2020 թ. հունիսի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 4.5%: Այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
«2020 թ. մայիսին արձանագրվել է 0.1% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը ավելացել է և կազմել 1.2%:
ԿԲ գնահատականների համաձայն Հայաստանում երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության նվազումը կխորանա՝ պայմանավորված ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի գործոններով: Առաջարկի մասով նվազումը պայմանավորված է հատկապես շինարարության ու ծառայությունների ոլորտում արձանագրված անկմամբ, իսկ պահանջարկի տեսանկյունից անկումը կարտահայտվի հիմնականում մասնավոր ծախսումների կրճատմամբ թե՛ սպառման և թե՛ ներդրումների մասով։ Չնայած նախորդ տարվա համեմատ հարկաբյուջետային քաղաքականության խթանող ազդեցությանը, մասնավոր պահանջարկի նվազման ազդեցությունները կգերակշռեն, ինչը մեծապես պայմանավորված է համավարակի հետ կապված անորոշությունների պահպանմամբ:
Հաշվի առնելով արտաքին և ներքին պահանջարկի վերականգնման դանդաղումը, առկա ցածր գնաճային միջավայրը և ձևավորված բարձր անորոշության բացասական ազդեցությունը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելի մեծ քայլով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը գնահատում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում, որի ներքո գնաճը կարճաժամկետ հատվածում կպահպանվի ցածր մակարդակում՝ նպատակին մոտենալով միայն կանխատեսվող հորիզոնի վերջում: Խորհուրդը գտնում է նաև, որ ներկա իրավիճակում դրամավարկային քաղաքականության խթանման հետ մեկտեղ համախառն պահանջարկի վերականգնման համար առանցքային է հարկաբյուջետային ավելի խթանող քաղաքականության իրականացումը:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ ծրագրված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը դեռևս գերակշռում են ներքևի ուղղությամբ՝ պայմանավորված պահանջարկի վերականգնման հնարավոր դանդաղմամբ և անորոշության հավանական պահպանմամբ: Ռիսկերի դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է ըստ անհրաժեշտության ճշգրտել քաղաքականությունը՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը