11 10 2019

Կա՛մ կհեռանա, կա՛մ ժողովուրդը կհեռացնի. սա տեսանելի ապագայում անխուսափելի է

Կա՛մ կհեռանա, կա՛մ ժողովուրդը կհեռացնի. սա տեսանելի ապագայում անխուսափելի է

ԽՄԿԿ XX պատմական համագումարից հետո Խրուշչովը հանդիպումներ է ունենում կուսակցական տարածքային ակտիվների հետ` լուսաբանելու համար «անձի պաշտամունքի» էությունն ու բովանդակությունը։ Հանդիպումներից մեկում Խրուշչովի բոցաշունչ ելույթի ժամանակ դալիճից մեկը բղավում է. - Իսկ դո՛ւ ի՞նչ էիր անում։ Բղավողին բացահայտելու փորձն անարդյունք է մնում, բայց մի քանի րոպե հետո երբ հարցը դարձյալ ու կրկին հնչում է, Խրուշչովը պատասխանում է. - Ես էլ էի այդպես անում։

Հիմա ես ուզում եմ գուշակել. Փաշինյանի տեսանելի ու անխուսափելի հրաժարականից հետո առաջինը հենց նույն թավշականները չե՞ն սկսելու իրենց երբեմնի առաջնորդի դատափետումը։ Բացառում եմ, որ այսօր Փաշինյանին երկրպագողներն ու Նիկոլին կուռք դարձրած աղանդավորները վաղը չհնչեցնեն «անձի պաշտամունքի» մեղադրանքներ։ Նույն կերպ համոզված եմ. նրանք իրենց երեխաներին չեն ասելու, որ նրանց մանկասայլակներով են փակել խաչմերուկները` Նիկոլին իշխանության բերելու համար։ Ի՞նչ վիճակում են հայտնվելու և ի՞նչ են անելու պաշտոնյա դարձած ինֆանտները, երբ թավշյա ռեժիմը տապալվի։

Հիմա դեռ դոմինանտ է հասարակության էմոցիոնալ, գիտակցությունը հետին պլան մղած, ոխերիմությամբ տոգորված, աղքատիկ կյանքի համար նորանոր զոհեր պահանջող շերտը։ Փաշինյանի հաշվարկը հենց այս շերտի թվային գերազանցության, իրականությունը մակերեսորեն ընկալելու, պատճառներ գտնելու ջանք չանելու և հետևանքների մասին չանհանգստանալու վրա է կառուցված։

Մինչդեռ նույն այս շերտն է դառնալու նրա թավշյա ռեժիմի գերեզմանափորը` հենց որ նախկինների օրոք կուտակածը լրիվ ծախսի ու գիտակցի, որ նիկոլի թվին ոչինչ չի կարողանում կուտակել։ Հենց տեսնի, որ էլ հետ գցած բան չունի, այլևս չի կարողանում երեխաներին կերակրել ու հագցնել, իսկ ընտանիքն աղքատանում է։ Հենց զգա, որ ամենաթողության իրավունքով թավշականները սահմանափակում են նաև ի՛ր ազատությունները։ Հենց համոզվի, որ երբեք Փաշինյանի համար յուրային չի եղել, այլ եղել է լոկ նրան իշխանության բերելու միջոց։ Հենց բացահայտի, որ իրեն տարիուկես միայն խաբել են ու էյֆորիային փոխարինի անտարբերությունը։ Ի զուր չէր նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիրն անտարբերությունը հասարակության ամենավտանգավոր դրսևորումը համարում։

Փաշինյանը կամ ինքնակամ կհեռանա, կամ նրան ժողովուրդը կհեռացնի. սա տեսանելի ապագայում անխուսափելի է։ Հիմա նա նույնիսկ չունի ուժայիններ, որոնք կարող են, ընդունակ են իրեն պաշտպանել։ Սորոսականները «պաշտպանում» կամ որևէ այլ բան անում են համապատասխան գրանտի դեպքում միայն։ Լուսանցքային փոքրամասնություններն ընդհանրապես չեն պաշտպանվում. կամավոր հանձնվում են։ Այնպես որ. Փաշինյանն այլևս ապավինում է միայն ծայրահեղականների` իրենց «Սասնա ծռեր» անվանող ահաբեկիչների պաշտպանությանը։

Եթե Ստալինն ստիպված էր` անձամբ ասել «կա իմ կարծիքը և սխալ կարծիքներ», ապա հիմա Փաշինյանի փոխարեն դա են ասում պետական միջին ու մանր պաշտոններ ստացած և բյուջեից վարձատրվող հազարավոր հաստիքային ֆեյքերը։ Մինչդեռ. անխուսափելիորեն գալու է ժամանակը, երբ Փաշինյանը ոչ միայն ստելու հնարավորությունից զրկված կլինի, այլ նրա ոչ մի խոսքը ոչ ոք այլևս չի էլ ուզի լսել։ Թերևս. բացի անաչառ ու օրինապահ դատավորներից։

Այս ազգի միասնությունը պառակտող ու պետականակործան երևույթներն են անհրաժեշտություն դարձնում «կոնսենսուս մինուս մեկ» նախաձեռնությունը և արագացնում համազգային կոնսոլիդացիայի գեներացիան։ Հայոց զույգ պետությունները աղետի եզրին հասցնելու իրողությունն է էյֆորիայով չվարակված ու կշռադատելու ընդունակ յուրաքանչյուրին ստիպում` պահանջել Փաշինյանի անհապաղ հրաժարականը։

Այլևս անհետաձգելի է «2020-նն առանց Նիկոլի» կարգախոսը կայանքի կոչելու հրամայականը։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ