ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա հայտարարությանն այն մասին, որ բնակիչները պետք է ապրիլի 22-ից վճարեն գազի և էլեկտրաէներգիայի դիմաց:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Երեկ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ֆորս մաժորը վերացել է, և բնակիչ-բաժանորդները ապրիլի 22-ից պետք է վճարեն իրենց սպառած էլէկետրաէներգիայի և բնական գազի համար, հակառակ դեպքում՝ կլինեն անջատումներ։
Նախևառաջ արձանագրեմ, որ ՀԾԿՀ որևէ լիազորություն չունի գնահատելու իրավիճակը ֆորս մաժորային է, թե՞ ոչ։ Ֆորս մաժորային իրավիճակը սահմանվում է որպես անհաղթահարելի ուժ, որի դեպքում՝ կողմերը՝ էլեկտրամատակարար կամ գազամատակարար ընկերություննները և բնակիչ-բաժանորդները, ազատվում են պատասխանատվությունից մատակարարման պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար։ Ֆորս մաժորի կամ անհաղթահարելի ուժի առկայությունը կարող է գնահատել միայն դատարանը։
Հիմք ընդունելով ֆորս մաժորը՝ բնակիչ-բաժանորդները կարող են չկատարել իրենց պայմանագրով ստանձնած պարտավորությունը, այսինքն՝ չվճարել իրենց սպառած էլեկտորաէներգիայի և բնական գազի համար, բայց «Գազպրոմ»-ը և «ՀԷՑ»-ը, նույն պատճառաբանությամբ, իրավունք ունեն հրաժարվել կատարել իրենց մատակարարումները։ Հետևաբար, կոչ եմ անում ձեռնապահ մնալ պոպուլիստական հայտարարություններից՝ առանց այն էլ սոցիալական խնդիրներ ունեցող բնակչությանը զուր հույսեր չտալու համար։
Միաժամանակ, առաջարկում եմ ՀՀ կառավարությանը և ՀԾԿՀ-ին բանակցություններ սկսել «Գազպրոմ»-ի և «ՀԷՑ»-ի հետ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և օրինակելի պայմանագրերի հիման վրա բնակիչ-բաժանորդներին հնարավորություն տալ տարաժամկետ վճարել վերջին ամիսների ընթացքում իրենց սպառած էլեկտրաէնեգիայի և բնական գազի համար, այսինքն՝ բնակիչ-բաժանորդների հետ կատարել փոխադարձ հաշվարկներ, արձանագրել պարտքը և այդ պարտքի մարման համար 3-6 ամիս ժամանակացույց սահմանել։ Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ գազամատակարարման և էլեկտրամատակարարման համակարգերի կայունությունը և անվտանգությունը մեր տնտեսության հիմնասյուններից են»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը