12 09 2019

Փաշինյանը նախապատրաստում է իր հրաժարականը

Փաշինյանը նախապատրաստում է իր հրաժարականը

Փաշինյանն ակամա նախապատրաստում է իր հրաժարականը։ Նա սպառել է իրեն և անկարողությունը, դիլետանտությունը, անպիտանությունն են ստիպում, որ նրան խաղից դուրս հանեն։ Հիմա նա ցանկանում է տպավորություն առաջացնել, թե իրեն խանգարում են, բայց ամեն օրվա հետ նրա անճարակությունը ավելի ակնհայտ է դառնում։ Իշխանական վերնախավն ու վարչապետի մերձավոր շրջապատն ավելի առարկայորեն, ռեալ են զգում թավշյա առաջնորդի համակողմանի սնանկությունը, աղաղակող անճարակությունը։

Ուստի պատահական չէ, որ ՔՊ-ից ու ԻՔ-ից արդեն դուրս են գալիս։ Եվ Փաշինյանը քաջ գիտակցում է. եթե չկարողանա կանխել իրեն լքողների ալիքը, ապա արտահոսքը կդառնա շարունակական, իսկ «սրանց հետ էլ հնարավոր չի աշխատել» եզրահանգմամբ կառավարությունում ու բոլոր գերատեսչություններում անշեղորեն ահագնացող հրաժարականները շատ արագ արտահոսքը կվերածեն հեղեղի: Հաճախակի դարձած փակ «հանդիպումների» ժամանակ վարչապետի հնչեցրած սպառնալիքներն ու շանտաժն արդեն չեն ներգործում։

Ազգայինը բոլոր հարթություններում կործանող ստամբուլյան կոնվենցիայի ու Ամուլսարի խնդիրները շատ ավելի ազդեցիկ գարծոններ են։ Պետական պաշտոնը, պատգամավորական մանդատը, բարձր աշխատավարձը, արտոնություններն ու ձրի շրջագայությունները արդեն իսկ շատ-շատերի համար խղճուկ սփոփանք են, երբ անթաքույց փորձ է արվում` բռնազավթել դատական համակարգը, սեփականացնել Սահմանադրական դատարանը, բոլորին հերթով դարձնել անձնական նկրտումների քավության նոխազ կամ քաղաքական հաշվեհարդարի թիրախ։

Թավշյա ռեժիմի հեռանկարն էլ ավելի մշուշոտ է դառնում հենց այս օրերին, երբ մեկնարկում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին բարձրաստիճան 3 այլ պաշտոնյաների դեմ «ջուր գործ» անվանումն ստացած դատավարությունը, որի ամեն րոպեն հղի է Փաշինյանի խաբեությունը բացահայտող ճշմարտությամբ։ Երբ և՛ Եվրոպան, և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը Փաշինյանինն փաստացի անտերության են մատնել:

Օրվա վարչապետն իր վաղվա փողն է ուզում վաստակել ինքնագործունեությամբ ու «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» մտայնությամբ։ Կհաջողվի՞ նրան՝ վայելել իր ազգադավության վարձը: Պատասխան կարող է դառնալ ամերիկյան պրակտիկան. այն, թե ինչպես վարվեցին Պորոշենկոյի հետ ու ինչպես չեն նկատում Զելենսկուն։

Բնականոն է, որ երկրում ստեղծված իրավիճակը բոլորն անգամ ակամա բնութագրում են «անորոշություն» բառով, իսկ անորոշության պայմաններում միայն սպեկուլյացիա կարող է լինել` քաղաքական դաժան, կեղծիքով ու ստով հագեցած սպեկուլյացիա։ Ասում են` Փաշինյանը անձամբ է զբաղվում ամեն ինչով, քանի որ ոչ պրոֆեսիոնալներին է նշանակել պաշտոններում: Տպավորություն է առաջանում, թե նա պրոֆեսիոնալ է ու բոլորի փախարեն աշխատում է արդյունավետ, մինչդեռ հենց իր կադրային քաղաքականությունն է հաստատում, որ ինքն է ոչ պրոֆեսիոնալ և ամեն ինչ արվում է հանուն միայն ու միայն անձնական շահի։

Եվ դա այլևս բացահայտ է։ Օրվա վարչապետի մերձավոր շրջապատն ու իշխանական վերնախավն արդեն գիտի, որ դիլետանտական պատկերացումներով հնարավոր չէ ներքին որևէ խնդիր լուծել, ներքաղաքական կոնցեպցիա ունենալ, արտաքին քաղաքական դաշտում գեթ մեկ արդյունավետ քայլ կատարել: Հիմա ԻՔ-ականներն են իրար մեջ քչփչում. ասում էին՝ ժողովուրդն է ամեն ինչ որոշելու, բայց արդեն՝ պատգամավորներն էլ ոչինչ չեն որոշում։

Քչփչում են, քանի որ նրանց պարտադրում են որոշումներ. ստիպում են պահանջված ձևով քվեարկել: Նրանք «ուզեք, թե չուզեք՝ մեր ասածը պետք է անեք» հարկադրանքով են գործում, քանի որ ոչ թե ընտրված են, այլ՝ նշանակված: Եվ հիմա նշանակողն իր կամքն է թելադրում ամենակենսական, երկրի ու ժողովրդի համար ճակատագրական հարցերում: Ստացվում է, որ մանդատ ու պաշտոն ստացածները հայտնվել են գերության մեջ կամ ճորտի կարգավիճակում։ Նրանց ուղղակի զրկել են ազատությունից` կենսական իրավունքից:

Հենց ԻՔ-ական պատգամավորնեն էլ ասում են. եթե Նիկոլը պետբյուջեից դրամական աջակցություն է տրամադրել մարտի 1-ի տուժածներին, ապա Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ցույցի մասնակիցների դեմ երբ ոստիկանական ուժ կիրառվի ու տուժողներ լինեն, ապա նրանք ևս փոխհատուցում են ստանալու: Եթե այդպես է, ապա ստացվում է, որ կառավարությունը խրախուսում է Ամուլսարի շահագործման դեմ ցույցերը և դրամական փոխհատուցում ստանալու ակնկալիքով ցուցարարներին բախումների է մղում՝ նոր մարտիմեկ մոգոնելու նկրտումով։ Սա ևս մեկ գործոն է, որ խտացնում է իշխանական միջավայրի անորոշությունը։

Նույն անորոշությունն է ոստիկանության շարքերում։ 2018-ին նրանք փողոց փակող սորոսականներին ու ծայրահեղականներին ժողովուրդ համարեցին ու ժողովրդի դեմ չգնացին։ Դրա հետևանքը եղավ իշխանափոխությունը, բայց հիմա փոխված ռեժիմը պահելու համար ոստիկանները պետք է դեմ գնան ժողովրդին:

Եվ անորոշությունը խտանում ու խտանում է միայն մեկ` Փաշինյանի անճարակության, դիլետանտության, անկարողության, անպիտանության, կեղծ լինելու պատճառով։ Անորոշությունը որոշակիացնելու միակ խաղաղ ելքը նրա հրաժարականն է. ինչին որ նա ընդառաջ է գնում բնականոն ու ակամա ընթացքով։

               

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ