ արտահանումը նվազել է։

Թերևս այսքանը բավական է եզրակացնելու համար, թե որքանո՞վ է այս տարին «փայլուն» սկսվել, ո՞ւմ համար է այն այդպիսին և ի՞նչ գործընթացներ են իրականում տեղին ունեցել։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ