Ադրբեջանը պնդում է, թե Խաղաղության պայմանագրին խոչընդոտում է ՀՀ Սահմանադրությունը, որը իբրեւ թե տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ի ելույթի ժամանակ:
«Մեր Սահմանադրության մեջ նման բան չկա, չկա տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ: Ասեմ ավելին՝ Ադրբեջանի սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում ՀՀ նկատմամբ եւ սրա մասին էլ կարող ենք գրավոր հիմնավորումներ ներկայացնել հարցով հետաքրքվող մեր բոլոր միջազգային գործընկերներին: Բայց ուշադրություն դարձրեք, մենք Ադրբեջանի Սահմանադրությունը խաղաղության պայմանագրի խոչընդոտ չենք համարում այն պարզ պատճառով, որ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում ունենք ձեւակերպում, որը լուծում է այդ խնդիրը: Այդ ձեւակերպումը հետեւյալն է՝ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրության դրույթները, որպես հիմնավորում սույն համաձայնագրի չկատարման համար»,- հայտարարեց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ պայմանագրի ստորագրումը կհասցեագրի, թե Հայաստանի, թե Ադրբեջանի մտավախությունները և իրավական երաշխիքներ կստեղծի դրանց հիմնարար հասցեագրման համար։
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո պետք է այն ուղարկենք ՍԴ։ Եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, թեպետ մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ, այնուամենայնիվ, այդ ժամանակ կկանգնենք իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար:
Իսկ եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում այն մեր երկրի խորհրդարանում վավերացնելու խոչընդոտ չի լինի և այստեղ է, որ ի հայտ է գալիս մի չափազանց կարևոր հանգամանք: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակայություն ՀՀ ներքին օրենսդրության նկատմամբ, և հետևաբար, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումից ու վավերացումից հետո եթե նույնիսկ լինեն տեսականորեն օրենքներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես տարածքային հավակնություններ, այդ օրենքները ստորադաս կլինեն Հայաստան-Ադրբեջան Խաղաղության պայմանագրին և ինքնաբերաբար չեն ունենա իրավական ուժ: Նույն տրամաբանությունն, իհարկե, կգործի Ադրբեջանի պարագայում»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը