15 04 2024

Կառավարությունն ի վիճակի չէ կառավարել ռիսկերը. 168․am

Կառավարությունն ի վիճակի չէ կառավարել ռիսկերը. 168․am

Չնայած արձանագրվող բարձր աճերին՝ Հայաստանի տնտեսական իրավիճակը շարունակում է մտահոգիչ լինել։ Դրանով հանդերձ, այս տարի էապես ավելացել են ռիսկերը։ Կառավարությունն ի վիճակի չէ կառավարել այդ ռիսկերը ոչ միայն՝ այն պատճառով, որ կարողություններ չունի, այլև, որ դրանք շատ դեպքերում կախված չեն իրենից։

Այնպես, ինչպես կախված չէին նախորդ երկու տարիներին, չնայած արձանագրվող բարձր տնտեսական աճերին։ Զարմանալի չէ, որ այդ աճերն անհամեմատ, երբեմն կրկնակի-եռակի բարձր էին, քան մեր տնտեսության ներուժը։ Ցավոք, դրանք այդպես էլ էական նպաստում չունեցան տնտեսության ներուժի բարձրացմանը, ինչը կարող էր թուլացնել աստիճանաբար ուրվագծվող ռիսկերի ազդեցությունը՝ ինչպես հետագա տնտեսական աճերի, այնպես էլ՝ տնտեսության զարգացումների վրա։

Այն բազմաթիվ հնարավորությունները, որոնք վերջին երկու տարիներին առաջացել էին տնտեսության ներուժի բարձրացման ու հետագա զարգացումների գործում ամուր հիմքերի ստեղծման համար, անիմաստ մսխվեցին։

Դժվար է ասել, թե մեկ էլ երբ կարող է Հայաստանի տնտեսությունը նման շանս ստանալ։

Բոլոր ոլորտներում առաջիկայում մեզ դժվար փորձություններ են սպասվում։ Կապ չունի, որ դեռևս բարձր աճեր են գրանցվում՝ պայմանավորված հիմնականում մեկ գործոնով, որը կապված է ոսկու առ ու ծախի հետ։ Մյուս բոլոր առումներով արտաքին ազդեցությունները թուլացել են։

Անցած երկու տարիների բարձր աճերի գործում էական դեր կատարեցին դրսից եկող ֆինանսական հսկայական հոսքերը։ Դրանք նպաստեցին՝ ինչպես ներքին ու արտաքին առևտրի շարժերի ակտիվացմանը, այնպես էլ՝ ծառայությունների որոշ ճյուղերում շրջանառությունների կտրուկ ավելացմանը։ Դա տեսանք թե՛ ՏՏ ոլորտում, և թե՛ հատկապես ֆինանսական ու բանկային համակարգում, որտեղ ոչ միայն մեծ շահույթներ գեներացվեցին, այլև ստացվող ֆինանսական հոսքերը սպասարկելու արդյունքում բարձր աճեր գրանցվեցին։

Բայց այդ աճերն այլևս անցյալում են։ Ոչ միայն բանկային համակարգում, այլև հատկապես ՏՏ-ում, որը դրսից եկած լրացուցիչ ներուժի շնորհիվ մի պահ հասցրեց ռեկորդային բարձր ցուցանիշներ գրանցել։

Անցած տարի այս ոլորտներում աճի տեմպերը սկսեցին թուլանալ։ Հայաստան տեղափոխված ՏՏ ոլորտի բազմաթիվ մասնագետներ հեռացան։

Այդպես էլ իշխանությունները չկարողացան նրանց ներսում պահելու համար նպաստավոր միջավայր ստեղծել։ Ընդհակառակը՝ շատ դեպքերում իրավիճակն ի վնաս դրա էր, ինչն էլ դարձավ այս մասնագետների՝ Հայաստանից հեռանալու հիմնական պատճառներից մեկը։

Մյուս կողմից՝ նվազում են ֆինանսական հոսքերի ազդեցությունները բանկային համակարգի վրա։ Անցած տարվա կեսերից հոսքերը ոչ միայն դադարել են ավելանալ, այլև մուտքերի բավական մեծ տեմպերով նվազում է գնում. վերջին ամիսներին ընդհուպ 25-30 տոկոսանոց անկում է գրանցվում, ինչը բավական լուրջ կորուստ է բանկային համակարգի վրա։

Այս և այլ գործոններով պայմանավորված՝ անցած տարի բանկային համակարգի շահույթների անկում գրանցվեց։

Դատելով ֆինանսական հոսքերի վերջին ամիսների միտումներից, այս տարի անկումն ավելի կխորանա։

Արդեն ունենք ներքին շուկայում մնացած ֆինանսական հոսքերի բավական մեծ նվազում։

Անցած տարի դրանք գրեթե 35 տոկոսով կրճատվեցին։ Եվ, որ շատ ավելի վատ է, կրճատվեցին մաքուր տրանսֆերտային միջոցների հաշվին։ Ոչ առևտրային տրանսֆերտների զուտ ներհոսքի 60-65 տոկոսի անկում գրանցվեց։

Ֆինանսական շարժերի առումով այս տարին շատ ավելի ռիսկային է լինելու։ Տարեսկզբին արդեն զուտ հոսքերի երեք անգամից ավելի կրճատում ունենք։

Ֆինանսական հոսքերը շարունակելու են կրճատվել՝ մեծացնելով կորուստները բանկային համակարգում։

Դա բավական կտրուկ արտահայտվեց նաև Կենտրոնական բանկի արտաքին պահուստների վրա, որոնք մի քանի հարյուր միլիոն դոլարով նվազեցին և արդեն հայտնվել են շատ ավելի համեստ դիրքում, քան անցած տարվա սկզբին էին։

Այս ամենն անհետևանք չի մնա նաև արժութային շուկայի համար։ Ճիշտ է, վերջին օրերին, հայտնի ու անհայտ ազդեցություններով պայմանավորված՝ դրամը կրկին ամրապնդվեց, բայց դա ժամանակավոր գործընթաց է և կապված է հիմնականում որոշ առևտրային շարժերի, մասնավորապես, այսպես կոչված, «ոսկու տենդի» հետ։ Թեև այն ինչպես հանկարծակի հայտնվել է, նույնքան հանկարծակի կարող է անհետանալ։

Արժութային շուկայի համար ինչ-որ տեղ դեռ փրկություն է զբոսաշրջությունը, ինչը տարադրամային միջոցներ է ապահովում։ Բայց զբոսաշրջային հոսքերն էլ են այս տարվա սկզբին սկսել նվազել։ Առաջին եռամսյակում ավելի քան 14 հազարով պակաս զբոսաշրջիկ է եկել Հայաստան։

Բոլոր հիմնական ուղղություններով ճնշումը դրամի արժեզրկման ուղղությամբ է, բայց այն առայժմ հակառակ տրամաբանությամբ է շարժվում՝ որոշ առևտրային հոսքերի սպասարկման հաշվին։ Թեև արտաքին առևտուրը սրա արդյունքում աճում է անգամներով, այնուհանդերձ այստեղ էլ նոր դժվարություններ են ի հայտ եկել, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները շրջանցելու հնարավորություններն են սահմանափակվել։ Նույնիսկ, եթե հաջողվի պատժամիջոցներն ինչ-որ կերպ էլի շրջանցել, միևնույն է, այդ ուղղություններով այլևս աճի նախկին տեմպերը պահպանելու շանսեր չկան։ Իսկ դա նշանակում է, որ խնդիրներից չի կարողանալու փախչել նաև բյուջեն, որը նախորդ երկու տարիներին բավական մեծ միջոցներ ստացավ առևտրային շարժերից։ Դա տարեսկզբի մուտքերում արդեն տեսնում ենք։

Բյուջեի հարկային եկամուտների կատարողականը բախվել է խնդիրների հետ, նախատեսված եկամուտները չեն հավաքվում։ Առաջին եռամսյակում բավական մեծ թերակատարում է արձանագրվել, ինչը սպառնում է շարունակվել նաև հետագայում։

Բյուջեի համար հեշտ փողի աղբյուր դարձած մյուս խոշոր ոլորտը, որտեղից վերջին երկու տարիներին հարկերի տեսքով բավական մեծ գումարներ են մտել պետական գանձարան, ֆինանսական համակարգն է։ Բայց այստեղ ևս ռիսկեր են կուտակվել։

Ռիսկերը քիչ չեն նաև տնտեսությունից, որտեղ, չնայած արտաքուստ արձանագրվող բարձր աճերին, խիստ անմխիթար իրավիճակ է ստեղծվել։

Երբ այս բոլոր ռիսկերն ավելի առարկայանան, կառավարությունը կբախվի՝ ինչպես եկամուտների ստացման, այնպես էլ՝ նախատեսված բյուջետային ծախսերի կատարման խնդիրների հետ։ Դա է պատճառը, որ հրատապ նախաձեռնություններով, երբեմն՝ չպատճառաբանված ու տրամաբանությունից դուրս գործողություններով, անհարկի ճնշումներով, ֆինանսական ու հարկային բեռը մեծացնելով, հարկերն ու տուրքերը, տույժերն ու տուգանքներն ավելացնելով՝ փորձում են բյուջե լցնել։ Մոռանալով, որ դրա հետևանքները հետագայում ավելի ծանր են լինելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ