2023 թ. մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է և ամսվա վերջին կազմել 5.4%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս զգալիորեն նվազել է՝ կազմելով 6.4%:
ԿԲ-ից հայտնում են, որ 2023 թ. առաջին եռամսյակում պահպանվել են համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի դանդաղ տեմպերը: Գնահատվում է, որ ԱՄՆ բանկային համակարգում ձևավորված խնդիրները հիմնականում համակարգային բնույթ չեն կրում և մակրոտնտեսական էական ազդեցություններ չեն ունենա: ՀՀ գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել, սակայն պահպանվող բարձր պահանջարկի և աշխատաշուկայից ածանցվող ճնշումների ազդեցությամբ ընդհանուր գնաճային միջավայրը մնում է բարձր:
Ուստի, գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները: Միջազգային կոշտ ֆինանսական պայմանները նպաստում են ապրանքահումքային շուկաներում գների նվազմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ:
2023թ-ի սկզբին ՀՀ տնտեսությունում պահպանվել է բարձր ակտիվությունը, որին նպաստել է ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրված բարձր աճը: Կապիտալի և աշխատուժի շարունակվող մեծ ներհոսքի, զբոսաշրջության զգալի ակտիվացման և ՀՀ տնտեսությունում եկամուտների ավելացման պայմաններում համախառն պահանջարկը մնում է բարձր: Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում 12-ամսյա գնաճը ՀՀ-ում նվազում է: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկը և գնաճային սպասումները դեռևս շարունակում են նպաստել աշխատավարձերի և առանձին ապրանքախմբերում ու ծառայություններում բարձր գնաճի պահպանմանը:
ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ: Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն արագորեն կնվազի, առաջիկայում կձևավորվի նպատակային ցուցանիշից ցածր և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը