Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.
ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարողական հաշվետվությունն ևս մեկ անգամ փաստում է, որ գործող իշխանությունների կառավարման արդյունավետությունը շատ ցածր է, նրանք ի վիճակ չեն իրականացնել մեր երկրի համար առաջնահերթ և մեծ կարևորություն ունեցող պետական ծրագրեր։ Մասնավորապես՝ օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի և միջոցառումների շրջանակներում պլանավորված էր իրականացնել 165,2 մլրդ դրամի (330 մլն ԱՄՆ դոլարի) աշխատանք, որից 133,7 մլրդ դրամը՝ վարկային միջոցների հաշվին, իսկ 31,5 մլրդ դրամը՝ համաֆինանսավորմամբ։
Փաստացի կատարվել է պլանավորված աշխատանքների ընդամենը 31%-ը։ Միայն ասֆլատապատմամբ երկիր և տնտեսություն չեք կառուցի․ դրա համար մեծ խելք ու ջանք հարկավոր չէ։
2020 թվականին ՀՀ կառավարությունը ձախողել է Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցումը, Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագրի շրջանակներում ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգումը, Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիրը (Տրանշ 3-ը), Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի շրջանակներում ՀՀ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումները, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ տարբեր մարզերում զբոսաշրջության հետ կապված ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված միջոցառումները և այլն, և այլն։
Եթե 2020 թվականին ժամանակին և ամբողջ ծավալով իրականացվեին այս ծրագրերը, ապա Հայաստանի տնտեսությունը -7,6% անկում չէր գրանցի, անկումը չէր շարունակվի նաև 2021 թվականի ընթացքում, տնտեսության վերականգնումն էլ ավելի արագ կլիներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը