09 01 2023

Շարունակվող պատերազմ․ թողարկում 3․ նահատակ հերոս Նարեկ սարկավագ Պետրոսյանի մասին



44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին ռազմի դաշտում կռվող տղերքի միացան մեր բանակում հոգևոր ծառայություն իրականացնող գնդերեցները և Սփյուռքի թեմերից քահանաներ՝ կամավոր սկզբունքով։ Դեռ երկար կհիշվի  առաջնագիծ գնացող գնդերեցների խմբերգը՝ Հայրենիքի մասին։ Նրանց վարակիչ հայրենասիրությունը, խիզախությունը, նահանջի հրամանից հուսալքված զինվորների հետ գնդերեցների թիկունքային աշխատանքը,  կրակոցների տակ զինծառայողների մկրտության փառահեղ կադրերը ռազմի դաշտում  հավերժացրել է Շողակաթ ՀԸ։

Մեր հոգևորականներն այդ օրերին ահռելի աշխատանք էին տանում Արցախում՝ սկսած թիկունքային ծառայությունից, մինչև առաջնագիծ, զենքով կռվել է գնդերեցը, քահանան, անգամ հետախուզություն կատարած մի հոգևորականի բացառիկ դրվագների մասին են  հետագայում հայտնի դարձել, հայր Մկրտիչի սխրագործությունների մասին։

44-օրյա պատերազմը հազարավոր զիծառայողների ու կամավորների կյանքեր խլեց, ու կիսատ կյանքեր ապրած մեր հերոսների շարքերում  հավերժացան երկու  խիզախ գնդերեցների  մարտական կենսագրություններ։ Եռաբլուրում հանգչում են Նարեկ սարկավագ Պետրոսյանի  և Ռուստամ սարկավագ Պողոսյանի աճյունները։  Նրանք միասին զոհվեցին՝  պատերազմի 31 –րդ օրը՝ հոկտեմբերի 28-ին՝ Մարտունի 3 զորամաս չհասած, թշնամու «բայրաքթարի» հարվածից։

Իսկ երկու հոգևորոկաններ, որոնք թշնամու կրակոցներից վիրավորում էին  ստացել, երկարատև բուժումներից ու վերականգնողական կուրսերից հետո  վերադարձան հոգևոր ծառայության։ Ցավոք, 39-ամյա հայր Մկրտիչն այդպես էլ անհետ կորեց պատերազմի ամենաթեժ մարտերի ժամանակ․ քահանան որոնվում է մինչև այսօր, նրա մասին տեղեկություններ չկան։

Yerevan.Today-ի հեղինակային՝ «Շարունակվող պատերազմ» շարքի տարեվերջի թողարկումը նվիրված է Նարեկ սարավագ Պետրոսյանի վառ հիշատակին։

Նարեկ Սարկավագը  չհասցրեց դառնալ 33 տարեկան։  Նարեկ սարկավագը Շուշիում էր ծնվել, հինգ տարեկանից երկու եղբոր հետ դպրոցին զուգահեռ Հայ Առաքելական եկեղեցու դասերն էր սերտել։ Արցախցի Նարեկ սարկավագի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմում։ Նարեկին ու երկու եղբայրներին մայրը 5 տարեկանից տարել է Շուշիի Սբ Ղազանչեցոց  եկեղեցի, մանուկները ճերմակ շապիկներ են հագել ու ծառայել են Եկեղեցուն։ 

Նոր էր ամուսնացել, չհասցրեց մեծացնել առաջնեկին, ութ ամսական էր դուստրը, երբ, դժբախտաբար, հոր ճակատագիրը կիսեց՝ նա էլ անհայր է մեծանում, բայց նաև Արցախից դուրս՝ Էջմիածնում, մայրիկի՝ Մարիամ Բզնունու ու մեծ ընտանիքի հետ միասին։   

Մեզ չհաջողվեց խոսել Նարեկ Սարկավագին կյանք տված ու տաղանդավոր հայ երիտասարդին միայնակ մեծացրած, դաստիարակած մայրիկի հետ, ասացին՝ վիճակը ծանր է․․․ Մայրն ու եղբայրն այդպես էլ չեն հաշտվել Նարեկի կորստի հետ, վշտից ծանր հիվանդություններ են ձեռք բերել։

Սարկավագի կինը՝ Մարիամ Բզնունին ևս չկարողացավ ուժ գտնել իր մեջ, որ նորից տեսախցիկի առջև հիշի ու իր վերհուշի թելով նորից կենդանացնի, ապրեցնի Նարեկին՝  թերևս չճանաչողների համար։ Ասաց՝ բարդ է նորից խոսել կիսվել ու  վերապրել նրա կորստի դառնությունը։ Ուստի մենք էլ Արցախում ծնված ու Մարտունի 3 զորամասում ծառայությունն անցկացրած, ճակատագրի բերումով նույն մարտական զորամասում զոհված Նարեկ Սարկավագի մասին հիշողությունները՝ որպես  ՊՆ հոգևոր առաջնորդի քարտուղար-օգնականի,  տաղանդավոր մարդու,  նվիրյալ  հոգևորականի կերպարի շուրջ զրույցներն ամբողջացրել ենք մեր տեսանյութում Նարեկ սարկավագի ամենամտերիմ, ամենահարազատ երկու գնդերեցների օգնությամբ՝ Տեր Վաչե քահանա Գյուրջյանի և Տեր Վարզադատ քահանա  Նաջարյանի հուշերով։

Նարեկ սարգավագ Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

«Շարունակվող պատերազմ» հաղորդաշարի առաջին թողարկումը՝ այստեղ։

«Շարունակվող պատերազմ» հաղորդաշարի երկրորդ թողարկումը՝ այստեղ։ 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ