05 07 2023

«Կարճ ասած»․ Խախտված Սահմանադրության օրը․ ըստ կետերի



 

Հուլիսի 5-ն է, ՀՀ սահմանադրության օրը։ Ոչ աշխատանքային է, տոն։ Կան դրոշներ՝ տեղադրված տարբեր տեղերում, հատկապես կամրջների վրա․ էդ դրոշի ֆոնին մի քաղաքացի էսօր ինքնասպան էր լինում ու դժգոհում էր երկրի վարչապետից։ Համերգ է կարծես լինելու, փողոցներ են փակ։ Ովքե՞ր առաջինը շնորհավորեցին հայ ժողովրդին տոնի առթիվ․ այո, նրանք, ովքեր ամեն օր խախտում են սահմանդարությունը, պետական այդ գլխավոր փաստաթղթի վրա իրենց «ճաշակն են» սրբում։

Սահմանադրության բազմաթիվ հոդվածներ, նորմեր այսօր խախտված են։ Եվ ուրեմն, խախտված է սահմանադրությունը։ Խախտված է գլխավոր նորմերից մեկը՝ կյանքի իրավունքը։ 5 հազար մեր տղերքին տարան զոհվելու ու անգամ անունները չեն հրապարակում։ 15 մեր տղերք զոհվեցին կացարանում հրդեհից ու քննությունը առնվազն կասկածի տեղիք է տալիս։ Սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ զինված ուժերն ապահովում են ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։ Լո՞ւրջ։ Զինված ուժերին հրաման տվեցին հետ գալ դիրքերից ու հարյուրավոր կիլոմետր զիջեցին ու էդ քայլի հեղինակն ասաց՝ էդպես արեցի, որ էսկալացիա չլինի։ Սահմանադրության մեջ գրված է դատական իշխանության անակախության մասին․ օրը մեկ, օր էլ կա՝ 4 անկախ դատավորի հանում են գործից, որովհետև, օրինակ՝ կարծիք են հայտնել։ Պատկերացնու՞մ եք, ի՞նչ է թե կարծիք է հայտնել դատավորը․․․ Սահմանադրության մեջ գրված է ընտանիքի արժեք լինելու մասին․ ընտանիքի գլխավոր արժեքից երկուսին՝ մորն ու իր դեռ չծնված երեխային, տալիս սպանում են, ոչ ավել ոչ պակաս՝ սահմանադրությամբ երկրի ղեկավարի շարասյունը, ու անգամ պատշաճ քննություն չի ընթանում։ Սահմանադրության մեջ գրված է ազատ ընտրելու և ընտրվելու իրավունքի մասին, բայց մարդուն կալանավորում են նրա համար, որովհետև ընտրվել է համայնքապետ՝ լինելով ընդդիմադիր։ Հասել ենք այնտեղ, որ երկրի վարչապետը կասկածի տակ է առնում սահմանադրությամբ հաստատված ՀՀ Զինանշանը, ՀՀ Օրհներգը։ Դրոշին հլը բան չի ասել, բայց մի շտապեք դեռ, էս քաղաքականության արդյունքում կարող ա վաղը ասի՝ սխալ են արել, որ մեր եռագույի մի անկյունում կիսալուսին չկա։

Սա է մեր սահմանադրությունը իրական կյանքում։ Ու սրանք նաև փոխեցին սահմանադրական դատարանի կազմը, իրենց անդամներին բերեցին-լցրեցին, որ ցանկացած խախտում աչքաթող արվի։ Սեդա Սաֆարյան է՞ Սահմանադրությունը պաշտպանելու Նիկոլից, թե՞ էն մեկելը։ Ու երբ Նիկոլը շնորհավորում է իր կողմից փլավքամիչ սարքած սահմանադրությունը, դա նույնն է, կներեք, պատկերավոր ասեմ՝ ոնցոր մանկապիղծը հունիսի 1-ին շնորհավորի մանուկների օրը։

Սահմանադրության մեջ ոչ մի տող չկա այն մասին, որ ԱԺ նախագահն ու նրա մայրը պարտավոր են թքել քաղաքացու վրա, բայց դե թքումա ու շնորհավորում սահմանադրության օրը։

ՀՀ սահմանադրության առաջին հոդվածում գրված է՝ Հայաստանն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Խնդալներդ չեկա՞վ։ Ինքնիշխան պետության ղեկավարը հայտարում է, որ Հայաստանը կադաստրային վայական չունի՞։ Հայաստանում իշխանությունը ժողովրդին է պատկանո՞ւմ, թե՞ փողոցից եկած մի խմբակի։ Թե բա՝ իշխանության ճյուղերը հավասարակշռում են իրար։ Այսօր իշխանական բոլոր ճյուղերում ասողը մեկ հոգի է, որը մեր երկրում աշխատում է ամեն ինչ՝ հավաքարարից մինչև վարչապետ, մեկ տեսնում ես բիչոկ հավաքելուց, մեկ տեսնում ես հայտարարելուց, թե՝ կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի։ Ու սահմանադրության  մեջ գրված է՝ Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։ Ողջամիտ ժամկետում․ ձեր թիմակից Տոնոյանին նստացրել եք, որ Նիկոլին հավասար ստում էր պատերազմի ժամանակ, 10 ամիսը մեկ եք նիստ անում։

Ընդ որում, սահմանադրության հերն անիծողները ամեն օր խոսում են առաջին դրույթից, որում Հայաստանը իբր ժողովրդավարական երկիր է։ Լավ, էսքանից հետո․․․ Էդ ո՞ր ժողովուրդն է ասել Լեռնային Ղարաբաղը ճանաչում ենք Ադրբեջանի կազմում։ Հաստա՞տ հայ ժողովուրդն է․ իսկ կարող ա՞ շփոթել եք, թուրքերն են, օրինակ, այդպես ասել։ Մի հատ ուսումնասիրեք, էլի, էդ ո՞ր ժողովրդի, ժողովրդավար իշխանությունն եք դուք։ Եվ ուրեմն, կամ դուք ժողովրդավար եք, բայց ոչ հայ ժողովրդի կողմից, կամ դուք ժողովրդավար չեք, ուղղակի խաբեբաներ եք, նրանցից՝ էն որ չեն էլ կարմրում։

Հայաստանի 2015 թվականի փոփոխված սահմանադրությունը երբ մտավ ուժի մեջ, մեր խնդիրները շատ ցցուն դարձան։ Ուզեցել էին ստանալ խորհրդարանական մոդել, ստացան՝ միապետություն։ Շատերն էին պնդում, որ սահմանադրական այն փոփոխությունը, որ արվում է, այդ տեսքով, սխալ է։ Հիշում եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որում ասում էր, որ պետք է սահմանադրություն փոխել էն ժամանակ, երբ ուղղակի անհնար է այն չփոխելը։ Հարց էր տալիս՝ ինչո՞վ է սահմանադրությունը խանգարում իշխանությանն անել բարեփոխումներ, համարժեք արձագանքել առաջ եկող մարտահրավերներին, լուծել կենսական խնդիրները: Սահմանադրությունը, ասում էր, պետք է փոխել կատարելագործելու համար և ոչ երբեք՝ իշխանության հավերժության համար։ Ասում էր՝ Սահմանադրության ցանկացած վերաձևում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի` երկրի քաղաքական դեգրադացման նշանն է: Կարո՞ղ եք մանավանդ այսօր՝ 9 տարի առաջ ասած այս գնահատականները ասել սխալ են դուրս եկել։ Երկրորդ նախագահի գնահատականն այն էր, որ չկայացած կուսակցական համակարգում գնալ խորհրդարանական կառավարման համակարգի, սխալ է։ Ի՞նչ է, այդպես չէ՞։ Բայց օրվա իշխանությունը հակադարձում էր, թե՝ կունենանք տարբեր ուժերով, բազմակարծիք խորհրդարան։ Էսօր խորհրդարնում բազմակարխություն է՞։ Չէ։ Կա երեք ուժի կարծիք, բայց մեկինն է անվերապահ անցողիկ․ անգամ սահմանադրական օրենքները կարողանում են միանձնյա ընդունել ու դա ամրագրված է այս Սահմանադրության մեջ։ Իրենք որոշում են՝ ում որտեղ նշանակել ու իրենց թիմի անդամնին, նշանակում են սահմանադրությամբ ամրագրված չեզոք պաշտոններում՝ սկսած Հանրապետության նախագահի պաշտոնից, վերջացրած դատախազով, դատավորով, ԿԸՀ նախագահով։ Սրա ի՞նչն է ժողովրդավար։ Հենց այդ չկայացած կուսակցական համակարգի ամենաչկայացած կուսակցություններից մեկը եկավ իշխանության ու տեսնում ենք ինչ են անում։ Կամ դրա ի՞նչն ա կուսակցություն․ կարող ա՞ այդ բոլոր նշածս պաշտոնյաները, որոնք կառավարության կազմում չեն, իբր անկախ են, չի որոշում մի մարդ․ ի՞նչ է, ՔՊ-ով հավաքվեցին ու որոշեցին ով լինի գլխավոր դատախա՞զ, չէ, չէ՞։

Բան չունեմ ասելու, Սահմանադրության փոփոխության հեղինակները, մտքներով դժվար  անցկացնեյին, որ այսպիսի Հայաստան ենք ունենալու այդ փոփոխություններից 3 տարի անց և 2023 թվականին՝ այսպիսի իշխանություն․ նրանք էս սահմանադրությունը գրելիս ոչ մի վայրկայն չեն էլ մտածել Փաշինյանի մասին, ոչ էլ իր համար էին գրում։ Բայց հարցն էլ այն է, որ պետք էր հաշվի առնել ամեն ինչ, պետք էր սարքել փաստաթուղթ, որ այ էս վիճակը բացառվեր։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյան երևույթը իհարկե, ՀՀ սահմանադրության պատճառով չէ, որ առաջացել է, բայց Նիկոլի իշխանությունը լիուլի օգտվել ու օգտվում է ոչ իրենց համար գրված սահմանադրության բացերից։ Բայց նշեմ, որ Սահմանադրությունը, իր բոլոր բացերով հանդերձ, թույլ չի տալիս անել այն, ինչ անում են։ Այ դրա համար էլ սրանք խախտել են սահմանադրությունը։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ