14 10 2024

Որտե՞ղ է ձեր արտահանած էլեկտրաէներգիան․ 168.am

Որտե՞ղ է ձեր արտահանած էլեկտրաէներգիան․ 168.am

168.am-ը գրում է․ Երկու տարի առաջ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը ոգևորված հայտարարում էր, թե` տեսեք-տեսեք, Հայաստանը 2022թ. ավելի շատ էլեկտրաէներգիա է արտահանել հարևան Վրաստան, քան նախորդ 10 տարում։ Եվ դա հնարավոր է դարձել էլեկտրաէներգետիկական շուկան ազատականացնելու, արտահանման ընթացակարգերը պարզեցնելու շնորհիվ։

«Դա հիմնականում կապված է շուկայի ազատականացման հետ, որը սկսվել է անցած տարի։ Պարզեցումը տարածվել է նաև արտահանման վրա։ Նախկինում թույլտվություն ստանալը շատ դժվար էր։ Անհրաժեշտ էր թղթեր հավաքել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորից», «Էլեկտրաէներգետիկական համակարգի հաշվարկային կենտրոնից», «Հայաստանի բարձրավոլտ ցանցերից», ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, որն էլ կարգավորում է շուկան»,- ասում էր Հակոբ Վարդանյանը։

Ու մինչ էլեկտրաէներգիա արտահանել ցանկացողները ստանում էին այդ բոլոր թույլտվությունները, վրացական շուկայում հնարավորությունների պատուհանն օրեցօր ավելի ու ավելի էր նեղանում։

Թույլտվությունների կարգը պարզեցնելուց հետո, ցանկացած արտահանող՝ լինի դա էլեկտրակայան թե դրա դիստրիբյուտոր, եթե ունի ազատ էլեկտրաէներգիա, որը չի պարտավորվել մատակարարել տեղական շուկային, կարող է պարզապես հայտ ներկայացնել՝ կցելով արտահանման պայմանագիրը։ Դրանից հետո օպերատորն արդեն ավտոմատ կերպով հրահանգում է բարձրավոլտ ցանցին դուրս թողնել էլեկտրաէներգիայի հայտարարված ծավալը։

Վրաստան արտահանված էլեկտրաէներգիայի ծավալների ավելացումն այսպես էր հիմնավորում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխանախարարը։ Այս հիմնավորումից բխում էր, որ հաջորդող տարիներին արտահանման ծավալներն ավելի շատ պիտի լինեին։ Բայց արի ու տես, որ այդպես չէ։

Եթե անցած տարվա առաջին կեսին վրացական շուկա էլեկտրաէներգիայի դեռ որոշ քանակություն արտահանվել էր, այս տարի դա էլ չկա։

Անցած տարվա առաջին վեց ամիսներին արտահանումը նվազեց ավելի քան 35 տոկոսով։ Արդեն այս տարի Հայաստանից Վրաստան ընդհանրապես էլեկտրաէներգիա չի արտահանվել. արտահանվել է 0 կիլովատտ հոսանք։

Հարց է առաջանում, բա ո՞ւր մնաց շուկայի ազատականացումը, ի՞նչ եղան ձեր պարզեցրած ընթացակարգերը, ինչո՞ւ է դադարել արտահանումը։

Վրացական շուկա հայկական էլեկտրաէներգիան արտահանելու փոխարեն՝ Վրաստանից են էլեկտրաէներգիա ներմուծել. վեց ամսում՝ գրեթե 90 մլն կիլովատտ։

Անցած տարվա նույն ժամանակահատվածում 72 միլիոն էր։ Այս տարի գրեթե 18 միլիոնով ավելացել է վրացական էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանը։

Թե ո՞րն է սրա պատճառը, դժվար չէ հասկանալ։ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը բարձր է, թանկ է, մրցունակ չէ։

Մինչդեռ  նախկին իշխանությունների ժամանակ Վրաստանն էր էլեկտրաէներգիա գնում Հայաստանից։ Դրա դիմաց տարիներ առաջ նույնիսկ բավական պարտքեր էին կուտակվել, որոնք հետո ձևակերպվեցին՝ որպես պետական պարտք։ Արդյունքում՝ այսօր Վրաստանն այն միակ երկիրն է, որը պարտք ունի Հայաստանին՝ առաջացած մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց։

Նախկին իշխանությունների ժամանակ գրեթե միշտ էլ Հայաստանից էլեկտրաէներգիա առաքվել է Վրաստան։

Այս տարի առաքումները դադարել են։ Դադարել են նույնիսկ այն բանից հետո, երբ շուկան ազատականացնելուց ու արտահանման ընթացակարգերը պարզեցնելուց հետո, թվում էր, թե հակառակը պիտի լիներ։ Երկու տարի առաջ հպարտանում էին, թե Վրաստան աննախադեպ քանակության էլեկտրաէներգիա են արտահանել, նույնիսկ ավելի շատ, քան նախորդ 10 տարիներին։ Դրա մասին ոչ միայն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխանախարարը, այլև Նիկոլ Փաշինյանն էր խոսում Ազգային ժողովի ամբիոնից։

«Նախորդ տարի Հայաստանից Վրաստան ավելի շատ էլեկտրաէներգիա է արտահանվել, քան նախորդ տասը տարիներին՝ միասին վերցրած»,- Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ 2023թ. հունվարին ասում էր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այժմ երկու երկրների կառավարությունները կենտրոնացած են 2023թ. ցուցանիշների աճի վրա՝ «բարձր աճերը մի պրոբլեմ ունեն՝ նրանց պետք է շարունակել»։

Թե այս հայտարարությունից հետո որքանո՞վ են շարունակվել բարձր աճերը, դժվար չէ համոզվել։

Պաշտոնական տվյալներով, 2022թ. Հայաստանից Վրաստան էր արտահանվել 365 մլն կիլովատտ էլեկտրաէներգիա։ Անցած ամբողջ տարվա ընթացքում արտահանվեց 144,7 մլն կիլովատտ, այն էլ՝ բացառապես տարվա առաջին կեսին։ Նվազեց 2,5 անգամ։ Այս տարվա առաջին կեսին ընդհանրապես չի արտահանվել։

Ահա այսպես է կառավարությանը «հաջողվել» պահպանել էլեկտրաէներգիայի արտահանման աճի տեմպերը Վրաստան։ Տեմպերը ոչ միայն չեն պահպանվել, այլև զրոյացել են։

Այսպես էլ հայտարարում են այլ շուկաներ դուրս գալու մասին։ Օրերս Երևանում կայացած ԵԱՏՄ հանձնաժողովի նիստի ժամանակ նույն Հակոբ Վարդանյանը խոսում էր այն մասին, որ Հայաստանն ունի այնքան հզորություններ, որ կարող է լրացուցիչ 7 մլրդ կիլովատտ հոսանք արտադրել ու արտահանել։

Նույնիսկ, եթե մյուս բոլոր խնդիրները մի կողմ թողնենք, միևնույն է՝ դա անհնարին է։ Անհնարին է զուտ այն պատճառով, որ չկան ենթակառուցվածքներ, որոնք վաղուց պիտի ստեղծված լինեին։ Խոսքը, մասնավորապես, Հայաստան-Վրաստան նոր գծի կառուցման մասին է, որը պիտի ապահովեր լրացուցիչ հզորություններ։ Դրանով թողունակությունը Վրաստանի հետ այսօրվա 200 մեգավատտից առաջին փուլում պիտի հասներ 350 մեգավատտի, իսկ ծրագրի ավարտին՝ 1050 մեգավատտի։

Այս ծրագրի վրա աշխատանքները դադարեցին այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանության եկան մարդիկ, ովքեր, ինչպես շատ ու շատ բաներից, սրանից էլ գաղափար չունեին։

Ծրագիրը, 6 տարի է՝ տեղից չի շարժվում։ Նույնիսկ նորմալ մրցույթ չեն կարողանում կազմակերպել, որպեսզի շինարարական ընկերություն ընտրեն։ Լավագույն դեպքում, դա կարող է լինել հաջորդ տարի։ Դրանից հետո էլ, դեռ հարց է, թե ինչքան ժամանակ անհրաժեշտ կլինի շինարարության փուլ մտնելու ու ընդհանրապես այդ գծի կառուցումն ավարտելու համար։ 6 տարուց ավելի է՝ Իրան-Հայաստան երրորդ գծի վրա են, դեռ աշխատանքների 80 տոկոսն են արել։ Այնինչ՝ արդյունք ստանալու համար այս գծերը զուգահեռ պիտի կառուցվեին։ Ավելին՝ վաղուց պիտի կառուցված-ավարտված լինեին։ Ամբողջությամբ ձախողել են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ