07 08 2019

Կեղծիք ու սուտ մինչև վերջ

Կեղծիք ու սուտ մինչև վերջ

Ստեփականերտ մեկնելուց առաջ Փաշինյանն ի լուր աշխարհի «գաղտնի փաստաթուղթ» հրապարակեց, որից նաև մեր թշնամիներն իմացան, որ մեր երկիրը «ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում է և ձախողված է»։ Այսինքն. երկիրը կառավարելու 15 ամիսներին Փաշինյանը ոչ մի հիմնավոր գնահատական չի ունեցել ու չի էլ զգացել, թե ինչ-որ բան այն չէ։ Կասկած չի առաջացել նաև իր կատարած բուն ինստիտուցիոնալ «բարեփոխման»` կառավարության կառուցվածը փոխելու ժամանակ։ Նրան ուղղակի դուր են եկել վիճակագրական նկարված թվերն ու այլոց հաղթական զեկույցները և ամենը «փայլուն» է գնահատել` մինչև պատահաբար ձեռք է ընկել 2014 թվի ինչ-որ գաղտնի փաստաթուղթ։

Եթե չնայենք Փաշինյանի առջև դրված ծուռ հայելուն, պարզ կտեսնենք, որ նաև անցած 15 ամիսներին երկրի ինստիտուցիոնալ ընթացքն իներցիոն է եղել։ Թավշյա փուլում, սակայն, սխալներն այնքան կործանիչ են եղել, որ իներցիան գրեթե դադարել է։ Եվ Փաշինյանը հիմա ուզում է համոզել, թե վատ ժառանգություն է ստացել ու լավ ինչ կա-չկա՝ ինքն է ստեղծել։ Ապացույցը` հենց անցյալը բացահայտ խեղաթյուրելու և արդարանալու փորձն է. «այն պրոբլեմները, որոնք այստեղ գրված են, մեկ տարում հնարավոր չէր շտկել»:

Իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Փաշինյանը հայտնեց, որ թավշյա իշխանափոխությամբ Հայաստանում հաստատած ամենակործան ռեժիմը` «նոր իրողությունը» մտադիր է արտահանել Արցախ։ Եվ ներկայացրեց` «ինչպիսին» է լինելու իր «ազդեցությունը» Արցախում կայանալիք առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ։

Արցախի ինքնիշխանության կյանքին միջամտելու Փաշինյանի անթաքույց ցանկությանը արցախցիներն արձագանքեցին սառը համբերությամբ։ Իսկ երբ նա խոստովանեց, որ «առաջնագծում ցանկացած սադրանք կարող էր գլխիվայր շրջել /հեղաշրջման/ տրամաբանությունը և բերել անկանխատեսելի հետևանքների»` համոզվեցին, որ հանուն նպատակի նա կարող է զոհաբերել նաև Արցախը։ Ակներև դարձավ, որ Արցախը մերժեց, չընդունեց, չհավատաց, չվստահեց հյուրին, իսկ «ժողովրդական հեղափոխությունը» համահայկականի վերածելու նրա բոլշևիկյան ծրագիրն արցախցին մտքում` ուրեմն նաև գործնականում տապալեց միանգամից և իներտ անտարբերությամբ շարունակեց լսել փաշինյանական ստերը` ջանադրաբար քայքայվող տնտեսությաբ երկրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ունենալու, շատ հեռավոր ապագայում ամեն ինչ բազմապատկելու և բազմամիլիարդանոց ձեռնարկությունների, լուսնային տրակտորի ու այլնի մասին։

Արցախցին չհավատաց, որ հայությունը հանուն իշխանափոխության սևերի ու սպիտակների, թավշականների ու թշնամիների, օրենքի առջև հավասարների ու օրենքը ոտնահարելու արտոնություն ունեցողնեցողների բաժանողը, Արցախի հերոսի նկատմամբ ցանկացած օրինազանցություն իր սին նպատակով արդարացնողն ու Արցախի I նախագահի դեմ քաղաքական հաշվեհարդար գործողը կարող է հանկարծ դառնալ միասնության անկեղծ քարոզիչ։ Արցախցին մերժեց նաև նախագահ Քոչարյանի կյանքի կոչած «Կոնսենսուս մինուս մեկ» քաղաքական օրակարգը աղավաղելու «մինուս մեկի» նկրտումը և չընդունեց նրա առաջարկած կեղծ, շինծու, անհիմն «կոնսեսուս»-ները։

Եթե Փաշինյանը գտնում է, որ «ժողովրդի կամքն աղճատելն ու աղավաղելն» իրոք «հակապետական, հակազգային» գործունեություն է, ուրեմն կամավոր պետք է հանձնվի արդարադատությանը, քանի որ ինքն է նախ աղճատել քվեարկությամբ արտահայտված ժողովրդի կամքը` երբ ժողովրդի ավելի քան 51%-ը չի ցանկացել մասնակցել իր կազմակերպած ոչմրցակցային ու պարտադրված ընտրություններին և ժողովրդի 65,75%-ը փաստացի ո՛չ է ասել թավշյա հեղաշրջմանը։

Եթե Փաշինյանը չի կեղծում ու իրոք մերժելի է համարում բռնությունը, ապա 2008-ին չպետք է խաբեր իրեն հավատացած ցուցարարներին ու նրանց չսադրեր զինված բռնարարքների, որի միջոցով իրագործվեց մարտիմեկյան ոճիրը ու տասը հայ զոհվեց, չպետք է հռչակեր պատերին ծեփելու և ասֆալտին փռելու ռեպրեսիա սևերի դեմ։ Իսկ երբ նա արդարացնում է իր նկրտումը` իրեն վերապահելով «օրինական բռնության», օրենքից դուրս լինելու իրավունք, ապա իր հետ կոնսեսուսն անհնարին է և նա միշտ կմերժվի։

Փաշինյանն ստում է, թե «բոլոր այն ուժերը, որ կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայաստանյան ու ներհայկական հարցեր լուծելու համար, հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, կարժանանան հայ ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ ՀՀ կառավարության ամենակոշտ հակազդեցությանը», քանի որ նրա նշանակած նախարարների, գերատեսչությունների ղեկավարների, պատգամավորների մեծամասնությունը սորոսյան աղբյուրներից սնվող և օտար կաբինետներում գրված ծրագրեր իրագործող անձինք են։ Իսկ եթե նա ինքն իրեն է միայն համարում միակ լեգիտիմը, ապա նրա հետ կոնսենսուսն անհնարին է։

Ոչ ոք կոնսենսուսի չի գա մեկի հետ, ով իրեն համարում է օրենքից վեր, իր հարազատներին ու բարեկամներին պաշտոններ ու մենաշնորհներ է բաժանում, բայց սուտ կոչեր է անում «հովանավորչությունն ու մենաշնորհներն արմատախիլ անելու» կամ «իրավունքի գերակայություն, օրենքի առաջ բոլորի հավասարություն, արտոնյալների գոյությունը բացառելու» մասին։ Չի կարող կոնսենսուս լինել մեկի հետ, ով բանտարկել կամ քաղաքական հաշվեհարդար է ձեռնարկել Արցախի հերոս մարտական գեներալների դեմ, բոլոր քայլերով թուլացնում է ինքնիշխան Արցախն ու միջամտություններով վտանգում պետականությունը, բայց կեղծիք է տարածում, թե «բանակցությունների նպատակը արցախի ինքնիշխանության ու անվտանգության, ազտամարտի արդյունքների պաշտպանությունն է»։

Նա պնդում է, թե «դավադրությունը բացառված է հենց մեր ծագումնաբանությամբ», մինչդեռ դա կեղծիքի վրա հիմնված արդարացման փորձ է լոկ, քանի որ հենց թավշյա իշխանության ծագումնաբանությունն է հուշում, որ այս ռեժիմի օրոք դավադրությունը բացառելու երաշխիքներ չկան։ Ոչ ոք ու ոչ մի ուժ չունի այս ռեժիմի հետ կոնսենսուսի եզրեր։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ