Սեւանա լճի ափին շինարարություն է կասեցվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը: նա, մասնավորապես, նշել է. «Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի օգտատեր իր էջում տեղեկատվություն էր տարածել, թե Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի 1֊ին փողոց 83/3 հասցեում՝ Սեւանա լճի ափին գտնվող նորակառույցում շինարարություն է իրականացվում։
Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի օգոստոսի 26֊ին՝ Շրջակա միջավայրի նախարարության «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ֊ի պահպանության բաժնի եւ Սեւանի մասնաճյուղի աշխատակիցներն արձանագրել են, որ սույն շինարարությունն իրականացվել է ազգային պարկի ենթակա տարածքում՝ առանց բնապահպանական փորձաքննության։
Թեեւ տարածքի վարձակալն ունեցել է համայնքի կողմից տրամադրված շինարարության թույլտվություն, սակայն հաշվի առնելով պարտադիր բնապահպանական փորձաքննության անցկացման անհրաժեշտությունը՝ «Սեւան» ազգային պարկը» համապատասխան ծանուցմամբ տեղեկացրել է շինության սեփականատիրոջն առկա անհամապատասխանության մասին։
ՇՄԱԳ փորձաքննության ՀՀ օրենքի 14֊րդ հոդվածի համաձայն՝ ԲՀՊՏ֊ներում իրականացվող ցանկացած գործունեություն ենթակա է ՇՄԱԳ փորձաքննության։ Ելնելով վերոգրյալից, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցուցումով, օրենքով սահմանված կարգով շինարարությունն անհապաղ դադարեցվել է։
Այս պահին վերոհիշյալ հասցեում որեւէ աշխատանք չի իրականացվում։
Համապատասխան արձանագրությունը կցված է հրապարակմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը