08 06 2024

Մեղավոր են նախկինները, Կրեմլը, գազը, բենզինը, այլմոլորակայինները, ով ասես․ «Փաստ»

Մեղավոր են նախկինները, Կրեմլը, գազը, բենզինը, այլմոլորակայինները, ով ասես․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում անշեղորեն հաջողվող եզակի բաներից մեկն էլ պետական կառավարման համակարգի գրեթե բոլոր օղակներում շիլաշփոթ ստեղծելն է: Հետևանքը՝ համակարգային շփոթ: Խոսակցական բառուբանով ասած՝ «բարդակ»: Քիչ հույսեր կան, որ քննությունը կպարզի, թե նախօրեին գազաբենզալցակայանի պայթյունի հետ կապված ինչն ինչոց է, բայց հուսանք՝ կպարզի: Մինչ այդ ուշադրություն գրավեց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հայտարարությունը, թե՝ «Գազ օիլ» ընկերության այդ լցակայանը օրենքի հետ կապված խնդիրներ է ունեցել ու, իր կարծիքով, այն ենթակա էր փակման: Դրան հետևեց «Գազ օիլ» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆայել Այվազյանի հակադարձ հայտարարությունը, որ իրենց մոտ օրենքի հետ կապված, ինչպես ասում են, «բոլոր թուղթութանաքները տեղում են», որոնք ինքը կներկայացնի:

Նա, ընդհանրապես, կարծում է, որ տեղի ունեցածը պատվեր է, օբյեկտը պայթեցված է: Բայց սրանք իրավապահների պարզելիքն են: Ոչ պակաս էական է պետական կառավարման համակարգի խնդիրը: Ի վերջո, ի՞նչ է նշանակում՝ լցակայանը ենթակա էր փակման: Եթե իսկապես ենթակա էր, ապա ինչո՞ւ փակված չէր: Եթե մարզպետն իրավացի է, ու կայանը գործել է, ապա պարզ է, չէ՞, որ պատասխանատվությունը նաև նրանց վրա է, ովքեր վերահսկողություն պիտի իրականացնեին դյուրավառ նյութերի իրացմամբ, վառելիքի լիցքավորմամբ զբաղվող ընկերության նկատմամբ: Այդ դեպքում, այն էլ՝ կատարվածից հետո, նման հայտարարության իմաստը ո՞րն է: Ախ, հա՜, չէ՞ որ Հայաստանում քպական իշխանություն է, ու հետևաբար՝ ինչ էլ լինի, իրենք մեղավոր չեն: Մեղավոր են նախկինները, Կրեմլը, գազը, բենզինը, այլմոլորակայինները, ով ասես: Փաշինյանի ու նրա ենթակաների կարգախոսն անփոփոխ է. «Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ մեղավոր չենք ճանաչում»:

Բայց այս դեպքում մեղքը պատկան կառույցների վրայից գցելը հակառակ արդյունքը տվեց: Լավ, եթե ստուգել են, եթե կասեցման ենթակա էր, այդ դեպքում ինչպե՞ս են թույլատրել գործունեությունը: Եթե թույլատրել են, ապա պիտի որ ամեն ինչ համապատասխանե՞ր շահագործման պահանջներին: Եթե համապատասխանել է, ապա ինչպե՞ս տեղի ունեցավ պայթյունը, հրդեհը, նման ծանր հետևանքներով: Պարզ է մի բան. երբ կառավարման համակարգում շփոթ է, նման դժբախտություններն ու աղետներն անխուսափելի են, լինի դա «Սուրմալուի» պայթյունը, գազալցակայանի պայթյունը և այդպես շարունակ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ