168.am-ը գրում է․ Կենտրոնական բանկի արտաքին պահուստները վերջին երկու ամիսներին կտրուկ նվազել են։ Եթե օգոստոսին դրանք անցնում էին 4 մլրդ 219 մլն դոլարից, ապա հոկտեմբերի վերջին կազմել են 3 մլրդ 812 մլն դոլար։
Երկու ամսում ԿԲ արտաքին պահուստները կրճատվել են ավելի քան 406 մլն դոլարով. շուրջ 252 միլիոնով՝ սեպտեմբերին, և154 միլիոնով՝ հոկտեմբերին։
Ավելի շատ են կրճատվել զուտ արտարժույթով արտահայտված պահուստները։
Օգոստոսին ԿԲ-ն 4 մլրդ 217 մլն դոլարի արտարժույթ ուներ։ Արդեն հոկտեմբերի վերջին այն կազմել է 3 մլրդ 761 մլն դոլար։
ԿԲ զուտ արտարժութային պահուստները երկու ամսում նվազել են 456 մլն դոլարով։
Ո՞ւր են գնացել այս գումարները։
Այս հարցի պաշտոնական պատասխանը չկա, բայց ենթադրվում է, որ այդ գումարների մի զգալի մասն ուղղվել է արժութային շուկայում բոլորովին վերջերս արձանագրված դրամի կտրուկ արժեզրկումը կասեցնելուն։
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին դրամը կտրուկ ցնցվեց։ Տևական ժամանակ արժևորվելուց հետո՝ այն սկսեց թուլանալ՝ կապված հիմնականում ձևավորված բացասական սպասումների հետ։ Այդ սպասումների հետևանքով էլ դրամն արժեզրկվեց։
Շուկայում սկսված անկայունությունը հանգեցրեց տարադրամի պահանջարկի ավելացման։ Դոլարի գինը մի պահ հասավ ընդհուպ 460 դրամի։
Իրավիճակը հանդարտվեց միայն Կենտրոնական բանկի միջամտությունից հետո։
Իրականացվեց տարադրամային ինտերվենցիա, ինչից հետո դոլարի գինը հաստատվեց 400 դրամի սահմաններում։
Հետագայում ևս շուկայում տատանումներ արձանագրվեցին՝ տարադրամի պահանջարկի ավելացման տեսքով, բայց դրանք կարճ տևեցին։
Ինչքա՞ն գումար է Կենտրոնական բանկը ծախսել այդ օրերին արժութային շուկայում դրսևորված անկայունությունը հարթելու և ի հայտ եկած բացասական սպասումները չեզոքացնելու համար, հայտնի չի։ Սակայն, դատելով ԿԲ արտաքին պահուստների կտրուկ կրճատումից, ենթադրվում է, որ այն քիչ տարադրամային միջոցներ չի խլել։ Թեև դժվար է կարծել, որ փոխարժեքի շուկայի կայունացումը ԿԲ-ի վրա նստել է 406 մլն դոլար։ Այնքան, որքան եղել է պահուստների կրճատումը։
Ենթադրվում է, որ պահուստների մի մասն էլ գնացել է արտաքին պարտքի սպասարկմանը։ Մասնավորապես՝ եվրոպարտատոմսերի չնախատեսված հետգնմանը։
Սեպտեմբերին ժամկետից շուտ 180 մլն դոլարի հետգնում է իրականացվել։
Վերջին երկու ամիսների «կորուստներից» հետո, Կենտրոնական բանկի արտաքին տարադրամային պահուստներն այլևս ավելի քիչ են, քան անցած տարվա վերջին։
Այս տարվա 10 ամիսներին ունենք պահուստների կրճատում։ Նախորդ տարվա վերջին դրանք անցնում էին 4,1 մլրդ դոլարը։ Այս տարվա հոկտեմբերին կամ նոյեմբերի սկզբի դրությամբ կազմել են 3,8 միլիարդ։
Տարվա ընթացքում ԿԲ արտաքին պահուստները հասցրել են կրճատվել 299 մլն դոլարով։ Թեև թվում է, թե արժութային շուկայում առկա տարադրամային ավելցուկի պայմաններում հակառակը պիտի լիներ։
Հայտնի է, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, առնվազն՝ տարվա առաջին կեսին, Հայաստանի ֆինանսական շուկան գտնվում էր դրսից ստացվող տարադրամային հոսքերի ուժեղ ճնշման տակ։ Դա հնարավորություն էր Կենտրոնական բանկի համար տարադրամային միջոցներ կուտակել, միաժամանակ թույլ չտալ դրամի չափից ավելի մեծ արժևորում։ Բայց, ինչպես տեսնում ենք, առնվազն 10 ամիսների կտրվածքով ԿԲ տարադրամային պահուստները կրճատվել են։ Առաջին խոշոր կրճատումն արձանագրվեց հունվարին, երբ պահուստները միանգամից պակասեցին 422 մլն դոլարով։ Հաջորդող շրջանում դրանք վերականգնվեցին, սակայն սեպտեմբեր-հոկտեմբերին ոչ պակաս ակտիվությամբ կրկին կրճատվեցին և հիմա շատ քիչ են գերազանցում 3,8 մլրդ դոլարը։
Չնայած այդ ցուցանիշով ԿԲ պահուստներն ավելի են նախորդ տարվա նույն ամսվա մակարդակից, այնուհանդերձ տարբերությունն այլևս մեծ չէ՝ ընդամենը 179 մլն դոլար։
Հիշեցնենք, որ անցած տարի Կենտրոնական բանկի արտաքին պահուստներն ավելացան գրեթե 882 մլն դոլարով։ Այդքանից հետո դրամն էապես արժևորվեց։
Այս տարի, ինչպես տեսնում ենք, իրավիճակը փոխվել է։ Ոչ միայն նախկինի նման ակտիվ չեն ավելացել ԿԲ արտաքին պահուստները, այլև դադարել է դրամի հետագա ամրապնդումը։ Ավելին՝ այն որոշ չափով արժեզրկվել է շուկայի հիմնական արժույթների նկատմամբ։ Մի բան, ինչը պայմանավորված է առաջին հերթին դրսից ստացվող տարադրամային հոսքերի թուլացմամբ։
Տարվա երկրորդ կեսին դրանք նույնքան ակտիվությամբ կրճատվել են՝ մեծացնելով ճնշումը փոխարժեքի շուկայում ու դրամի թուլացման ուղղությամբ։
Սպասվում է, որ հաջորդ տարի այդ միտումը կշարունակի խորանալ՝ հանգեցնելով ազգային արժույթի հետագա արժեզրկման։
Տարադրամային հոսքերի ակտիվությունը դրսից աստիճանաբար թուլանում է, և դա տեսնում ենք՝ ինչպես տնտեսության մեջ, փոխարժեքի շուկայում, այնպես էլ՝ Կենտրոնական բանկի պահուստների վրա։ Չի բացառվում անգամ, որ տարեվերջին ԿԲ արտաքին պահուստները նույնիսկ ավելի քիչ լինեն, քան անցած տարվա վերջին էին։
Ավարտին է մոտենում այն «ոսկե դարաշրջանը», երբ տարբեր ուղղություններով ֆինանսական մեծ հոսքեր ու ահռելի միջոցներ եկան Հայաստան՝ իշխանությունների գործունեությունից անկախ պատճառներով, դառնալով այն բարձր տնտեսական աճերի, հարկային եկամուտների ու բանկային շահույթների հիմքը, որոնք արձանագրվեցին անցած ու այս տարվա առաջին կեսին։ Վերջին շրջանում դրանք դադարել են այլևս նախկին ակտիվությունը ցուցաբերել, որքան էլ առայժմ շարունակում են գտնվել շատ ավելի բարձր դիրքում, քան կային մինչև վերջին մեկուկես տարվա ակտիվացումը։ Դա արդեն տեսանելի է գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նաև Կենտրոնական բանկի արտաքին պահուստներում։
ԿԲ պահուստներն այս տարվա 10 ամիսներին 299 մլն դոլարով նվազել են, մինչդեռ անցած տարվա նույն ժամկետում 403 միլիոնով ավելացել էին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը