26 02 2020

«Պահանջվող» տնտեսական աճի հրահանգը սկսեց կատարվել

«Պահանջվող» տնտեսական աճի հրահանգը սկսեց կատարվել

2019 թ-ին 8 տոկոսից ավելի տնտեսական աճ ապահովելու խնդիր էր դրված վիճակագրական կոմիտեի առջև։ Հակառակ բոլոր ջանքերի եւ աճպարարությունների՝ ապահովելու համար Նիկոլ Փաշինյանի պահանջած տնտեսական աճը, հաջողվեց տնտեսական աճի ցուցանիշը առավելագույնը հասցնել 7,6 տոկոսի։ Տնտեսության իրական վիճակի մասին պատկերացում կազմելու համար թերեւս առանձնապես էական էլ չի, թե ինչ թիվ կպատկերի վիճակագրական կոմիտեն՝ 8 տոկոս, թե՞ 7,6։ Էականն այն է, որ կոմիտեն առավելագույնն արեց բարձր տնտեսական աճի պատկեր ցույց տալու համար, որն անպայման պետք է գերազանցեր, այսպես կոչված՝ նախահեղափոխական 2017 թ․-ի 7,5 տոկոս տնտեսական աճը եւ որը հնարավորություն կտար Նիկոլ Փաշինյանին հայտարարելու, որ 2008 թ․-ից հետո Հայաստանում գրանցվել է տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը։ Այսինքն, կարող ենք փաստել, որ վիճկոմը անցյալ տարվա առաջադրանքը եթե ոչ գերազանց, ապա համենայնդեպս լավ կատարեց։ Հիմա ձեռնամուխ է եղել 2020 թ․-ի ցուցանիշների կատարմանը։

Հիշեցնենք, թե այս տարվա համար ինչ ազդակ է հղել վիճակագրության կոմիտեին Նիկոլ Փաշինյանը՝ ամեն ինչ անել 8-9 տոկոս տնտեսական աճի եւ գյուղատնտեսությունում անկումը հաղթահարելու համար։ Բնականաբար, նա չի ներկայացրել թե ի՞նչ պետք է անել, քանի որ տնտեսության մասին պատկերացում եւ գործողությունների ծրագիր չունեցողը չէր էլ կարող դա անել։ Ուստի հույսը մնում է վիճակագրությունը։

Եվ ահա, այս տարվա առաջին իսկ՝ հունվար ամսվա ցուցանիշների մեջ սրբորեն կատարվել է «շեֆի» հրահանգը։ Տնտեսական ակտիվության աճը նրա պահանջած տնտեսական աճի միջակայքի վերին շեմի մոտ է՝ 8,9 տոկոս։ Գոնե ձեւական փորձ՝ մեկ-երկու ամիս հետո «հասնելու» պահանջված թվին չարվեց։ Բնական է, ժամանակը չի սպասում՝ առջևում ապրիլի 5-ի հանրաքվեն է։ Անհրաժեշտ է «հպարտներին» հավաստիացնել, որ «տնտեսական հեղափոխություն» կոչվող դատարկաբանությունը կյանքի է կոչվում եւ կերակրել նրանց լավատեսական թվերով՝ ներշնչելու համար, որ նրանք ավելի լավ են ապրում, քան նախկինում։  

Այժմ ըստ տնտեսության ճյուղերի ներկայացվող ցուցանիշների մասին։ Գյուղատնտեսության ցուցանիշները, բնականաբար հրապարակված չեն։ Անցյալ տարվանից դրանք սկսվել են հրապարակվել միայն եռամսյակային պարբերականությամբ՝ «պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ» անհեթեթ պարզաբանմամբ:

Արդյունաբերությունում աճը կազմել է 13,4 տոկոս։ Անցյալ տարվա հունվարին արդյունաբերության 0,4 տոկոս անկման ֆոնին նման աճը տպավորիչ չի իհարկե, առավել ևս, որ այն տեղի է ունենում առավելապես հանքարդյունաբերության շնորհիվ։ Մի ճյուղ, որի մասին Նիկոլ Փաշինյանը ոչ վաղ անցյալում հայտարարում էր, որ դա մեր տնտեսության ապագան չէ, եւ երկրի ընդերքի հաշվին զարգացում ունենալը ճիշտ չէ։

Շինարարությունում, ըստ վիճծառայության, արձանագրվել է 7,7 տոկոս աճ։ Անցած տարվա հունվարին այստեղ աճը 22,1 տոկոս էր, իսկ տարեվերջում դժվարությամբ հասցվեց 4,6 տոկոսի՝ դեկտեմբերին 85 տոկոս աճ ցույց տալու շնորհիվ։ Դա նշանակում է, որ դեկտեմբերին շինարարության ծավալներն անցյալ տարվա միջին ամսականից առնվազն երեք անգամ ավելի է եղել, ինչը չէր կարող աննկատ մնալ։ Սակայն այն՝ ինչ աննկատ է եղել, «նկատվել» է թղթի վրա։ Շինարարությունում այս տարի ձգտելու են ամեն կերպ պատկերել մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «բումը», որը տեղի չունեցավ։

Տնտեսության ամենամեծ ծավալներ ունեցող ճյուղը՝ առեւտրի շրջանառությունը դարձել է աճպարարությունների գլխավոր հարթակը, որտեղ «ավանսով» բարձր աճ է ցույց տրվում, հետո մոտեցվում իրականությանը։ Անցյալ եւ նախանցյալ տարի, ամիսներ շարունակ արդյունաբերությունում եւ ներմուծման մեջ արձանագրվող անկման պարագաում առեւտրում ընդհուպ 20 տոկոսի հասնող աճ էր ցույց տրվում։ Այս տարվա հունվարին աճն այստեղ 10,3 տոկոս է նշված։ Ինչպե՞ս եղավ, որ արդյունաբերությունում եւ ներմուծման մեջ անկման փոխարեն սկսեց աճ արձանագրվել, առեւտրում դա արտացոլվեց աճի տեմպի նվազմամբ։ Այսինքն, սկսել ենք ավելի շատ արտադրել եւ ներմուծել, բայց ավելի քիչ ենք վաճառում, իսկ երբ ավելի քիչ էինք ներմուծում եւ արտադրում՝ ավելի շատ էինք վաճառում։ Կատարյալ անհեթեթություն։

Ծառայությունների ոլորտում աճը 13,2 տոկոս է, որը հիմնականում բուքմեյքերական ընկերություների շրջանառության շնորհիվ է տեղի ունենում։ Այսինքն, մարդիկ խաղադրույքներ են կատարում, որն էլ արձանագրվում է։ Չի ստեղծվում հավելյալ արժեք, գումարած՝ կլանվում են մարդկանց միջոցները։ Սա է այն միակ իրական գործընթացը, որը սկսվել է 2018 թ․-ին եւ որը «տնտեսական հեղափոխություն» կոչվածի ծնունդ է։

Անշուշտ, այնպես չէ, որ նախկինում վիճակագրական կոմիտեն զերծ էր մնում թվային ցուցանիշների աղավաղումներից, հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ Սակայն այլ բան է, երբ վիճակագրությունը գունազարդում է իրականությունը, այլ բան՝ երբ վիճակագրությունն ու իրականությունը սկսում են միմյանց հակադրվել՝ ինչպես հիմա։ Իզուր են վիճակագրական կոմիտեի ղեկավարն ու խորհրդի անդամները կարծում, թե իրենց արածը պակաս անբարոյական է, քան դատախազության եւ հատուկ քննչական ծառայության անբարոյականությունը։

Արա Մարտիրոսյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ